Սամվել Ալեքսանյանի եղբորորդու գործով դեռեւս կարգավիճակ ունեցողներ չկան

Սամվել Ալեքսանյանի եղբորորդու գործով դեռեւս կարգավիճակ ունեցողներ չկան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջեւ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին միջադեպ էր տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները ուժ էին կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ։ 

«Հրապարակին» ներկայացրած պարզաբան մեջ ոստիկանությունը նշել էր, որ հնչեցրած հայհոյանքների, ոստիկանների պահանջներին չենթարկվելու, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար միջադեպի մասնակիցները տեղափոխվել են ոստիկանության կենտրոնական բաժին, նախապատրաստվում են նյութեր»։

Մեզ հետ զրույցում  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ վերոնշյալ գործով դեռևս տվյալներ չկան, նախաքննություն է ընթանում, գործով կարգավիճակ ունեցեղ անձ չկա։

Միջադեպի մասնակից Արտակ Ալեքսանյանի ընկերներից Ռոման Մուրադյանը(Նորագյուղցի Ռոման) մեզ փոխանցեց, որ տեղյակ է հարուցված քրեական գործից, սակայն նշեց, որ գործով կարգավիճակ ունենալ-չունենալու մասով, այս պահի դրությամբ համենայն դեպս չի ծանուցվել։