Հատուկ ծառայություններին ոչ հատուկ վարքագիծ

Հատուկ ծառայություններին ոչ հատուկ վարքագիծ

Հայաստանյան քաղաքական դաշտն այս փուլում առավելապես գործակալական պայքար է հիշեցնում։ Օտարերկրյա եւ կամ ազդեցության գործակալները բացահայտորեն վխտում են հանրային ասպարեզում, տրամադրություններ ստեղծում, ԱԺ ամբիոնից եւ կառավարության նիստերում ելույթներ ունենում, քաղաքացիական հասարակության անունից կոչեր հնչեցնում, ավելին՝ երբեմն ընդդիմադիր որոշ շրջանակների հետ նույնականացվում։ Օտարերկրյա, այդ թվում՝ թշնամու գործակալական ցանցի ուղղակի ներկայացուցիչ իշխանությունը եւ նախեւառաջ՝ նրա հատուկ ծառայությունները, բնական է, ոչինչ չեն անում խոսույթն ազգային-պետական հուն փոխադրելու համար։

Ազգային անվտանգության ծառայությունը վաղուց դադարել է զբաղվել այն հարցերով, որոնք օրենսդրորեն վերապահված են նրան։ Պետական պահպանության ծառայության դուրսբերումն այդ կառույցի իրավասությունից ԱԱԾ-ի անգործունակության հերթական ցցուն փաստն է։ Արդյունքում՝ մեր հատուկ ծառայությունն ու նրա ղեկավար Արմեն Աբազյանը միաժամանակ ողբերգական եւ ծիծաղելի վիճակում են հայտնվել, քանի որ ԱԱԾ-ի սպաների համար ցածրորակ ու էժանագին գործով են զբաղված։ Ժամանակին ընկած էին սոցցանցային կեղծ օգտահաշիվներ բացահայտելու, հետո՝ սոցիալական ծառայության տարածքային կառույցներում կաշառքի դեպքերի հետեւից, այն դեպքում, երբ երկրի բարձրագույն իշխանությունն ամեն օր իր խոսքով ու վարմունքով պետական դավաճանության, սահմանադրական կարգի տապալման, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության զիջման եւ այլ ենթադրյալ հանցադրվագներ է թույլ տալիս։

Փաշինյանի խորհրդարանական վերջին ելույթից հետո ԱԱԾ-ն, եթե իրապես ղեկավարվեր ազգային անվտանգության առաջնայնությամբ, պետք է անմիջապես ձերբակալեր նրան՝ ենթադրյալ պետական դավաճանության, Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության կոպտագույն խախտման մեղադրանքներով։ Եթե հատուկ ծառայությունը չի կատարում իր ուղղակի պարտականությունը, դառնում է հանցակից եւ իշխանափոխությունից հետո անխուսափելիորեն պատասխան է տալու դատարանի առաջ։ Իհարկե, Արցախն ամբողջապես թշնամուն թողնելու մասին Փաշինյանի հավաստիացումները լցրին անգամ նրա շատ կողմնակիցների համբերության բաժակը, բայց չարժե մոռանալ, որ նա ձերբակալվելու տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմքեր էր տվել նաեւ ավելի վաղ, երբ հետեւողականորեն թուլացրել էր բանակն ու անվտանգության համակարգը՝ այդ հարցում հասնելով իրապես «աննախադեպ արդյունքի»։

Ռազմավարական խորություն ունեցող ցանկացած պետության հատուկ ծառայություն լրջորեն կուսումնասիրեր այն լեգիտիմ կասկածները, որ իշխող վարչախումբը ոչ թե անփորձ է կամ ապիկար, այլ կարող է դրսից նշանակված կամ հրահանգավորված լինել, ընդ որում՝ թշնամական Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ փաշինյանական վարչախմբի խոսքն ու գործելակերպը խրախուսվում եւ հավանություն են գտնում բացառապես այս երկու երկրներում։ Դեռեւս մինչեւ պատերազմը ԱԱԾ-ն, վստահաբար, կարող էր կասեցնել նաեւ Մանվել Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մի քանի այլ ռազմաքաղաքական գործիչների դեմ կասկածելի քրեական գործերի հարուցումը, սակայն լուռ կատարեց բութ գործիքի իր դերը։

Ընդդիմադիր պայքար սկսած Արթուր Վանեցյանը, վստահաբար, պետք է հանգամանորեն ներկայացնի իր պաշտոնավարման ընթացքում այս եւ մի շարք այլ մերժելի հետապնդումների բոլոր մանրամասները։ Ենթադրաբար՝ նպատակակետն այդ անձանց մեկուսացնելու միջոցով Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը հյուծելն էր ու ապագա պատերազմի վտանգի առաջ մեզ անպատրաստ թողնելը։ Գաղափարական նախապատրաստումն էլ արվել էր ոչ պատահական մարդու՝ ԵԿՄ նախագահ դարձած Սասուն Միքայելյանի ձեռամբ, որը, ըստ նրա որոշ զինակից ընկերների, 1993-ի վերջին որպես հրամանատար լքել էր Օմարի իր դիրքերը։ «Հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտը»,- ի լուր հայության եւ թշնամու ազդարարեց նա, իսկ հետո ապացուցեց, որ իր եւ կուսակիցների կյանքում, այո՛, «հեղափոխությունն» իրապես ավելի կարեւոր էր, քան Արցախը։

Դավիթ Սարգսյան