Ակադեմիան առանց ինստիտուտների նույնն է, ինչպես գեներալը՝ առանց զինվորների

Ակադեմիան առանց ինստիտուտների նույնն է, ինչպես գեներալը՝ առանց զինվորների

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակն օրեր առաջ ներկայացվեց մասնագիտական հանրությանը եւ միանգամից էլ դիմադրության արժանացավ գիտնականների կողմից։  

ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը հույս ունի, որ օրենքն այդ տեսքով ԱԺ-ում չի ընդունվի։ Նոր օրինագծի աշխատանքային տարբերակի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել նաեւ համալսարանի գիտխորհուրդը, առանձին դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ։ Այս հանգամանքը, ըստ նրա, առնվազն հիմք պետք է հանդիսանա, որպեսզի օրենքը վերադարձվի եւ քննարկման դրվի գիտության ներկայացուցիչների հետ։  

«Ըստ էության, վերցվել է օրենքի նախորդ նախագիծը, եւ փոխանակ նախորդ օրենքին ուղղված օբյեկտիվ քննադատություններն ուղղվեին, դեռ մի բան էլ այդ դրույթները անհաջող են դարձվել»,- ասում է նա ու նկատում, որ եթե նախկինում առանձին գոյություն ուներ թե՛ կրթության, թե՛ գիտության մասին օրենք, այժմ այդ երկուսը միացվել են իրար, որի արդյունքում գիտությունը լղոզվել է կրթության մասին օրենքին, որը, ըստ նրա, պատահաբար չի արվել։

«Սա այն մտայնության հետեւանքն է, որ գիտությունն անմիջականորեն բուհական միջավայրում պետք է լինի եւ դառնա, ըստ էության, 3-րդ աստիճան։ 1-ին աստիճանը բակալավրիատն է, 2-րդ աստիճանը՝ մագիստրատուրան, եւ 3-րդը՝ ասպիրանտուրան, որը հիմա ըստ երեւույթին կոչվելու է «դոկտորանտուրա», որի վերջնարդյունքը լինի դոկտորական աստիճանի պաշտպանությունը։ Այստեղ շատերի, այդ թվում՝ իմ կողմից չընդունվող դրույթն այն է, որ գիտության 2 աստիճանները միացվել  եւ դարձվել են մեկ աստիճան։ Դժբախտաբար, այդ դրույթը կար նաեւ նախորդ օրենքի նախագծում։ Գիտության երկաստիճանությունը մի աստիճան դարձնելը բավականին կաղքատացնի գիտական միջավայրը, գիտական հետազոտությունների զարգացման մոտիվացիան։ Աշխարհում, գոնե՝ եվրոպական հաստատություններում, որտեղ եղել եմ, հստակորեն տարբերակում են, թե ով է թեկնածուն, ով՝ դոկտորը»։  

Օրինագծի մյուս կետը, որ մտահոգել է Վարդան Դեւրիկյանին, այն է, որ ԲՈԿ-ի մասին որեւէ խոսք չկա․ «Եթե ԲՈԿ-ը չի լինելու, կամ կարգավիճակը թուլացվելու է, եւ իրավասությունների շրջանակը նեղացվելու է, դա ուղղակի կհանգեցնի բացասական երեւույթների։ Եթե ԲՈԿ-ը վերացնում ենք, ապա ինչպե՞ս ենք որոշում, թե որ ինստիտուտը, համալսարանը կամ գիտական որ հաստատությունը կոչում շնորհելու իրավունք ունի։ Եթե վկայակոչում են Արեւմուտքի փորձը, ապա դա երկարատեւ ու ամուր հիմքերի վրա է արված, եւ այդ համալսարաններն արդեն անուն ունեն։ Մեզ մոտ, դժբախտաբար, ուսումնական հաստատություններում այդ անունը չի պահվի։ ԲՈԿ-ը պետք է ոչ միայն պահվի, այլեւ նրա կարգավիճակը բարձրացվի, քանի որ նրա գործունեությունը, իմ կարծիքով, բարձր գնահատանքի է արժանի»։

Նոր օրինագծում սահմանված չէ նաեւ «գիտական հաստատության տնօրեն» հասկացությունը․ «Ռեկտորը կա, դեկանը կա, ամբիոնի վարիչի դեպքում մի քիչ անորոշ է, բայց, որպես այդպիսին, «գիտական կազմակերպության ղեկավարի» հասկացություն չկա, որը ցույց է տալիս, թե ինչ կարգավիճակ են ունենալու այդ գիտական հաստատությունները, որոնք, ենթադրվում է, կցվելու են որեւէ ֆակուլտետի կամ ամբիոնի։ Այստեղ մեզ համար մտահոգիչ է առաջին հերթին ԳԱԱ-ի կարգավիճակը։ ԳԱԱ-ն դա անուն է, մարդիկ աշխարհում պայքարում են այդ անունների, բրենդների համար։ Պատրաստի անունը մեր առաջ ճանապարհ է հարթում․ ինչպես մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթն են ճանապարհ հարթում դժվարին իրավիճակներում, այնպես էլ այդ ակադեմիական հաստատությունների անգամ միայն անցյալի վաստակը ճանապարհ է հարթում նրանց առաջ, ու ես չեմ հասկանում դրանք վերացնելու իմաստը»։

Եթե ԳԱԱ-ի ինստիտուտները միացվեն բուհերին, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ կասկածի տակ կդրվի նաեւ ԳԱԱ-ի գոյությունը։ «Ակադեմիան այս նոր օրենքով մի տեսակ հասարակական ակումբի է նմանվում, որովհետեւ ակադեմիան առանց ինստիտուտների նույնն է, ոնց որ գլխավոր շտաբը՝ առանց զորատեսակների կամ գեներալը՝ առանց զինվորների․ մարդիկ պատվավոր կարգավիճակներով այդպես ման չե՞ն գալու։ Դա անհեթեթություն է։ Ակադեմիան ակադեմիա է իր հաստատություններով։ Այս խնդիրը միայն ակադեմիայի առաջ չէ, վերջիվերջո, կան ճյուղային նախարարություններ, օրինակ՝ Մատենադարանի դեպքում ի՞նչ է լինելու, տարբեր նախարարություններ ճյուղային ինստիտուտներ ունեն, հիմա դրանք է՞լ են ամբիոնների հետ միանալու։

Հետո՝ որոշակի տարանջատում կա․ ակադեմիական համակարգը՝ ավելի գիտահետազոտական ուղղությամբ, բուհական համակարգը՝ ավելի դասախոսական։ Եվ եթե պետք է ելնենք այն դրույթից, որ ամեն դասախոս պետք է լինի նաեւ գիտնական եւ ամեն գիտնական՝ նաեւ դասախոս, այդ դրույթը չի աշխատի, որովհետեւ արտասահմանյան համալսարանները 50-60 հազար ուսանող ունեն, եւ բոլորի համար դասավանդման ձեւ կգտնվի, բայց հիմա մեր բուհական ամբիոններն են կրճատման առաջ կանգնել, որովհետեւ ուսանողների թիվը նվազում է, եթե ակադեմիական հաստատությունները գնան, ամբիոնների մեջ մտնեն, ո՞նց է գիտնականը դասախոսական աշխատանք իրականացնելու։ Դա տեխնիկապես անհնարին է, էլ չասեմ, որ ամեն բուհի գիտաշխատողների գոնե 1/3-ը ժամավճարով դասավանդում է մասնագիտական առարկաներ տարբեր բուհերում, հետեւաբար, այդ խնդիրն ինչ-որ ձեւով լուծված է»։

Դեւրիկյանը հարց է առաջ քաշում՝ օրենքը գրողներն ինչքանո՞վ են խորհրդակցել գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ․ «Մի րոպե պատկերացնենք, որ ինստիտուտները միացվում են համալսարանի որեւէ ֆակուլտետի կամ ամբիոնի՝ առանց հաշվի առնելու, որ ինստիտուտի գործառույթն ավելի մեծ է, քան ամբիոնի ընդգրկած շրջանակը։ Օրինակ՝ մեր ինստիտուտը զբաղվում է հայ հին, միջնադարյան, նոր, նորագույն շրջանի եւ արտասահմանյան գրականությամբ, իսկ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն ունի 2 առանձին ամբիոններ՝ նորագույն շրջանի գրականության եւ հայ դասական գրականության։ Հիմա ի՞նչ է լինելու, ինստիտուտը պետք է կիսվի այդ երկու ամբիոնների միջե՞ւ, բայց նույնիսկ 2-ի միջեւ չի կարող կիսվել, որովհետեւ արտասահմանյան գրականությունը եւ գրական կապերը մեր հետազոտական կարեւոր ուղղություններից մեկն են, այսինքն՝ արտասահմանյան գրականությունն ո՞ւր է տարվելու։ Հիմա մեր ինստիտուտը կառուցվածքային առումով պետք է տրոհեն 3 մասի՞, թե՞ համալսարանում ամբիոնները պետք է իրար միացնեն։ Նույնը՝ մնացած ինստիտուտների դեպքում։ Այսինքն՝ անհամատեղելի բաներն են ուզում իրար միացնել, որը պետք է բերի կրճատման եւ թուլացման։ Եվ եթե անարդյունավետ վիճակ լիներ, ցածր ցուցանիշներ լինեին, այդ դեպքում մարդկայնորեն էլ, գիտականորեն էլ հասկանալի կլիներ, որ ինչ-որ բան այն չէ մեր գիտության մեջ, բայց այսօր մեր գիտահետազոտական ինստիտուտները շարունակական վերելք են ապրում։ Ո՞րն է իմաստը՝ այս պահին խփել ինստիտուտների ողնաշարին։ Եթե այդ ինստիտուտները միացվեն տարբեր ամբիոնների, մի ենթաամբիոնային կարգավիճակով մեծ արդյունքների չենք կարող հասնել, ի՞նչ կարող ենք անել․ եթե Գիտությունների ակադեմիան հավաքական ամբողջություն չլինի, հավաքական համակարգում էլ չի լինի»։