Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին․ Բաբկեն Պիպոյան

Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում նշում է՝ բժշկական ձեռնոցներ կրելը բացասական ազդեցություն կարող է ունենալ․

«Դիմակների պարտադիր լինելու որոշումը «լավ է ուշ, քան երբեք» շարքից է, բայց դրան զուգահեռ ձեռնոցների պարտադիր լինելու որոշումը` «ա դե լավ էլի` էլի ձեզնից բաներ եք հորինում» շարքից:
Վերանայեք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը` քանի դեռ բացասական ազդեցությունը տեսանելի չէ: Կրում ենք դիմակ և հաճախակի լվանում ու պարբերաբար ախտահանում ձեռքերը:
Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին»,- գրել է Պիպոյանը։ Մենք կապվեցինք նրա հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ բացասական ազդեցություն կարող է լինել ձեռնոցներ կրելու հետևանքով․

«Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչ մեթոդաբանությունով ենք մենք որոշումներ կայացնում։ Եթե խոսքը վերաբերում է միջազգային կազմակերպությունների ռեկոմենդացիաներին, ապա ես փորձել եմ գտնել, և իմ աչքով չի ընկել, որ միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, նման ռեկոմենդացիա չեն տալիս, որ պետք է ձեռնոցներ կրել։ Երկրորդը՝ ակնհայտ է, որ ձեռնոցները հատկապես շոգ եղանակին կարող են դառնալ մաշկային բորբոքումների պատճառ։ Մենք անընդհատ խոսում ենք ձեռքերը հաճախակի ախտահանելու և լվանալու անհրաժեշտության ու կարևորության մասին, ապա մենք պետք է հաշվի առնենք, թե այդ ձեռնոցները սոցիալական պայմաններում ինչպե՞ս կօգտագործվեն։ Մենք պետք է հասկանանք, որ եթե մարդը ձեռնոցը դրեց, այն օգտագործեց, հետո դեն նետելո՞ւ է, թե՞ չի նետելու, որովհետև եթե նա ձեռնոցն օգտագործում է և պահում իր մոտ, ապա դա ավելի վատ էֆեկտ է ունենում, քան չդնելը։ Ըստ էության, ձեռնոցը բացի բացասականից դրական արդյունք չի տալիս, այդ իսկ պատճառով պետք է հրաժարվել ձեռնոցներից։ Պետք է անել դիմակների ճիշտ օգտագործման քարոզչություն, որովհետև եթե մենք դիմակը կրելուց հետո հանում և դնում ենք սեղանին, հետո նորից այդ դիմակը հագնում ենք, ապա ավելի լավ է՝ չդնենք։ Պետք են ամենաճշգրիտ քայլերն ու ամենաճշգրիտ քարոզչությունը։ Ավելի ճշգրիտ է, երբ դու բոլոր տեղերում հորդորում ես անընդհատ լվացվել ու ախտահանել, և որևէ մեկը չի կարող ապացուցել, որ ձեռնոցների կրումը հակառակ էֆեկտը չի կարող ունենալ»,- ասաց Պիպոյանը։