Լիանա Կարապետյանի ազատ արձակումը բողոքարկվել է․ գործը քննելու է Արսեն Նիկողոսյանը

Լիանա Կարապետյանի ազատ արձակումը բողոքարկվել է․ գործը քննելու է Արսեն Նիկողոսյանը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանին վեց միլիոն դրամ գրավով ազատ արձակելու առաջին ատյանի որոշումը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Կարապետյանի որդին՝ Դավիթը։

Վերջինս նշեց, որ Վերաքննիչում դեռեւս  բողոքի քննության օր չի նշանակվել, գործը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին։

Դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ որդեգրումների գործի քննությամբ 14 առանձին քրեական գործ հարուցելու մասին, սակայն դրանցից միայն մեկն է այս կամ այն կերպ կապվում Լիանա Կարապետյանի հետ, որն էլ շատ թույլ է եւ կառուցված չփարատված կասկածների վրա։

Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: