Նոր ընկալումներ Շիրվանզադեի օգնությամբ

Նոր ընկալումներ Շիրվանզադեի օգնությամբ

Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա. Վանեցի) ծնվել է 04.04.1820թ., ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս 1892թ. մայիսին, օծվել է 1893թ. սեպտեմբերի 26-ին:

Բավականին լսել ու կարդացել էի մեր կաթողիկոսներից մեկի՝ Խրիմյան Հայրիկի մասին: Գիտեի, որ ինքը՝ Խրիմյանը, իրեն ավելի շատ բանաստեղծ էր համարում: Լսել էի, որ եղել է հանճարեղ հռետոր, ունեցել է հումորի լավ զգացում: Ինձ համար, կարծում եմ, նոր Խրիմյան Հայրիկ բացահայտեցի, երբ վերջերս վերընթերցեցի Ալեքսանդր Շիրվանզադեի «Կյանքի բովից. հուշեր» գիրքը: Հեղինակը հավաստում է, որ Խրիմյան Հայրիկն իր արտաքին համեստության տակ պահում էր խոշոր ինքնավստահություն: Նրա ազատամտությունը ոմանց զարմացրել է, ոմանց՝ վրդովեցրել: Մինչեւ կաթողիկոս ընտրվելը ապահարզանի խնդիրը մի ծանր լուծ էր Էջմիածնի վրա: Նրա նախորդները կես դարի ընթացքում ընդամենը 6-7 ամուսնալուծություն էին թույլատրել: Խրիմյանն առաջին իսկ տարում թույլ էր տվել 57 ամուսնալուծություն: Մի անգամ Էջմիածին է գալիս մի պատանի՝ բողոքարկելու, որ Խրիմյանն իր կնոջը թույլ է տվել բաժանվել եւ ամուսնանալ ուրիշի հետ: 

- Սիրո՞ւմ էիր կնոջդ, - Հայրիկը զայրացած հարցնում է պատանուն:
- Ոչ:
- Ան ալ քեզի չէր սիրում: Ուստի բաժանեցի:
- Բայց, Վեհափառ, Դուք նրան իրավունք եք տվել ամուսնանալ մեկ ուրիշի հետ՝ ինձ զրկելով այդ իրավունքից: Ռուսական օրենքի ուժով ամուսնալուծվողներից միայն մեկը կարող է ամուսնանալ, ինչո՞ւ այդ մեկը կինս է եւ ոչ ես:
- Ըշտե դու էլ գնա ամուսնացիր։
- Ուրեմն թույլ եք տալիս:
- Հարկավ:
- Բայց օրե՞նքը:
- Օրենքն իմ խոսքն է, բալես:

Եվ Խրիմյանը պատանու ամուսնության թուղթն է ստորագրում:
Խրիմյանի ազատամտությունը կատաղեցրեց խավարամիտներին, եւ նրանց բողոքի հիման վրա ամուսնության իրավունքը խլվեց կաթողիկոսից:

...Խրիմյան Հայրիկը, բացի հայերենից, ոչ մի ուրիշ լեզու չի իմացել, եթե, իհարկե, հաշվի չառնենք տաճկերենը, որը ոչ մի նյութ չէր կարող տալ նրա ուղեղին: Զարմանալի էր, որ միայն հայերենով նա կարողացել է հետեւել քաղաքակրթությանը, գրականությանը եւ արվեստին: Թատրոն չէր տեսել, բայց թատրոնի մասին ասում էր.
- Թատրոնը երկրորդ եկեղեցին է: 

Նա լավ գիտեր նատուրալիզմի եւ ռեալիզմի միջեւ եղած ահագին տարբերությունը: Մի բան, որ չգիտեին Խրիմյանից շատ կարդացած մարդիկ: Խրիմյանի համար չկար ո՛չ իշխան, ո՛չ ծառա, ո՛չ հարուստ, ո՛չ էլ աղքատ: Ամենքը միեւնույն արժեքն ունեին նրա աչքում:

«Խրիմյան Հայրիկը վախճանվեց 87 տարեկան հասակում: Զարմանալի է ամբոխի հոգեբանությունը: Այդ եզակի մարդու մահը այնքան վհատություն պատճառեց, որքան նրա կաթողիկոս ընտրվելու ուրախությունն էր»,- իր հուշերի՝ նրան նվիրված հատվածը եզրափակում է Ալեքսանդր Շիրվանզադեն:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ