Արեւմուտքի վերջնագիրը եւ մենք

Արեւմուտքի վերջնագիրը եւ մենք

Արեւմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխան համատեղ հայտարարությունը տարածվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի եւ Ալբանիայի կողմից, գրում է vedomosti.ru-ն: «Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը եւ չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախության ճանաչումը»,- ասված է հայտարարության մեջ:

Պե՞տք է, արդյոք, մեծ քաղաքագետ լինել՝ հասկանալու համար, թե ինչ արհավիրք է մոտենում Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին, թե ինչպիսի նոր մարտահրավերներ են ծառանում մեր առջեւ: Ուշադիր կարդացեք համատեղ հայտարարություն արած երկրների ցանկը եւ կտեսնեք, թե ինչ հաշվարկներով է այն կազմված: Նշված բոլոր երկրներն էլ, բացառությամբ թերեւս Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի, ամենասերտ դաշնակիցներն են: Կարծում ենք՝ այս ցանկը կամբողջականանա մոտ ապագայում, եւ այնտեղ մենք կտեսնենք նաեւ Թուրքիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Ադրբեջանի անունները: Ավելին՝ մեր կարծիքով, արդեն այսօր թրքահոտ Ալբանիայի դեմքով հանդես է գալիս միանգամից երկու պետություն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնց առաջնահերթ խնդիրը Արցախից եւ ՀՀ տարածքից ռուսական խաղաղապահ զորքերի դուրսբերումն է:

Ուշագրավ է նաեւ համատեղ հայտարարության ոճը՝ ո՛չ բանակցությունների առաջարկ, ո՛չ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անվտանգության երաշխիքների քննարկում: Փոխարենը կարդում ենք մի վերջնագիր՝ ներկայացված միջուկային գերտերությանը. «Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը եւ չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախության ճանաչումը»:

Եվ էլի մի հետաքրքիր նկատառում: Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի կազմի մեջ են մտել գրեթե այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը՝ Ադրբեջանի: Այստեղից կարելի է հետեւեցնել, որ ինչպես Աբխազիային եւ Հարավային Օսիային, այնպես էլ Արցախին ինքնորոշում եւ անկախացում, որպես միջազգային անքակտելի իրավունք, տրված չէ: Ըստ էության, հենց սա են ասել հայտարարությունը ստորագրած երկրները:
Խնդրո առարկա հայտարարությունը նաեւ հստակ նշան է մոտեցող պատերազմի:

Սա կովկասյան տարածաշրջանում ամերիկյան ռազմական կոալիցիայի կամ բլոկի ձեւավորման առաջին նախանշանն է: Դա են ընդգծում նաեւ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ զորավարժությունները, որոնք առաջինը չլինելով հանդերձ, «կոալիցիայի» հայտարարության ֆոնին, այնուամենայնիվ, առանձնանում են այդ պետությունների մասնակցությամբ մինչ այս տեղի ունեցած ռազմավարական- դաշնակցային նմանատիպ միջոցառումներից:

Մոսկվան հրաշալի է գիտակցում, թե ինչ է կատարվում աֆղանա-տաջիկական սահմանից մինչեւ հայ-թուրքական սահման ընկած այս հսկայական ճակատում: Նրան, իհարկե, ՆԱՏՕ-ի, ամերիկյան եւ ֆրանսիական զինված ուժերի հետ դիմորոշ առճակատում չի սպասվում: Այդ «կեղտոտ» գործում ներգրավվելու են թալիբները Աֆղանստանում, իսկ Թուրքիայում պատրաստված ահաբեկիչները՝ Հարավային Կովկասում: Առավել հավանական է սիրիական նոր եւ ավելի խոշոր մասշտաբների սցենար, որ իրագործվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ձեռքով՝ Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Նոր պատերազմում գլխավոր դերակատար կդառնա Թուրքիան, որ իր արեւմտյան գործընկերների առաջ կպարտավորվի ձեռքի հետ էլ թեժ պահել Ուկրաինայի եւ Ղրիմի հարցը:

Ի՞նչ կարող է հակադրել այս ամենին Ռուսաստանը, որ հարկ եղած ձեւով չարձագանքեց ո՛չ 2018թ. հայկական «հեղափոխությանը», ո՛չ այդ հեղափոխության արդյունքում իշխանության եկած սորոսական էմիսարների կողմից հարավկովկասյան անվտանգության համակարգերի, այդ թվում եւ ՀԱՊԿ-ի փլուզման նախաձեռնություններին, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գերակշիռ մասի օկուպացիայից հետո: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը (ՄԱԿ անդամ երկիր) եւ Արցախի Հանրապետությունը (չճանաչված պետություն) հենց այն պատվարներն էին, որոնք մինչ այս բացառապես դրական ազդեցություն ունեին՝ որպես այս տարածաշրջանում խաղաղության պահպանման ֆակտոր:

Ռուսաստանին այսօր մնում է կենտրոնացնել ուժերը եւ վերջնականապես փակել Ադրբեջանի ահագնացող զավթողական ախորժակը, որին հագուրդ տալու համար էլ ոտքի են կանգնել Մեծ Բրիտանիան եւ այն երկրները, որոնց համար կենաց-մահու նշանակություն ունեն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Միջին Ասիայի հարստությունները, որոնք կարող են Արեւմուտք հասցվել իրենց կաղմից միլիարդավոր ներդրումներով կառուցված խողովակաշարերով՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով: Պարզապես հիմա Ալիեւին, որ շուտ-շուտ հայտարարում է, թե Արցախի հարցը լուծված է, պետք է բռնել ճիշտ տեղից: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Հայաստանի սահմանները հատող ադրբեջանցի զինյալներին «ոչնչացնել տեղում», կարծում ենք՝ առաջին եւ ամենաճիշտ քայլն էր Ալիեւին եւ Ադրբեջանին հարավկովկասյան պրոցեսներից կրկին մեկուսացնելու ուղղությամբ:

Հասկանալի է, որ այդ հայտարարության ոգին Նիկոլ Փաշինյանը չէ եւ ոչ էլ բոլոր ուղղություններով կապիտուլացված նրա կառավարությունը: Հենց սա է անհանգստացնում մեզ այսօր: Ռուսաստանը որքան էլ զորք կուտակի հայ-ադրբեջանական սահմանների մոտ, միեւնույն է, Հայաստանում ստիպված է լինելու գործել Հայաստանի իշխանությունների անունից: Վստահելի՞ է Փաշինյանի իշխանությունն այս իմաստով: Չգիտեմ: Ես սկսել եմ խղճալ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ վազվզող այդ «չագուճով» տղային, որ միանգամից երկու կրակի արանքում է հայտնվել: Մոսկվայից նրան մեղադրում են «Ռուսական կայսրության» հողերը «ռազբազարիտ» անելու, իսկ Արեւմուտքից՝ «44-օրյա փայլուն պատերազմն» իր տրամաբանական ավարտին հասցնել չկարողանալու մեջ:

ՀԳ․ Իսկ եթե Փաշինյանին ձայն տված 670 հազար ՀՀ հպարտ քաղաքացիներին հետաքրքրում է հարցը, թե ինչ պետք է անել այս ծանր իրավիճակում, ապա ասեմ՝ վերցրեք Փաշինյանին ու արտագաղթեք: Նշեմ նաեւ հասցեն՝ Ռուսաստան, որտեղ ապաստանում են «ազգային խայտառակություն» համարվող հետխորհրդային շատ ղեկավարներ: Իսկ Հայաստանում մնալու դեպքում Նիկոլին կխփեն: Կխփեն որպես մի Սադամ Հուսեյն կամ Մոհամար Քադաֆի, որոնց Արեւմուտքը սատարել է ժամանակին, բայց որոնք ինչ-որ պահի թքել են Արեւմուտքի վրա ու անցել սեփական ժողովրդի կողմը: