«Այո» հեղաշրջմանը, «ոչ» քաղաքացիական պատերազմին

«Այո» հեղաշրջմանը, «ոչ» քաղաքացիական պատերազմին

Մի առիթով ասել էի, որ սրա վերջը քաղաքացիական պատերազմն է: Մտավախությունս հաստատեց «Չորրորդ իշխանությունը» (4rd.am), որ օրերս մի լայն անդրադարձ էր ունեցել Փաշինյանի վերջին օրերի «հերոսություններին»: Անդրադարձի միտք բանին այն էր, որ Փաշինյանն իր կամքով երբեք չի հեռանա, արյուն կթափի, բայց չի հեռանա: Հիմա ստացվում է, որ կա՛մ ես եմ սկսել ՉԻ-ի պես մտածել, կա՛մ՝ հակառակը: Բայց, ի վերջո, կարեւորն այն է, որ սա գրում է ՉԻ-ն: Ինչքան էլ չլինի, այս լրատվամիջոցը Նիկոլի հոգեւոր հայրերի թերթն է, ու տվյալ դեպքում նրա ասածն է ավելի արժանահավատ:

Բացի այս արձանագրումը, ՉԻ-ն նաեւ մի բացահայտում էր արել, որից անգամ գլխապտույտ ունեցա՝ լավ իմաստով: Քաղաքացիական պատերազմից խուսափելու երկու ելք էին առաջարկել՝ կա՛մ ուժային հեղաշրջում, կա՛մ՝ պալատական: Սկզբում մտածեցի, որ փորձում են իրենց հոգեզավակին ուշքի բերել, հասկացնել, որ նա գտնվում է հեղաշրջման եզրին, բայց հետո տեսա՝ չէ, լուրջ են գրել եւ իսկապես հեղաշրջման միջոցով են տեսնում իշխանությունից Նիկոլի հեռացումը: Պատկերացրեք իմ ոգեւորությունը… Ես, որ մեկ տարի անց Օնիկ Գասպարյանի «հեղաշրջման փորձը» չեմ մոռացել ու ամեն անգամ ափսոսանք եմ հայտնում, որ Օնիկ Գասպարյանը 2021թ. փետրվարի 25-ին Նիկոլին չփակեց բունկերում, հանկարծ հայրենի մամուլում կարդում եմ, որ Նիկոլին հեղաշրջելը ոչ միայն ուղիղ, այլեւ միակ ճանապարհ է:

Այսպես, բարձր տրամադրության մեջ էի, մեկ էլ մի հիմար ձայն ներսից հարցրեց.
- Բա չե՞ս ուզում իմանալ, թե ինչու ՀԱԿ-ի ճամբարը հանկարծակի խոսեց հեղաշրջման անհրաժեշտությունից եւ այն էլ՝ առանց չակերտների:
- Չէ, չեմ ուզում, որ գրել են, արդեն լավ է, չեմ ուզում ոչինչ փորփրել,- պատասխանեցի ներքին ձայնիս:
- Իյա, հո քո ուզելով չի, բա չե՞ս հիշում, թե այդ հարցով ինչ վեճ ունեցան հայկական դեմոկրատիայի հայր Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ազգային լավատեսության հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը,- համառեց ձայնը:
- Վե՞ճ…
- Հա, վեճ, առաջին նախագահն ասում էր՝ հեղաշրջումը վատ բան է, իսկ երկրորդը՝ թե նայած ինչ հեղաշրջում:
- Եվ ո՞վ հաղթեց այդ վեճում:
- Ոչ-ոքի պրծավ:
- Այսինքն…
- Այսինքն՝ դադարեցին վիճել, մինչեւ որ «Չորրորդ իշխանությունը» նորից արծարծեց թեման:
Մի պահ իմ ու ներքին ձայնիս միջեւ լռություն տիրեց: Երկուսս էլ հասկանում էինք, որ նախագահների վեճը ոչ-ոքի չի ավարտվել: ՀԱԿ-ից խոսում են հեղաշրջման մասին՝ որպես փրկության ճանապարհի. ի՞նչ ոչ-ոքիի մասին է խոսքը:
- Հիմա ի՞նչ ես ասում,- դիմեցի ներքին ձայնիս,- գործերս թողնեմ, զանգեմ ՀԱ՞Կ:
- Եսիմ:

Քիչ անց ինձ ծանր խոհեր այցելեցին: Տեսնես որտե՞ղ է Նիկոլն այնպես «դավադիտ» արել ՀԱԿ-ին ու վերջինիս առաջնորդներին, որ նրանք որոշել են այսպես պատժել իրենց կապիտուլյանտ, հողատու, ստախոս շրջանավարտին: Իսկ որ Նիկոլն իշխանազավթումից հետո արեւին է փռել ՀԱԿ-ի ողջ կեղտոտ լվացքը, դա փաստ է: Ինչպե՞ս կարելի էր դիպչել ՀԱԿ-ի սուրբ գրքին՝ Մարտի 1-ին: Թե բա՝ Մարտի 1-ը բացահայտել եմ… Ու ի՞նչ էր բացահայտել: Դա կազմակերպիչների եւ իրականացնողների առումով միանգամայն հակառակ բացահայտում էր:

Պարզվեց՝ մեղավորներն ու կազմակերպիչները ՀԱԿ-ից էին եւ ՀԱԿ-ին սպասարկող շրջանակներից: Բոլորն իմացան, որ Մարտի 1-ը մի պարզունակ հեղաշրջման փորձ էր, որ իր տրամաբանական հանգուցալուծմանը չհասավ մի քանի պատճառով, այդ թվում՝ կազմակերպիչների փախուստի եւ իզոլացվելու: Ավելի ուշ Նիկոլն Արման Բաբաջանյանի եւ Սծյոպիկ Սաֆարյանի միջոցով ՀՀՇ-ի գլխին ջարդեց Հոկտեմբերի 27-ը: Զոհերի հարազատները, թերեւս բացառությամբ Արամ Սարգսյանի, շատ արագ հասկացան, որ այդ ամենը «նիկոլական ֆռթոն» է, եւ ավելին, քան Գագիկ Ջհանգիրյանն է բացահայտել, Նիկոլի խամաճիկները չեն կարողանալու անել: Բայց դրանից Հոկտեմբերի 27-ի իսկական կազմակերպիչների կյանքը չթեթեւացավ: Նրանց ճակատագիրն ուղղակի մազից էր կախված, իսկ իրենք՝ հինգ պակաս Նաիրի Հունանյանի կողքին հայտնվելուց:

Հետո արդեն եկավ պատերազմը, եւ Փաշինյանը բացահայտեց Տեր-Պետրոսյանի ամենապապական թեզի դատարկությունը: Արցախը տվեց, պատերազմը կարծես դադարեց, բայց պարզվեց, որ Սերգոն շարունակելու է վատ ապրել, որովհետեւ Ադրբեջանը, փոխանակ հաշտվելու իր «հաղթանակի» հետ, հիմա էլ Հայաստանն է ուզում: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես ափերից դուրս եկավ, Փաշինյանին անվանեց ազգակործան պատուհաս, իսկ նրա թիմին մեխեց անարգանքի սյունին՝ հայտարարելով, որ նրանք չգիտեն, թե ինչ աղետ են բերել հայ ժողովրդի գլխին: Եվ ահա, այս դրամատիզմի ֆոնին հանկարծ հնչում է վերդիկտը՝ եթե չեք ուզում քաղաքացիական պատերազմ, ուրեմն պետք է Փաշինյանին հեռացնել բոլոր միջոցներով, այդ թվում՝ հեղաշրջմամբ:

Ես միանգամայն համաձայն եմ: Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ 44-օրյա պատերազմից հետո, մեկ էլ 44-օրյա քաղաքացիական պատերազմը կարող է լինել: Եվ Փաշինյանը, այո, դրան պատրաստ է: Նա ունի հեղափոխության պահապանների իր գվարդիան, շուտով դրան կավելացնի նաեւ ՊՊԾ-ն, կողքից էլ ծռեր-մռերը կօգնեն, Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄՆ դեսպանը, եւ, խնդրեմ, քաղաքացիական պատերազմը պատրաստ է: Իսկ ի՞նչ ունենք մենք այդ ամենի դեմ՝ մի բանակ ու մի ոստիկանություն, որ չգիտես էլ, թե ում կողմը կանցնեն քաղաքացիական պատերազմի ժամանակ: Եվ, ուրեմն, հեղաշրջում բանակի, ոստիկանության, անվտանգության ուժերի միջոցով, քանի դեռ Նիկոլը չի հասցրել ոչնչացնել այդ կառույցներում գործող բոլոր հայրենանվեր գեներալներին ու սպաներին: