Ստեղծվել են երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խմբեր

Ստեղծվել են երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խմբեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից օրեր առաջ Մոսկվայում ստորագրված՝ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարության 13-րդ կետում նշվում է նաեւ «Կրթության բնագավառում համագործակցության հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խմբի» մասին։ ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչի մասին է խոսքը, երկկողմ աշխատանքային խմբերն արդեն ձեւավորվե՞լ են, թե՞ նոր են ձեւավորվելու, ովքեր են ընդգրկված լինելու այդ խմբերում, եւ որն է լինելու այդ խմբերի անելիքը։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ դեռեւս 2021թ․ դեկտեմբերի 21-22-ին կայացած ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության 12-րդ կետի համաձայն՝ կրթության ոլորտի հարցերի ընթացքը հավուր պատշաճի ապահովելու համար ստեղծվել են երկու միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ու ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարության, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ-ի եւ ՌԴ լուսավորության նախարարության միջեւ։ Աշխատանքային խմբերում երկուստեք ընդգրկված են նախարարությունների համապատասխան ոլորտները համակարգող ստորաբաժանումների ու ենթակա կառույցների պատասխանատուները եւ մասնագետները, որոնք մասնակցում են փոխհամագործակցության համատեղ ծրագրերի եւ նախաձեռնությունների մշակման ու իրագործման քննարկումներին, ինչպես նաեւ համապատասխան ճանապարհային քարտեզների պատրաստման աշխատանքներին։