Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ. Չարենցի օրագրային գրառումներից
Այս օրերին բոլոր մշակութային օջախներն անցել են առցանց ռեժիմի, այդ թվում` թանգարաններն ու գրադարանները, որոնք «Տնից թանգարան եւ գրադարան» ֆեյսբուքյան խմբում կիսվում են բացառիկ, արխիվային նյութերով: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հրապարակել է 1932թ-ին արված` Չարենցի եւ Մահարու լուսանկարը Տերյանի կիսանդրու մոտ, մեջբերելով Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից.
«‹‹Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ…››:
Վահան Տերյան
1919թ, Մոսկվա
Վահան Տերյանի հիշատակին
Վահա՛ն Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո.
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրեւը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերեւներ դեղին
Եվ զարդարեն, Վահա՛ն Տերյան, քո անցած ուղին.
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...
Եղիշե Չարենց
1920թ., մայիսի 16, Երեւան
Եղիշե Չարենցի օրագրային գրառումներից
‹‹Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917թվին. -Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ: Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում եւ թերթ կարդում: Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը – այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը: Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի հանճարեղ մարդու հետ. ինձ համար Տերյանն այն ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլեւ միֆական անձնավորություն… Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի. այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի - վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը եւ գնաց: Ես դուրս եկա փողոց եւ երկար նայում էի նրա հետեւից… Իմ տպավորության մեջ անջինջ մնաց նրա թուխ, մի փոքր դեղնավուն, խիստ հայկական դեմքը եւ սեւ աչքերի խոնավ նայվածքը. նրա դեմքին կարծես մշուշ կար եւ նրա աչքերը այդ մշուշի միջից նայում էին խոնավ նայվածքով… Դեմքը թեկուզեւ հայկական էր, մի փոքր կոպիտ դիմագծերով, սակայն թողնում էր ծայր աստիճանի կրթված, մտավոր աշխատանքով ապրող մարդու տպավորություն: Դեմքի վրա կար հիվանդագին հոգնածության կնիք - եւ նրա կերպարանքն ամբողջովին համապատասխանում էր նրա պոեզիային…
Ես նրան այլեւս չտեսա…››:
Կարծիքներ