Յա՜, իրո՞ք, Արմեն Գրիգորյան

Յա՜, իրո՞ք, Արմեն Գրիգորյան

«Հայերը վաճառում են ամեն ինչ»,- 2020-ի նոյեմբերի 24-ին Շուշի տանելով ադրբեջանական գործիչների կիսանդրիներ, հայտարարեց Իլհամ Ալիևը՝ բացահայտելով, որ դրանք կարողացել էր գնել ներքին խողովակներով (այն շրջանում, երբ 7 շրջանները գտնվում էին հայկական վերահսկողության տակ)։ Ապա հայերին անվանեց լեզուները կուլ տված առնետների պես նստածներ, որոնք նախկինում զզվելի ու մեծամիտ հայտարարություններ էին անում։

Հիշեցրեց, որ Արցախից ասել էին, որ Շուշիում ադրբեջանական դրոշը կարող է ծածանվել միայն մի դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունն ու այնտեղ դեսպանատուն բացի։ Թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունները (նաև Բաքվի զորահանդեսը, որի ժամանակ Էրդողանը ոգեկոչեց Էնվերի ոգին) հայատյացության պիկն էին, բայց պատերազմից հետո 1 տարի անց Իլհամ Ալիևը նույնքան լկտի ու քսենոֆոբիկ ելույթներ է ունենում, որոնցից մեկն էլ Միավորված ազգերի կազմակերպության ամբիոնից անդամ երկրներին կոչ անելն էր` չօգտագործել Լեռնային «Ղարաբաղ» անվանումը:

«Ադրբեջանը 30-ամյա հակամարտությունը լուծեց ռազմաքաղաքական միջոցներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր: Նախագահի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով մենք ստեղծեցինք Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները»,-ասաց նա՝ պարզ հասկացնել տալով, որ թքած ունի հակամարտության գլխադասային մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, նրա կողմից նախապատերազմյան շրջանում ամրագրված «ուժի չկիրառման սկզբունքի» վրա էլ։

Իսկ ռուսական «Национальная оборона»-ին տված հարցազրույցում  Իլհամ Ալիևն ավելի հեռուն գնալով՝ անձնապես ստորացրեց Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ  միայն Վլադիմիր Վլադիմիրովիչի խնդրանքով էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ «ինչ-որ հավելյալ բաներ» չեղան Փաշինյանի ստորացման հետ կապված։ Նա նաև հայտարարեց, որ արդեն հայտ է ներկայացրել Ռուսաստանին` նոր տեսակի զենքի եւ զինտեխնիկայի ձեռքբերման համար, և առհասարակ՝ համագործակցությունն այդ ուղղությամբ Ռուսաստանի հետ զարգանալու է։ Բաց տեքստով ասաց նաև, որ Ռուսաստանի նախագաի հետ ոչ միայն շատ վստահելի հարաբերություններ ու խորը փոխադարձ հարգանք ունի, այլ նաև, որ «մեր նպատակները լիովին համընկնում են»։

Մեկ այլ ուշագրավ և ոչ պատահական նշում Ալիևի կողմից։ Թե 44-օրյա պատերազմում վճռորոշ դեր են ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հատուկ ստորաբաժանումները՝ իրենց հատուկ և արհեստավարժ օպերացիաներով։ Սա էլ նվաստացում է իշխանությանը մերձ տարբեր խմբերի մեկնաբանություններին, թե բա ինչ էիք ուզում, մեր դեմ ՆԱՏՕ-ի բանակ էր կռվում, և առհասարակ՝ գրեթե 9 պետություն՝ Պակիստան, վարձկաններ և այլն։ 

Այս հայտարարության հաջորդ օրը ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Առանց նախապայմանների։ Իսկ որ Թուրքիայի կրտսեր եղբայր Ալիևը Հայաստանին, հայերին, լավ, Փաշինյանին նվաստացնող հայտարարություննե՞ր է անում։ Արմեն Գրիգորյանի «կռուտիտը»՝ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ։

«Եվ պետք է  տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանի հետ հարաբերությունների միջև»։ Ինչպես կասեր դասականը՝ յա՜, իրո՞ք։ Պատերազմի ժամանակ Թուրքիան կո՞ղմ էր՝ մեր դեմ կռվող 8 պետություններից մեկը, հիմա ո՞չ։