«Ուրարտուն» մոտ 12 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը կխզի

«Ուրարտուն» մոտ 12 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը կխզի

Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Ուրարտուն» (նախկին «Բանանց») կդադարեցնի համագործակցությունը 12 ֆուտբոլիտների հետ: Այս մասին «Փյունիկից» 0-1 հաշվով կրած պարտությունից հետո հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 
«Այս խաղով մենք ավարտեցինք մրցաշրջանը: Այն կարելի է համարել ոչ միայն չհաջողված, այլև ձախողված: Ես էլ իմ մասնակցությունն ունեմ դրանում: Ես արդեն նշել եմ, որ գավաթի կիսաեզրափակչի խաղում ես իմ փոփոխություններով զրկեցի թիմին եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Ճիշտ է, սա թեորիա է, բայց իրականում սխալ էր: Այս մրցաշրջանի մեծ մասն աշխատեց Իլշատ Ֆայզուլինը, հետո եկա ես։ Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ու ինքս, օրինակ, գոհ չեմ իմ աշխատանքից, բայց կարող եմ ասել, որ ղեկավարության հետ արդեն արել ենք եզրակացություն, պետք է դադարեցնենք համագործակցությունը մոտ 12 ֆուտբոլիստի հետ, կարծում եմ՝ սա շատ բանի մասին է խոսում։ Ժամանակն է փոփոխությունների, եթե խոսքը գնում է օտարերկրացիների մասին, մենք ուզում ենք ունենանալ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ» ,- նշել է մարզիչը։

Գրիգորյանը անդրադարձել է նաև ակումբի ապագա ծրագրերին։

«Շատ քիչ են, բայց տեսնում ենք, որ կան լեգեոներներ, որոնց վրա կարող ենք հույս դնել հետագայում ու գնալ առաջ: Օրինակ՝ Պիտեր Մուտումոսին: Երբ ես ընդունեցի թիմը, նա վնասվածք ուներ այդ ժամանակ և դրանից առաջ էլ հիմնական կազմի խաղացող չէր: Տեսնում ենք, որ այսօր այս հենակետային կիսապաշտպանը Հայաստանում լավագույններից է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ոչ թե լավագույնն է, այլ լավագույններից մեկը։ Ես կարծում եմ, որ մենք հիանալի հնարավորություն ունեցանք խաղաժամանակ տրամադրել տեղի երիտասարդ սաներին դրսևորելու իրենց: Այս խաղը չհաշված, ամփոփելով կասեմ, որ արդարացրեց Գևորգ Տարախչյանը, ոչ այս խաղում, այլ՝ ընդհանրապես: Ես կարծում եմ, որ նա դեռ հաջորդ մրցաշրջանում կպայքարի հիմնական կազում իր տեղի համար, ինձ դուր եկավ՝ ինչպես են առաջադիմել Հակոբ Հակոբյանը, շատերն են լավ աշխատել, դանդաղ բայց վստահ քայլերով առաջադիմել է նաև Կարեն Մելքոնյանը, այսօր հիմական կազմում նորամուտը նշեցին 2 ֆուտբոլիստներ՝ Էրիկ Սիմոնյանը և Սամվել Հակոբյանը։ Հուսով եմ տեսաք, որ ունենք արժանի կենտրոնական պաշտպան ի դեմս Էրիկ Սիմոնյանի, եթե չեմ սխալվում նա 17 տարեկան է, մյուսը Սամվել Հակոբյանն է, նույնպես 17 տարեկան է, այսօր խաղաց հարձակվողի դիրքում, այսինքն այս առումով կա դրական շարժ: Այն, որ մենք հնարավորություն տվեցինք տեղի սաներին իրենց նորամուտը նշել պաշտոնական խաղերում, նրանցից մի քանիսը իրենց այնպես դրսևորեցին, որ արդեն լինելու են հիմնական կազմում»,- նշել է մարզիչը։