ՏԻՄ ընտրությունները կրկի՞ն կհետաձգվեն

ՏԻՄ ընտրությունները կրկի՞ն կհետաձգվեն

Հոկտեմբերի 17-ից մինչեւ նոյեմբերի 14-ը սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամկետը կրկին երկարաձգվելու է: Այս մասին մեզ հայտնի դարձավ իմքայլական շրջանակից: Ըստ աղբյուրի, այդ շրջանակում ակտիվորեն քննարկվում է ընտրությունների հետաձգման նոր տարբերակ՝ կապված մի շարք համայնքների խոշորացման հետ: 

Հետաձգումն անհրաժեշտ է քաղաքական նկատառումներով՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որ հին համայնքապետերի պաշտոնավարման ժամկետն ավարտվի, նրանց փոխարեն նշանակվեն ԺՊ-ներ, եւ դրանից հետո նոր ընտրություններ նշանակեն, որ ԺՊ-ները լիարժեք տիրապետեն վարչական լծակներին, եւ իշխանության քիմքին հաճո համայնքապետեր ընտրվեն: 
Ինչպես հայտնի է, նախկին ՏԻՄ ընտրությունները՝ 2016 թվականի, նշանակված էին սեպտեմբերի 2-ին: 

Այն ժամանակ դրանք անցկացվեցին մոտ 800 համայնքներում: Այս անգամ՝ արդեն խոշորացման պայմաններում, 150 համայնքներում ղեկավարներ կընտրեն: 

Ընտրությունները նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը, սակայն պատճառաբանեցին, թե նորընտիր ԱԺ ունենք, որտեղ առնվազն 2 խմբակցություն նոր է, այդ նոր խմբակցությունները պետք է նշանակեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ, իսկ նրանք պետք է հասցնեն վերապատրաստվել, ուստի ժամկետները երկարացվում են: ԿԸՀ-ն սահմանեց ՏԻՄ նոր ժամանակացույց՝ հոկտեմբերի 17-ը եւ նոյեմբերի 14-ը: 
Սակայն, մեր տեղեկություններով, շուտով կառավարությունը նոր ժամկետի մասին է հայտարարելու՝ նոյեմբեր-դեկտեմբեր: Ստույգ ամսաթվերը հայտնի չեն: «Ընտրությունը հետաձգվելու է, բոլոր տեղերում նշանակվելու են ԺՊ-ներ, որոնք կլինեն իշխանական, եւ այս ԺՊ-ներով արդեն կգնան ընտրության: Արդեն տեղերում «տասովկեքը» սկսվել են»,- հայտնեց մեր աղբյուրը: 

Ո՛չ վարչապետի մամուլի գրասենյակից, ո՛չ ԿԸՀ-ից տեղեկությունը ճշտել չհաջողվեց: Մեր զանգերին չպատասխանեցին: Առհասարակ՝ իշխանության մարմիններից որեւէ տեղեկատվություն ճշտելը դարձել է անհնարին։