Անունը կա, ամանում չկա՞…

Անունը կա, ամանում չկա՞…

Նորահայտ հայ քաղաքագետներն ու վերլուծաբանները հանրային պառակտվածության, քաղաքական անհաջողությունների պատճառ են համարում հանրային ընկալման կորուստը: Ասում են, բայց չեն հիմնավորում՝ ե՞րբ, ինչպե՞ս հանրային ընկալումը ոչեւս եղավ: Հասկանալի է, բովանդակային առումով՝ հայաստանյան քաղաքական միտքն է մթագնել: Զգացական առումով՝ հանրությունը հոգնել է վերլուծաբանների, քաղաքագետների (անշուշտ՝ նորահայտ) վերլուծություններից, եթե չասենք՝ չի հավատում, չի վստահում: Հանրությունը նույն վերաբերմունքին է արժանացնում մտավորականության որոշ (անորակ) խավի ներկայացուցիչներին, որոնց քաղաքացիական կեցվածքը, պետական մտածելակերպն արժեզրկվել են, իսկ քաղաքակրթվածությունը մնացել է ֆիդայական հռետորաբանության տիրույթում: Այս բարոյահոգեբանական վակուումում քաղաքացին ինքն է դարձել իր նախագահը, վարչապետը, նախարարը, կաթողիկոսը: Երջանի՞կ լինենք, որ ականատեսն ենք պետական մակարդակով տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության դրսեւորման 25-ամյա «շքեղ» տոնահանդեսի:

Ձմեռն ավարտվում է: Այդ ընթացքում մի քանի տաք քննարկումների մասնակցեցինք, որոշ մտքեր հավաքագրեցինք: Մի քանիսը ներկայացնում ենք ձեր դատին: Մտորենք…

- Կոմունիստական շրջանում խորհրդային երկիրն անջրպետվել էր Արեւմուտքից երկաթե վարագույրով: Հիմա՝ պատերազմի հուրն է դարձել երկու աշխարհների միջեւ անջրպետ: Իսկ մենք, ինչ է, դավին անտեղյա՞կ, ցավին անտարբե՞ր…

Ոմանց մտավորական ներկայացնելու անհաջող փորձերն ինչո՞ւ են դարձնում մեր գլխին փորձանք: «Կոստյո՞ւմն է, որ պիտի ձեզ զարդարե…»,- կզարմանար Երվանդ Մանարյանը:

- Կույր մարդու մոտ դժգոհել վատ տեսողությունից՝ կարճամտություն է:

- Ցավ ենք ապրում, որ աշխարհին ներկայանում ենք միայն մեր ցավով: Կարծես ներկայանալի ուրիշ ոչինչ չունենք: Կարծես զգացական բանականությունը հոշոտել է իրատեսական դատողությունը:

- Չի կարելի տոն օրը վերածել մեռելոցի: Առավել եւս՝ «Եռաբլուր» պանթեոնը վերածում են քաղաքական ակցիայի վայրի:

- Հայոց բանակի օրվա առթիվ ոմանք խոսեցին Սպարապետի պատգամներին հավատարիմ մնալու մասին, բայց չհիշատակեցին գեթ մեկ պատգամ:

- Ինչն է աննախադեպ. այս օրերի Հայաստանի պետական այրերի՝ այլ երկրներ «պատմական» այցերի առատությունը: Ով ուր գնաց, ում հետ հանդիպեց, պարզվում է՝ «պատմական» է: 

- Աշխարհում ոչ մի տեղ Իլհամ Ալիեւին այնքան չեն արժեւորում, որքան մեզ մոտ: Մեր առօրյան լի է Ալիեւի խոսքերով, մտքերով, զայրույթներով… Անկախ Հայաստանի առաջին տարիներին որեւէ մեկը չի կառչել հայր Ալիեւի խոսքից, թե նա սա ասաց, էսպես ասաց… Ասելիք չունեցողները դարձել են որդի Ալիեւի դերակատարումի գեներացնողներ:

- Աշխարհում քաղաքակրթությունների պատերազմ է գնում՝ արեւմտյան քաղաքակրթության եւ արեւելյան հայտնի ուժերի միջեւ: Սա գոնե պիտի ընկալենք:

- Առօրյա խոսակցություններում այնպես է շեշտվում «ղարաբաղցի» բառը, որ այն ընկալվում է որպես տիտղոս:

- Երկիրը հայրենիք դարձնելու՝ ժողովրդին որպես պետականության կրողի վերահաստատելու, իշխանական շահը ժողովրդի շահից չգերագնահատելու, հրադադարը հաղթանակից տարանջատելու, հերոսին զոհից զանազանելու, մարդասիրությունը (հումանիզմը) աշխարհաքաղաքական դիրքորոշման հետ չխառնելու, պաշտոնականը պաշտոնեականի հետ չշփոթելու… խնդիրներ էլ ունենք լուծելու:

- Թուրքիայի մի կտորն է Եվրոպայում եւ իրեն հռչակել է եվրասիական քաղաքակրթության կրող, թեեւ ասիական քաղաքակրթությունը գերիշխող է: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի վերաբերյալ: Երկրի մեծ մասն ասիական աշխարհամասում է: Ի դեպ, պատերազմի պատճառով Ռուսաստանը լքողները հիմնականում եվրոպական մասի քաղաքացիներ են:

- Փակ սահմանը քաղաքական գործիք չէ՝ քաղաքական հարց չի լուծում:

- Արցախում 120 հազար արցախահայ է շրջափակման մեջ գոյատեւում: Այդ թիվը չի ավելանում: Արցախի ազգային հերոսներից ոմանք Երեւանում են ապրում: Արդյո՞ք պահը չէ կրկին հերոսանալու…

- Երբ Երեւան էր գալիս Հրանտ Դինքը, նա այցելում էր Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երբ գալիս է Կարո Փայլանը, այցելում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց ոչ Ռ. Քոչարյանին:

- Աշխարհը, եթե չենք սխալվում, երկու անգամ է ողջունել Հայաստանում ընթացող քաղաքական շարժումները: Առաջինը ղարաբաղյան շարժումն էր, որը վերածվեց անկախ պետականության համար պայքարի, եւ անկախացած Հայաստանը դարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորը: Երկրորդը 2018թ. թավշյա հեղափոխությունն էր, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այն որակեց որպես ֆանտաստիկ երեւույթ: Ցավոք, այս վերջինը մսխվեց:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ