Իշխանության «անազնիվ» քննադատները

Իշխանության «անազնիվ» քննադատները

Իշխանության ձախավեր արտաքին քաղաքականության անսխալ վկայությունը ղարաբաղյան հակամարտության  լուծման նկատմամբ երբեմն կրավորական, երբեմն զիջողական, երբեմն անտարբեր, երբեմն մոռացկոտ, բայց համարյա միշտ անորոշ կեցվածքն է, ինչի պատճառով էլ այս իշխանությունը ենթարկվում է ամենակոշտ քննադատությունների։ Մանիպուլացնելով խնդրի լուծման տեսլականն ու հավանական զարգացումները՝ իշխանությունը սկսել է զբաղվել նաև մանիպուլյացիայի էքսպորտով․ նրանց թվացել է, թե կարող են մանիպուլացնել Իլհամ Ալիևին ու ադրբեջանական ժողովրդին, քանի որ հաջողել են դա անել «ներսում»։ Բայց  հարևան պետության առաջնորդը փաշինյանական «կիրթ, կառուցողական Ալիև» խայծն ակնհայտորեն կուլ չի տվել, չի էլ պատրաստվում։ Նա պատրաստվում է ուրիշ բանի, որը, սակայն, մերօրյա իշխանության ներկայացուցիչների պատկերացումների մեջ չի տեղավորվում, քանի որ նրանք այդպիսի բան «կիրթ, կառուցողական Ալիևից» իհարկե՛  չեն սպասում։ 

Եվ երբ ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ քաղաքագիտական շրջանակները ներիշխանական այս երանավետ դինջ ընկալումները փորձում են չեզոքացնել քննադատությունների միջոցով, երբ արժանիին փոքր-ինչ գերազանցող քննադատության չափաբաժնի օգնությամբ փորձում են ուշքի բերել թմբիրի մեջ նիրհող, զգոնությունը կորցրած  հայրենի կառավարիչներին, վերջիններիս զանազան «օրգանների» կողմից արժանանում են հեգնանքի, քամահրանքի, դավաճանի պիտակի․․․ 

ՀՀ կառավարության առերևույթ ոչ պաշտոնական օրգան «Հայկական ժամանակ» թերթը, օրինակ, խտացնելով գույները,  անցնելով բարեվարքության ու բարոյականության սահմանները՝ Արցախի խնդրով իշխանությունների դիրքորոշումը քննադատողներին մեղադրում է․․․  անազնվության մեջ։  Բարոյական առումով սա ծանր մեղադրանք է՝ ուղղված ընդդիմադիրներին, քաղաքական առումով՝ առավել ծանր հարված է սեփական երկրի անվտանգային խնդիրներին։

«Բանակցային գործընթացի թեմաներով իշխանություններին քննադատողներն, իհարկե, շատ լավ հասկանում են այս ամենը։ Բայց քանի որ սա մեր ժողովրդի համար ամենազգայուն թեման է՝ չեն դիմանում անիմաստ աղմուկ բարձրացնելու գայթակղությանը։ Սա, ինչ խոսք, քաղաքական դիվիդենտներ շահելու ամենաազնիվ մեթոդը չէ, չնայած՝ ումի՞ց ենք ազնվություն ակնկալում (ընդգծումն իմն է՝ Լ․ Ս․)»,- գրում է թերթը մայիսի 23-ի խմբագրականում։ Եվ քանի որ բոլորիս համար պարզ է, թե ով է այս օրգանի իրական խմբագիրը (գոնե խմբագրականների մասով), այսպիսի բնորոշումը՝ տրված իշխանության քննադատներին, դառնում է պաշտոնական տեսակետ։ Ասել է թե՝ իշխանություններն իրենց քննադատողներին պաշտոնապես մեղադրում են անազնվության մեջ, ընդ որում՝ հեգնելով, թե նրանց շրջանում անազնվությունն այնքան է խորացել, որ վաղուց անհուսալի-անհնար բան է ազնվություն ակնկալելը։ 

Եվ ազնիվը, բնականաբար, իրենք են, ընդսմին՝ ո՛չ միայն ազնիվ․  նաև այնքան հումանիստ են, որ մարդասիրաբար չեն խախտում հարևան պետության ղեկավարի կիրթ և կառուցողական լինելու «կանխավարկածը», բայց ահա հեշտ ու հանգիստ, գրչի մի հարվածով ոչնչացնում են իրենց հայրենակից քննադատողների ոչ միայն ազնիվ լինելու իրողությունը, այլև դրա հավանականությունը։ 

ՀԳ․ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության ժամանակ Հայաստանի վարչապետը երախտագիտության խոսքեր հնչեցրեց արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանի հասցեին։ Ամենևին չէի կամենա կասկածել այդ խոսքերի անկեղծությանը և դրանք արտաբերողի ազնվությանը, եթե մի խոհ, երկար ժամանակ չլքող մի մտածում ինձ չխանգարեր․ մարդը եթե չի գիտակցել, որ ժամանակին, տուրք տալով նեղ-անձնական ցածր նկրտումներին, ամենաանխոհեմ կերպով  գետնով է տվել նույն Բակո Սահակյանի (ինչպես նաև երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի) միջնորդություն-խնդրանքը՝ Արցախի առաջին նախագահ Ռ․ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, չի չգիտակցել այդ քայլի հակաարցախյան  ողջ բացասական նշանակությունը, ուրեմն թույլ տվեք առայժմ ավելի շատ հավատալ «կիրթ և կառուցողական Ալիև»-ի նրա համոզմունքին, քան ղարաբաղյան հարցն իսկապես անձնականությունից վեր՝ հայանպաստ դիրքերից ընկալելու և ըստ այդմ քաղաքականություն վարելու համարձակությանն ու ազնվությանը։
Մնացածը՝ պարապ խոսքեր են։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ