Վերադառնալ նախնական փիլիսոփայությանը

Վերադառնալ նախնական փիլիսոփայությանը

Ղարաբաղյան կարգավորման առաջին հայեցակարգի հեղինակային իրավունքը, հավանաբար, պատկանում է ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովին: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ստուպիշինը վկայում է, որ 1994թ. փետրվարին Ռուսաստանի արտգործնախարարությունը բավական կոշտ ճնշումներ էր գործադրում հայկական կողմերի վրա՝ Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» զորքերն անհապաղ դուրս բերելու պահանջով: Ռուսաստանն Ադրբեջանի հետ աշխարհաքաղաքական խնդիրներ էր փորձում կարգավորել:

Այդ վճռական պահին նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը: Խնդիրը տարածքային զիջումների պահանջից տեղափոխվեց հակամարտության իրական կողմերի՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բաժանարար գծի (փաստացի սահմանազատման) հարթություն: Հրադադարին հաջորդած բանակցություններն ընթանում էին  այս տրամաբանությամբ՝ տեղի է ունենում հակամարտ զինված ուժերի սահմանազատում, ազատված չեզոք գոտի են մտնում ռուս խաղաղապահներ, կնքվում է հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին եռակողմ համաձայնագիր, իսկ ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս նախագիծը Բաքվի կողմից մերժվեց: Հեյդար Ալիեւը Ելցինին հետ բարդ, հակասական հարաբերություններ ուներ, չէր վստահում նրան: Դեր խաղաց նաեւ ԱՄՆ-ի միջամտությունը, որ դեմ էր ԼՂ հակամարտության գոտում ռուսական զինված ներկայությանը՝ միանգամայն հասկանալի պաճառներով: Գրաչովի հայեցակարգը, սակայն, մնաց օրակարգային: 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը միայն թեթեւակի խմբագրեց այն՝ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի միջեւ բաժանարար գծի քարտեզագրումը վերապահելով Բարձր պլանավորման խմբին, իսկ խաղաղապահ առաքելությունը ռուսականից վերափոխվեց բազմազգ զինված ներկայության:

Այս հայեցակարգի հիման վրա է մշակվել հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին եռակողմ պայմանագրի նախագիծը, որ կողմերին պաշտոնապես ներկայացվել է 1997թ. դեկտեմբերի 2-ին եւ առավելապես հայտնի է ԼՂ կարգավորման փուլային տարբերակ անվանումով: Առաջին անգամ «ԼՂ շուրջ տարածքներ» եւ դրանք «Ադրբեջանին վերադարձնելու» մասին ձեւակերպումները շրջանառվել են 1999թ. Քոչարյան-Ալիեւ ուղղակի բանակցություններում, երբ քննարկվում էր նախկին ԼՂԻՄ տարածքը Լաչինի միջանցքով Հայաստանին միավորելու եւ փոխարենը Հայաստանի հարավում Ադրբեջանին դեպի Նախիջեւան սուվերեն ճանապարհ տալու (տարածքային փոխանակման կամ փաթեթային լուծման) տարբերակը: Այն, ինչպես հայտնի է, չգործնականացավ, բայց հայկական դիվանագիտությանը, ցավոք, չհաջողվեց քննարկումներից դուրս թողնել «ԼՂ շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու» հայեցակարգը, որ տեղ գտավ նաեւ «մադրիդյան սկզբունքներում» եւ այդ հիման վրա մշակված հետագա առաջարկություններում: Հոռետեսները կարող են առարկել՝ ի՞նչ տարբերություն հակամարտ զորքերի միջեւ բաժանարար գիծ սահմանելու եւ ներկայումս բանակցային հիմք հանդիսացող հայեցակարգի միջեւ, երկու դեպքում էլ կունենանք առկա ստատուս-քվոյի փոփոխություն: Առարկայորեն դա այդպես է: Բայց մի բան է բաժանարար գծի  եւ այլ՝ շրջան առ շրջան Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու շուրջ բանակցել: Բաժանարար գծի հայեցակարգն, ըստ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշման, որը ոչ ոք չի բեկանել, ինքնին Լեռնային Ղարաբաղի սուբյեկտություն է ենթադրում եւ, ինչպես վերեւում ասվեց՝ փաստացի նշանակում է Ադրբեջանի եւ ԼՂ միջեւ սահմանազատում: ԵԱՀԿ Բարձր պլանավորման խումբն այստեղ իր կոորդինատները կարող է ունենալ, Լեռնային Ղարաբաղն՝ իրենը: 1997թ. «փուլային» տարբերակով, օրինակ, բուֆերային գոտի էր նախկին ԼՂԻՄ-ը եւ Լաչինի ողջ շրջանն Ադրբեջանից բաժանող գիծը, իսկ Հայաստանն իր կողմից առաջարկում էր ներառնել նաեւ Շահումյանի շրջանի տարածքը:

Այսինքն, միանշանակ չէ, որ Բարձր պլանավորման խմբի առաջարկություններն ընդունելի էին բոլոր կողմերի համար, դա էլ հենց բանակցությունների առարկան էր: ԼՂ կարգավորմանը հետեւող որոշ փորձագետներ արդեն իսկ արդարացիորեն նշում են, որ պետության առաջին դեմքերի ձեւաչափով համաձայնության գալու հավանականությունը չափազանց նվազ է, կա բանակցությունները փորձագիտական, այդ թվում՝ ռազմական մակարդակներում ինտենսիվացնելու անհրաժեշտություն: Այս իմաստով հայկական կողմը, թերեւս, հնարավորություն ունի վերադառնալու կարգավորման նախնական փիլիսոփայությանը: