Նույնիսկ Ալիևն է զարմացել․․․

Նույնիսկ Ալիևն է զարմացել․․․

Արդեն սովորել ենք, որ ՀՀ կառավարությունում գաղտնի հարցերի քողի տակ հանրությանը չի տրամադրվում տեղեկատվություն, որով նա կարողանա հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում։ Հասկանալ, որ Հայաստանում իրավիճակն ավելի լուրջ է, քան Արցախում։ Մի քանի օր առաջ էի գրել, որ  Արցախից զրուցակիցս, ով լուրջ քաղաքական գործիչ է, ասում էր՝ Հայաստանն ավելի՜ սոսկալի վիճակում է, քան Արցախը, տարբերությունն այն է, որ դուք չեք զգում։ 
Ազգովի Նիկոլ Փաշինյանի թակարդում ենք։ Ինքը որսորդի նման լավ տիրապետում է այն գործիքին, որով բռնում է որսին։ Գիտի, թե իր զոհը ինչ է սիրում ու այդ թեման է շրջանառության մեջ դնում ու հեռվից հետևում, թե իր զոհն ինչպիսի անհագությամբ նայում իր խայծին, որ անցկացնում է կարթի վրա։

Եթե դուք սթափ հետևեք Փաշինյանի ցանկացած հայտարարության, օրակարգ նետված ցանկացած թեմայի՝ սկսած նախկիններից մինչև Ռուսաստանը, կհասկանաք, որ նա կարթի վրա ամրացնում է ձեր ճաշակին համապատասխան թեմա։ Միայն մի դասական օրինակ բերեմ։ Նախկիններին այդքան արատավորելու, սևացնելու իմաստը ո՞րն էր։  Ինքը լավ գիտեր, որ ձեր ճաշակին համապատասխան թեմա է։ Իշխանության եկավ՝ գոտկատեղից ներքև հարվածների քաղաքականությամբ, բարոյականության, ընտանեկան սրբությունների ոչ մի նշույլ հաշվի չառնելով։

Այսօր էլի նույնը շարունակում է ոչ միայն սոցիալական, այլ նաև այլ  բնագավառներում, որովհետև գիտի, որ մարդիկ չեն խորանում իրականության մեջ։ Քաղաքական գործիչներից լսելով խրթին բացատրություններ, չեն կարողանում «թացն ու չորը ջոկել»։ Քանի որ Հայաստանի վիճակը օրհասական է, Փաշինյանը շրջանառության մեջ է դրել Բանակը նախկինում թալանելու թեման։ Բավական է լսել, Ալիևին, ամեն ինչ տեղը կընկնի։  2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովում նա հայտարարել է․
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մենք ոչնչացրել ենք 4-5 միլիարդ դոլարի Հայաստանի ռազմական տեխնիկա: Հարց է ծագում՝ որտեղի՞ց աղքատ երկրին այդքան փող»։ 

Այդ 4-ից հինգ միլիարդ ոչնչացված զենքը նախկիններն էին բերել։ Չհաշված՝ կապիտուլյացիայից հետո Ադրբեջանն ինչքան է առգրավել։ Չհաշված, թե դեռ ինչքան է մնացել։ Նույնիսկ Ադրբեջանն է զարմանում, թե աղքատ երկրին որտեղի՞ց այդքան զենք։ ․․․Համոզվեցի՞ք, որ  Նիկոլը կարթի ծայրին ինչ խայծեր է դնում։ Մնում է ընդամենն ասել՝ զգու՜յշ՝ թակարդը չընկնեք։ 
Ընդամենը մեկ օրինակ եմ բերում։