Քոչարյանի գործով դատավորի լիազորությունները կասեցվել են

Քոչարյանի գործով դատավորի լիազորությունները կասեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր, Aysor.am-ին տեղեկացրեցին Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից։

«Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են», -ասացին ԲԴԽ լրատվական ծառայությունից։ Քրեական գործի մանրամասների մասին, սակայն, այլ տեղեկություններ ԲԴԽ-ից չհայտնեցին։

«Ազատության» փոխանցմամբ, ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ասել է, որ քրեական գործ հարուցելու՝ Դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը` մերժվել: 

Ավելի վաղ Aysor.am անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Դավիթ Գրիգորյանը կասկածվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտարարել էր, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ոչ իշխանահաճո որոշում կայացնելու հանգամանքով։ 

Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանը որոշել էր փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը և կասեցնել նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը և ուղարկել Սահմանադրական դատարան՝ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը լուծելու համար։ 

նյութի աղբյուր՝ aysor.am