SOS. ռուսական դեսանտ Արցախու՞մ

SOS. ռուսական դեսանտ Արցախու՞մ

ԱՊՀ Աշխաբադի գագաթաժողովի ելույթում Ռուսաստանի նախագահ Պուտինը շոշափել է նաեւ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմագործողության խնդիրը եւ անհանգստություն հայտնել, թե քրդական ուժերի ճնշումից հետո Անկարան չի վերահսկի Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումներին, նրանք կարող են ցրվել եւ ներթափանցել այլ տարածքներ: « Ո՞ւր են գնալու գրոհայինները. Թուրքիայի տարածքով եւ այլ տարածքներով կներթափանցեն չվերահսկվող տարածքներ, ապա Իրանի միջով տարածաշրջանի այլ երկրներ կշարժվե՞ն: Մենք պետք է դա հասկանանք եւ կենտրոնացնենք մեր ռեսուրսները՝ նոր սպառնալիքներից խուսափելու համար»- հարցադրել է Ռուսաստանի նախագահը:

Տառացիորեն մի քանի ժամ անց ադրբեջանական մամուլում հայտնվել է ծավալուն վերլուծական, որտեղ իրավիճակը գնահատվում է գրեթե նույնական, բայց՝ մի տարբերությամբ: Իսլամական պետության զինառյալների փոխարեն խոսվում է սիրիացի քրդերի զինված խմբավորումների՝ «իրանական միջանցքով Հայաստանում եւ օկուպացված Ղարաբաղում հայտնվելու մեծ հավանականության» մասին:

Ընդսմին, հեղինակն ուշադրություն է դարձնում, որ «Վալդայ» բանավեճի ակումբում Ադրբեջանի նախագահի ելույթը գերազանցապես նվիրված էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Իլհամ Ալիեւն այն կառուցել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի շեշտադրման վրա: Զուգահեռելով Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժումը Մոսկվայի հետ համաձայնեցված լինելն ու հատկապես ռուսաստանյան հարթակում Ադրբեջանի նախագահի կողմից ԼՂ հարցի ընդգծումը, վերլուծականն այսպիսի հարցադրում է անում. «Ադրբեջանի նախագահի ելույթը Վալդայի խորհրդաժողովում արդեն ադրբեջանական հակաահաբեկչական ռազմերթի անոնսավորու՞մ էր: Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններում այդ հարցը քննարկվե՞լ է: Եթե՝ այո, ապա Ադրբեջանին հաջողվե՞լ է երաշխավորվել Կրեմլի համաձայնությամբ: Այդ ռազմագործողությունը կլինի ադրբեջանակա՞ն, թե՞ Թուրքիայի հետ համատեղ»:

Վերջին հարցը, կարելի է ասել, ծածկաքողի համար է: Ռուսաստանը չի արտոնել Սիրիայում Թուրքիայի գործողությունը, որպեսզի մի անգամ էլ համաձայնություն տա ԼՂ-ում թուրք-ադրբեջանական համատեղ «հակաահաբեկչական ռազմերթին»: Ավելի հավանական է պատկերվոում, որ Սիրիայի հյուսիսը զիջելով Թուրքիային, Ռուսաստանը թուրքական քարտ-բլանշ է ստացել  ադրբեջանական ուղղությամբ: Ընդ որում, խնդիրը կարող է դրվել «չվերահսկվող տարածքներ ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը կանխարգելելու» կտրվածքով: Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ Ադրբեջանում մամուլը տոտալ վերահսկողություն տակ է առհասարակ, նման նուրբ թեմաների պարագայում՝ հատկապես: Եւ եթե այս պայմաններում լրատվամիջոցներից մեկը չափազանց խորքային մեկնաբանություն է հրապարակում, ապա չպետք է կասկածել՝ խնդրի շուրջ ռուս-ադրբեջանական քննարկումներ են ընթանում: Այլ բան է, թե Իլհամ Ալիեւը կհամաձայնի՞ Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության վերականգնման գնով ԼՂ հարցում ինչ-որ «առաջընթացի» տարբերակին: