Նիկոլը նորատուսցիների համար դարձավ «ուրիշ մեկը»

Նիկոլը նորատուսցիների համար դարձավ «ուրիշ մեկը»

Պոպուլիզմը քարոզչության մեխանիզմ է, որ օգտագործվում է միայն երկրի ներսում: Ինչը բնական է, քանի որ դժվար է պատկերացնել որեւէ պետություն, որի ղեկավարությունը կամ բնակչությունը կարող են թիրախավորվել եւ ազդեցություն կրել օտար երկրի ղեկավարության պոպուլիստական վարքագծից: Իսկ երկրի ներսում պոպուլիզմը կարող է լուծման իմիտացիա ստեղծել համարյա թե բոլոր խնդիրների առումով: Սակայն մինչեւ որոշակի ժամանակահատված: Այդ մեխանիզմը սովորաբար կիրառվում է, երբ խնդիրների լուծման ուղիներ չեն գտնվում: Եվ այն դեպքերում, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել ծագող խնդիրների լուծման բացակայությունն իր օգտին: Երբեմն դրանք միավորվում են՝ վերածվելով «երկուսը մեկում» երեւույթի: Ինչը դրսեւորվեց վերջերս հենց Հայաստանի գործող իշխանության գործունեության մեջ:

Մինչ այդ նկատեմ, որ Փաշինյան Նիկոլը 2018-ի գարնանն իշխանության եկավ պոպուլիզմի հսկայական բեռով: Ընդ որում, պոպուլիստական հայտարարությունների օբյեկտ էին դառնում ոչ միայն նախկինների սխալներն ու թերությունները, այլեւ գրագետ վարքագիծը: Երկրորդը, իհարկե, շատ ավելի պակաս էր, այլապես ժողովուրդը դուրս չէր գա փողոց ու չէր մերժի Սերժին: Բայց գրագետ վարքագիծն անվանարկելը չեմ կարծում, թե խղճի խայթ էր առաջացնում փողոցի առաջնորդի հոգում: Ինչը բնական է, քանի որ հանուն իշխանության պայքարում, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, բոլոր միջոցներն էլ ընդունելի են: Ուրիշ հարց, որ իշխանությունը գրավելուց հետո  երբեմնի «սիրելի ժողվարչապետն» այլեւս թույլ չի տալիս, որ ուրիշները, օրինակ, փորձեն ջարդել պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Ռադիոտան շենքի դուռը: Ու ջարդելուց հետո էլ մնան անպատիժ: 

Ինչեւէ, անցնենք ժամանակին նիկոլական պոպուլիզմի օբյեկտ հանդիսացած խնդիրներից մեկին՝ պետության գործունեության առումով գրագետ ու օրինական: Այն վերաբերում է օրերս բողոքի ալիք հարուցած՝ Գեղարքունիքի մարզի Նորատուսի համայնքի բնակիչների կողմից Սեւանա լճում ձկնորսության արգելքի խնդրին: Ինչպես հայտնի է, դեկտեմբերի վերջից մինջեւ հունվարի սկզբի ժամանակահատվածը ձկան որսի արգելման ժամանակաշրջան է: Բայց քանի որ գործող իշխանությունն ապաշնորհ է, ապա նախկինների օրոք որոշակիորեն լուծվող խնդիրը դարձել է անլուծելի: Պատճառը խիստ հատկանշական է Նիկոլի իշխանության համար. ինչ-որ մակարդակի չինովնիկներ նորատուսցիներին խոստացել են, որ ձկնորսությունը կթույլատրվի եւս մի քանի օր: Սակայն կա՛մ դրանից անտեղյակ եւ կա՛մ դրա վրա թքած ունեցող ջրային պարեկներն արգելել են ձկնորսությունը: Եթե չլիներ խնդրի վերաբերյալ «Հրապարակ»-ի՝ մեծությամբ աչքի չընկնող հրապարակումը, ապա կարելի էր մտածել, որ այս խնդիրն ընդամենը Նիկոլի կառավարման թերությունից ծագած խնդիրներից է: 

Բայց պարզվում է, որ նորատուսցիների առումով Նիկոլը սկզբում հանդես է եկել որպես իշխանություն, որի տեսակետից տարվա այս ժամանակահատվածում ձկնորսությունը չի թույլատրվում: Եվ 2021 թվականի նախընտրական շրջանում Նորատուս այցելելով «կոստյում-փողկապով» ու թիկնապահներով շրջապատված՝ փորձել է նորմալ ձայնով նորատուսցիներին համոզել, որ ձուկը պահպանելը բխում է համայնքի բնակիչների շահերից: Հատկապես որ օտար մեկն այլեւս չի գալու եւ «փախցնի ուրիշի հացը»: Բայց դրանից մեկ ամիս անց, նախընտրական նույն շրջանում, բայց առանց «կոստյում-փողկապի» Նիկոլը հանդես է գալիս որպես ինքն իրեն ընդդիմադիր՝ միկրոֆոնը ձեռքին գոռալով ու նորատուսցիներին խոստանալով, որ «ձուկը ձերն ա, ձեր հացը ոչ մեկ ձեզնից չի խլի»։ Այսպիսի կառավարման դեպքում, բնականաբար, թե՛ խնդիրներ են ծագելու եւ թե՛ գյուղացիներից մեկի ասելով՝ «առը հա, թե ինքն այլեւս ձայն է տանելու Նորատուսից»: Բայց վախենամ, որ ինքն այլեւս չի զգալու նորատուսցիների ձայների կարիքը, քանի որ դա շրջանցելու բազմաթիվ միջոցներ են առկա իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի ձեռքերում: 

ՀԳ. Հիշեցնեմ, որ Գեղարքունիքի մարզում (եթե չեմ սխալվում հենց այդ գյուղում) 2021 թվականի նախընտրական շրջանում Նիկոլի առաջ գյուղացիները գառ էին մորթում: Դե ինչ, գյուղացիները դաս առան գառ մորթելուց, ու Նիկոլն էլ նրանց համար դարձավ «ուրիշ մեկը»: