ՃՈ-ն շփոթել է համարներն ու վարչական ակտը այլ հասցեով ուղարկել

ՃՈ-ն շփոթել է համարներն ու վարչական ակտը այլ հասցեով ուղարկել

Քիչ առաջ «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Արայիկ Հայրապետյան անունով մի քաղաքացի և իր դժգոհություններ հայտնում Ճանապարհային ոստիկանությունից մի խնդրի առնչությամբ, որի մեղավորն ու պատասխանատուն հենց ինքը՝ ՃՈ-ն է։ Արայիկն ասաց, որ իր հասցեով վարչական ակտ է եկել, որի հասցեատերը, սակայն, ինքը չէ։ ՃՈ-ն շփոթել է իր և մեկ այլ նույնանման մեքենայի նույնանման համարներն ու ուրիշի կատարած խախտման տուգանքն ուղարկել իր հասցեով։

Արայիկի մեքենան 77 SV 777 համարներով Mercedes է, խախտում կատարած մեքենան նույնպես Mercedes է եղել, սակայն 77 VS 777 համարներով։ Այսինքն՝ տարբերությունն ընդամենը տառերի դասավորության մեջ է եղել, և ՃՈ-ով սխալվել Արայիկի համարներն են ֆիքսել ու նրա հասցեով են ուղարկել տուգանքը։ Արայիկ Հայրապետյանն էլ զանգահարել է ՃՈ և տեղեկացրել, որ ինքը չէ այդ խախտման հեղինակն ու խնդրել է ուղղել իրենց սխալը, ՃՈ-ից ընդունել են իրենց սխալը, բայց հրաժարվել են տեղում շտկել, ասել են՝ թող գա դիմում գրի, որ ինքը չէ խախտում կատարողը, որ ուղղեն։ Նա էլ տարակուսել է՝ ինչու պետք է ինքը ՃՈ-ի սխալի համար ժամանակ ու գումար ծախսի, գնա հասնի ՃՈ, որ դիմում գրի, սխալը ՃՈ աշխատակիցներինն է, իրենք էլ թող առանց քաղաքացուն հավելյալ նեղություն տալու ուղղեն իրենց սխալը։

Բայց Ճանապարհային ոստիկանությունից հրաժարվել են բանավոր կերպով իրենց սխալն ուղղելուց՝ ասելով, որ եթե չի գալիս դիմում գրելու, ուրեմն գործը կգնան հարկադիր կատարման ծառայություն։ «Խնդիրը գիտե՞ք ինչումն է, որ մեռանք մուծելով էդ ակտերը, որոնք մեր վրա են գալիս, հիմա մի հատ էլ պիտի սկսենք ուրիշների խախտումները մուծել։ Դու զանգում ասում ես՝ իմ ակտը չի, չմուծեմ, ասում են՝ եթե ուզում ես չմուծել, դու ժամանակ ծախսի, բենզին ծախսի, արի հասի ստեղ, որ բողոքարկես։ Ասում եմ՝ ես չեմ բողոքարկում, ես ինչի՞ համար բողոքարկեմ, ասում են՝ դե, եթե չես ուզում, ուրեմն կգնա Հարկադիր»,- Hraparak.am-ին իր դժոգոհությունը հայտնեց ՃՈ-ի վերաբերմունքից դժգոհ քաղաքացին։

 

Հ․Գ․ Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ՃՈ-ից կապ են հաստատում Արայիկ Հայրապետյանի հետ, ներողություն խնդրում իրենց աշխատակիցների թույլ տված սխալի համար և խոստանում խնդիրը տեղւոմ կարգավորել՝ առանց քաղաքացուն ավելորդ նեղություն տալու։ Փաստորեն, որ ուզում են, կարողանում են այնպես անել, որ իրենց աշխատանքից մարդիկ չտուժեն։ Ափսոս՝ մամուլով բարձրաձայնելուց հետո միայն։