Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 15

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 15

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր տասնվեցերորդ՝ ապրիլի 15:

2018թ․ ապրիլի 15

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հրապարակեց քաղաքացիական անհնազանդության գործողությունների իրենց ծրագիրը՝ փակել փողոցները: Բեմ բարձրացավ մի կին եւ ասաց. պարոն Փաշինյան, վստահեք ինձ, ես ամեն ինչ տալիս եմ ձեզ, իմ կյանքը, իմ բնակարանը, ես ձեզ 700 միլիոն գումար եմ բերում, սակայն խոսքը չավարտած՝ տիկնոջը բեմից իջեցրին: Լրատվամիջոցները լուսանկարներ հրապարակեցին, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ծառայողական ավտոմեքենան՝ պետհամարանիշները պոլիէթիլենային տոպրակով փակված, օգտագործում են հանրահավաքներում: Շարժումը դեռեւս մեծ թափ չէր հավաքել, բայց ձնագնդին արդեն գլորվում էր։

2019թ․ ապրիլի 15

Առավոտյան ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեցին #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը: Նրանք Երեւանի փողոցները պատել էին #sutNikol գրաֆիտիներով: Ազատ արձակվելուց հետո նրանք հայտարարեցին. «Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով ու կեղծիքով: Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ստի ու կեղծիքի մթնոլորտի ստեղծմամբ իշխանություն պահելու մեջ, բայց այսօր իր իշխանությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Մեզ մեղադրում են հանրային սեփականության ոչ նպատակային օգտագործման մեջ: Բայց դա իրավաչափ չէ:  Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի քայլարշավի օրերին անդրավարտիքով արագաչափ փակողին չէին պատժում, շենքերի վրա «մերժիր Սերժին» գրողին չէին պատժում»:
Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր բառախաղը եւ հեգնում իրեն քննադատողներին: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատել էր, որ մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու մասին վարչապետի հրահանգն աշխատանքային իրավունքների խախտում է: Նիկոլ Փաշինյանը նշում էր. «Կարծում եմ՝ եթե այսպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտվել են, որովհետեւ, ըստ Սահմանադրության, վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո նա պաշտոնանկության ենթակա չէր»:

2020թ․ ապրիլի 15

Պարզվեց, որ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը մեկնել է Դանիա՝ ծննդաբերելու, որ երեխան էլ իր նման Դանիայի քաղաքացի լինի: Իր եւ իր երեխաների ապագան Հայաստանում չտեսնող պետական պաշտոնյան արդեն երկրորդ երեխան է ունեցել՝ պարբերաբար դեկրետ ու արձակուրդ մեկնելով, այս ընթացքում ձախողել է ավիացիայի կառավարման ոլորտը, իր մեղքով Հայաստանի ավիաընկերությունները ներառվել են եվրոպական ավիափոխադրողների սեւ ցուցակում, միակ էժան լոուքոստերը, որը պետք է թռչեր Իտալիա, եւ որի շուրջ մեծ աժիոտաժ առաջացավ, 2 ամիս աշխատելուց հետո հեռացավ Հայաստանից, իսկ Տաթեւիկ Ռեւազյանը դեռ իր աթոռին է՝ բարձր աշխատավարձ է ստանում եւ Քաղավիացիայի պետական կոմիտեի ղեկավարի բարձր պաշտոնն է վայելում:

2021թ․ ապրիլի 15

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի՝ ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին եւ խոսելով 44-օրյա պատերազմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, դժգոհել է Ադրբեջանի նախագահից ու կարեւորել Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը: Հիշեցնենք, որ նախքան պատերազմը Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին կառուցողական էր որակել:

Շարունակելի

Արեգ Մարգարյան