Ինչու է «Արմենպրեսին» հարցազրույց տալիս վարչությունը, այլ ոչ թե Մհեր Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը

Ինչու է «Արմենպրեսին» հարցազրույց տալիս վարչությունը, այլ ոչ թե Մհեր Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման, հայտարարեց  վարչապետի աշխատակազմը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած փաստաթուղթը։ Նշվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հրապարակած քարտեզից էլ պարզ է դառնում՝ Ադրբեջանը կմոտենա մեր միջպետական ճանապարհին Բաղանիսի հատվածում, որի մի մասը Կիրանցի հատվածում կանցնի Բաքվի վերահսկողության տակ: Ոչ թե հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանը, ոչ թե վարչապետը, կամ որեւէ կոնկրետ անձ, այլ մարմինը՝ «Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը» պատասխանել է իբրեւ թե «Արմենպրեսի» հարցերին եւ ասել, որ քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: «Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք», - նշված է վարչության պատասխանում։

Սա նշանակում է, որ երկու օր առաջ Փաշինյանը գնաց Տավուշ, խաբեց մարդկանց` փափուկ բարձ դնելով տավուշցիների գլխի տակ, որ ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանին թղթով հանձնի նրա պահանջած չորս գյուղերը։ Իսկ փաստաթղթով էլ ամրագրի, որ մնացած ամեն ինչն էլ է հանձնելու եւ Հայաստանը դրա դիմաց ոչինչ չի ստանալու: