«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»․ Աննա Հակոբյանը՝ վարչապետին պարբերաբար ուղեկցելու մասին

«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»․ Աննա Հակոբյանը՝ վարչապետին պարբերաբար ուղեկցելու մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության արդյունքները։ Ասուլիսի ընթացքում հնչեցին հարցեր՝ կապված նաև նրա անձի, որոշակի քայլերին առնչվող քննադատությունների շուրջ։

Hraparak.am-ը հիշեցրեց տիկին Հակոբյանին իր շրջագայությունների, գործուղումների ժամանակ ամուսնուն ուղեկցելու մասին, որի վերաբերյալ ինքը Հ1-ի եթերում պարզաբանել էր, թե ինքն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի հասցնում շփվել ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և այդ գործուղումներն առիթ են՝ նրա հետ շփվելու։

Մենք նկատեցինք, որ նախկին վարչապետերն ու նախագահներն էլ էին ծանրաբեռնված ու խիտ գրաֆիկով աշխատում՝ անկախ արդյունքից, և նրանց կանայք էլ ժամանակ չէին ունենում հաճախ շփվել իրենց ամուսինների հետ, բայց, ի տարբերություն իրեն, ամեն առիթով նրանց հետ գործուղման չէին մեկնում, որ շփվեն հետը։ Մյուս կողմից, վարչապետից ոչ պակաս ծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում կառավարության շատ այլ անդամներ ևս, նաև որոշ պատգամավորներ, նույնկերպ նրանց կանայք կարող են բյուջեի հաշվին ամեն անգամ իրենց ամուսիններին ուղեկցել օտարերկրյա այցերի ժամանակ։

Աննա Հակոբյանն այս ամենին տվեց յուրօրինակ պատասխան, որից հասկացանք, որ պատճառը միայն ու միայն ամուսնու հանդեպ սերն է և ոչ ավելին։ Նա նույնիսկ երազում է մնալ տանն ու չմեկնել գործուղումների կամ չուղեկցել ամուսնուն, բայց ստիպված է դա անում՝ հանուն երկրի բարօրության։

Տիկին Հակոբյանը նախ ընդգծեց, որ ինքը պետբյուջեի հաշվին չի մեկնում, և հավելյալ գումար չի նստում դա բյուջեի վրա։ Ապա անդրադարձավ նախորդների հետ համեմատությանը։

«Դե, նախորդները չէին անում, բայց ես ի՞նչ ասեմ, չգիտեմ՝ ինչու չէին անում, իրենք էլ կարող էին, իրենք էլ ունեին էդ հնարավորությունը, երբ որ իրենց ամուսինները մեկնում էին որևէ տեղ, կարող էին նստել ինքնաթիռ և իրենց կողքը լինել։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ ինչի չէին անում։ Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ի՞նչ ասեմ»,- ամուսնուն ուղեկցելը սիրո հանգույն պատճառաբանեց Նիկոլ Փաշինյանի տիկինը։

Նա նաև նշեց, որ ինքը կարող էր իր ամուսնուն ուղեկցել միայն պաշտոնական այցերի ժամանակ՝ նախատեսված արարողակարգով, երբեմն էլ՝ անհատական ձևով, և ոչ ոք չէր նկատի դա, այդ հարցն էլ չէր առաջանա, չէին խոսի։

«Բայց, օրինակ, Միացյալ Նահանգներ գնացի՝պատվիրակությամբ՝ դա էլ է թեմա, հետո էլի կգնամ, Ղազախստան գնացի՝ էլի առանց ամուսնու, դրա համար մի քիչ շատ է ստացվում, ի՞նչ ասեմ։ Դա, իհարկե, դժվար է, առաջին հերթին ինձ համար է դժվար։ Բայց, մյուս կողմից, ֆինանսական իմաստով, որ այդքան դրա տակ փորձում են գտնել փողերի վատնում, ես ԱՄՆ-ի օրինակը բերեմ՝ 10 մլն դրամ ենք ծախսել այցի վրա, Հայաստան ենք բերել 755 մլն դրամ։ Այսինքն՝ ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ, ես ունեմ մեծ ընտանիք, ես ունեմ ամուսին, որի կողքը պետք է լինեմ Հայաստանում, ես ունեմ երեխաներ, փոքրիկ, որին ամեն անգամ թողնելն ու որևէ տեղ գնալը շատ մեծ սթրես է և՛ ինձ համար, և՛ իր համար։ Ես ուղղակի, հենց այնպես չեմ գնա որևէ տեղ։ Այսինքն՝ ես ոչ թե պետական ռեսուրս չեմ ծախսի, այլ ես իմ ընտանիքի ժամանակից չեմ ծախսի, ես իմ երեխայից չեմ ծախսի, որպեսզի գնամ»,- ասաց նա։

Նկատեցինք, որ խոսքն այդքան ռեսուրսների վատնման մասին չէ, որքան մշակույթի, տիկին Հակոբյանն ասաց․ «Դե, մշակույթի առումով էլ ասացի՝ նախկինում որևէ ղեկավարի տիկին այսքան ակտիվ գործունեություն չի ծավալել։ Մեկ անգամ էլ ենք էդ մասին խոսել։ Եթե գտնում եք, որ դա վատ մշակույթ է, և պետք չի, որ ես դա անեմ, ես սիրով հենց վաղվանից կդադարեցնեմ։ Եթե մեկ անգամ մեկն ասի, որ դա վնասում է մեր երկրին, ես իսկապես սիրով կդադարեցնեմ։ Եվ դուք գիտեք, որ ես ունեմ շատ սիրած աշխատանք, որը շատ կարոտում եմ ու հիմա դժվար եմ դիմանում և որոշել եմ հունիս ամիսն ամբողջությամբ անցկացնել «Հայկական ժամանակում»՝ նորմալ աշխատանքային օրով, նաև էնտեղ նյութերը կարդամ, որովհետև իսկապես առանց դրա դժվար է»։