Հրազդանում մանկապարտեզների վարձավճարը թանկացավ 

Հրազդանում մանկապարտեզների վարձավճարը թանկացավ 

2024 թվականի հունվար ամսից Հրազդանի եւ հարակից բնակավայրերի մանկապարտեզների վարձավճարները թանկանում են: Քաղաքպետն առաջարկեց, ավագանին որոշեց.

«Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել ամսական 6000 դրամ»: 

Հրազդանում այս տարիների ընթացքում մանկապարտեզների վարձավճարը եղել է 4400 դրամ, բնականաբար այս թանկացումը կազդի որոշ ընտանիքների վրա, որոնք հանապազօրյա հացը վաստակում են օրավարձով աշխատանք կատարելով: 

Ծնողները մեզ հետ զրույցում ասացին, որ դժվարությամբ կկարողանան վարձը վճարել, իսկ վարձավճարի թանկացումը պարզաբանել են նրանով, որ երեխաների սննդի մեջ փոփոխություն է լինելու՝ միրգ, բանջարեղեն եւ այլ բաներ կավելանան:

Հրազդանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ որոշեցին թանկացնել վարձավճարը. «Դուք գիտեք, թե նախկինում մանկապարտեզներն ինչ վիճակում էին, պայմանների փոփոխություն է եղել, շատ մանկապերտեզներ ջեռուցվել են վերանորոգվում են, դրանք հաշվի առնելով վարձավճարի փոփոխություն է եղել»: Հրազդանի հարակից բնակավայրերում ե՞ւս թանկացել է վարձավճարը. «Այո, ընդհանուր 15 մանկապարտեզներ են գործում Հրազդան խոշորացված համայնքում, բոլոր մանկապարտեզներում այդ գինն է: Նախկինում ու հիմա բավականին փոփոխություններ կան»: 

Ըստ Պողոսյանի՝ 2024 թվականին համայնքապետարանը 1 ծրագիր է ներկայացրել, որով նախատեսված է թիվ 15 մանկապարտեզի տանիքի վերակառուցում, դռների եւ պատուհանների փոխարինում: 
«Նախորդ տարիներից ունեցած ծրագրերը դեռ չեն ավարտվել եւ Հրազդանում եւս տեսանելի աշխատանքներ կլինեն: Հրազդանի եւ հարակից բնակավայրերի հետ կապված համայնքապետարանը 2024 թվականին ծրագիր չի ներկայացրել»: 

Հարցին՝ իսկ ի՞նչն է պատճառը, որ Հրազդան խոշորացված համայնքը այս տարի ընդամենը 1 ծրագիր է ներկայացրել. «Տարբեր նախապայմաններից ելնելով»,- պատասխանեց Պողոսյանը: