Ցանկացող կա՞. թող դուրս գա հրապարակ

Ցանկացող կա՞. թող դուրս գա հրապարակ

Բազմոցային ընդդիմադիրներն ու Ֆեյսբուքի «ստատուսչիկներն» իրավունք ունե՞ն քննադատելու փողոցի ընդդիմությանը: Երկարատեւ ընդմիջումից հետո ընդդիմությունը սեպտեմբերի 2-ին նորից հանրահավաք հրավիրեց Ազատության հրապարակում: Առիթն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը նշելն էր, միաժամանակ՝ ընդդիմադիր շարժմանը նոր թափ հաղորդելն ու ճանապարհային քարտեզ ներկայացնելը: Այս երկարատեւ ընդմիջումը հնարավորություն էր, որպեսզի առկա ընդդիմությունից դժգոհ հատվածը նոր ընդդիմություն ձեւավորի, իշխանափոխություն անի եւ կասեցնի Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող ցավալի իրողությունները: Ինչպես տեսանք, այս ընթացքում ոչ մի նոր ընդդիմություն էլ չձեւավորվեց, ոչ մի նոր շարժում չստեղծվեց: 

Շատերը Փաշինյանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակությունից հետո իշխանության մնալը պայմանավորում են նրանով, որ եղած ընդդիմությունը լավը չէ` նախկին թալանչիներն են, որոնց վերադարձը հասարակությունը չի ուզում: Իհարկե, սրա մեջ կա ճշմարտություն. երբ ընդդիմության հանրահավաքներին գալիս են լիսկաներն ու գոնսալեսները, մարդիկ չեն ուզում հիշել նրանց ժամանակներում ապրած որոշ մղձավանջներ: Սակայն, երբ կշեռքի նժարին ենք դնում այն մղձավանջը, որում հայտնվել ենք մենք՝ Հայաստանն ու Արցախը, անհամեմատելի է նախկին մղձավանջի հետ. ամեն օր երկրի տարածքների կտոր-կտոր հանձնում թշնամուն, զոհեր, գերիներ, նվաստացումներ թշնամու կողմից: Չուրանանք, որ նախկին «թալանչիների» ժամանակ նման բաներ անգամ չէինք կարող պատկերացնել: 

Ինչ վերաբերում է չարվածին, ապա այս ընդդիմությունը պարբերաբար դուրս է գալիս ասպարեզից, հարթակ դուրս գալու հնարավորություն տալիս նոր մարդկանց, նոր ընդդիմադիրների: Բայց հարթակն այդպես էլ դատարկ է մնում… Ընդդիմության ընդդիմությունն այդպես էլ դուրս չի գալիս հարթակ, նոր շարժում չի ձեւավորում: Դրանք այն մարդիկ են, ովքեր բազմոցին նստած, ոչինչ չանելով՝ քննադատում են ուրիշների արածը: Այո, Ֆեյսբուքը հարթակ է, որտեղ մարդիկ կիսվում են իրենց գաղափարներով, մտահոգություններով, տեսակետներով: Բայց շատերի «քաղաքական ակտիվությունը» սկսվում եւ ավարտվում է Ֆեյսբուքում՝ այստեղ «ծակող-կտրող» գրառումներ անելով, դրանից ավելի ոչինչ չկա… Ընդդիմությանը սարկազմով քննադատողներն ասում են, թե ցրտից են վախենում, արեւից են վախենում, սպասում են՝ շոգերն ընկնեն, հովերն ընկնեն, նոր դուրս գան հայրենիքը փրկելու: Սրա մեջ կա ճշմարտություն, սակայն մյուս կողմից պետք է հասկանալ, որ, այո, շատ մարդիկ ո՛չ ցրտին են ուզում տնից դուրս գալ, ո՛չ շատ շոգին՝ իրենց կոմֆորտից չզրկելու համար: Այս դեպքում ընդդիմությունը տեղով կրակ էլ դառնա, չի կարող մարդկանց տներից հանել: Ու հիմնականում հենց այս մարդիկ են ընդդիմությանը քննադատում: Իհարկե, կան նաեւ այնպիսիք, ովքեր ընդդիմության քայլերից դժգոհ են, որովհետեւ սպասում են ավելի կտրուկ, ռադիկալ քայլերի, մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ դուրս են եկել, քայլել ընկեր Իշխանի ետեւից, շրջել Երեւանի բոլոր փողոցներով ու ափսոսանքով տուն գնացել: Նրանցից ոմանք ենթարկվել են ոստիկանության բռնություններին, հետապնդումների, քրեական գործեր են հարուցվել նրանց նկատմամբ: Բայց, միեւնույն է, նրանք  գերադասում են պայքարի այս ձեւերը, քան փափուկ եւ «կուլտուրական» ընդդիմադիր շարժումները: Սակայն նաեւ արձանագրենք, թե ընդդիմադիր լիդերներն ինչպիսի բռնաճնշումների ենթարկվեցին, օրինակ, 2022-ի հունիսի 3-ին` ոստիկանական բիրտ ուժ, լուսաձայնային նռնակներ, պայթուցիկներ, ֆիզիկական վնասվածքներ, բերման ենթարկվածներ: Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է հազարավոր մարդկանց արյուն թափել, քանի որ իշխանությունն է նրա անվտանգության միակ երաշխիքը, ոստիկանական եւ ուժային զորքերի ետեւում է նա միայն իրեն ապահով զգում: Հետեւաբար, փորձել նրան ուժով հեռացնել՝ նշանակում է գնալ արյունալի բախումների՝ անկանխատեսելի հետեւանքներով… Իսկ որեւէ մեկը կցանկանա՞ մտնել արյան նման բեռի տակ…

Եթե ցանկացող կա՝ թող դուրս գա հրապարակ, նոր շարժում սկսի, ոչ թե բազմոցին պառկած` ընդդիմությանը քննադատող «ստատուսներ» գրի: