Այս պայմանները թելադրում են նոր աշխատաոճ

Այս պայմանները թելադրում են նոր աշխատաոճ

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել էր կորոնավիրուսի տարածման կանխարգելման եւ սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները:  

Քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ էին հնչել, մասնավորապես՝ փորձերը կազմակերպել տվյալ կառույցներին պատկանող բացօթյա, սակայն փակ մուտքերով տարածքներում՝ կանխելու վարակի տարածման հնարավորությունը, պահպանել անվտանգության բոլոր նորմերը, ապահովել աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով՝ համապատասխան ֆինանսական փոփոխություններ կատարելու միջոցով։ Ինչպես նաեւ քննարկվել էր փոքր խմբերով փորձեր անելու տարբերակը:

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա սպասում են կարանտինի ավարտվելուն, որպեսզի կարողանան հանգիստ ելումուտ անել թատրոնի շենք․ «Բոլոր դեպքերում, մտածում ենք, որ պետք է նոր ներկայացումների աշխատանքները սկսել, բայց այդ ներկայացումները պետք է լինեն սակավաթիվ, այսինքն՝ քիչ գործող անձերով, որպեսզի հնարավոր լինի ներկայիս պայմաններում, տարածությունը միմյանցից պահպանելով, աշխատել։ Կլինեն մոնոներկայացումներ, այնպիսի պիեսներ, որտեղ դերակատարների թիվը քիչ կլինի՝ 2-3 հոգի, որպեսզի հնարավոր լինի ստեղծված պայմաններում աշխատել»։

Վ․ Շահվերդյանն ընդգծում է՝ աբելյանցիների համար շատ կարեւոր է շենքի վերանորոգման հարցը, ինչի առիթով հանդիպման ընթացքում փոխնախարար Խզմալյանը նշել է, որ հաստատվել է շենքի վերանորոգման հարցը․ «Հիմա սպասում ենք, երեւի շուտով ինչ-ինչ աշխատանքներ արդեն կսկսվեն, բայց շենքի վերանորոգումը դեռ չի նշանակում, որ անմիջապես շենքը պետք է փակեն։ Մենք ցանկացած դեպքում կշարունակենք մեր աշխատանքները, իսկ թե երբ հնարավոր կլինի ներկայացումներ խաղալ, այդ մասին դեռ ոչ ոք ոչինչ ասել չի կարող»։

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա․ «Երբ կհասկանանք, որ հնարավոր է հանդիսատեսին ներգրավել եւ բերել թատրոն, կմտածենք որոշ տարբերակներ, օրինակ՝ դահլիճում հեռավորությունը 1-2 մետրի չափով պահպանելը, մի կարգում կնստի 3-4 հոգի, այսինքն՝ ներկայացումները կընթանան 50-60, իսկ լավագույն դեպքում՝ 70 հոգու համար։ Այսպես աստիճանաբար կաշխատենք, կտեսնենք, թե ինչպես կյանքը կդրսեւորվի»։  

Ինչպե՞ս են ֆինանսական խնդիրները լուծելու, քննարկե՞լ են արդյոք դա փոխնախարարի հետ։ «Փոխնախարարի մտահոգությունը, որը հիմնականում ստեղծագործական հարցերին էր վերաբերում, կարծում եմ՝ շատ տեղին էր, որովհետեւ, եթե ամիսներ շարունակ արվեստագետը՝ դերասանը, բալետի արտիստը, անգործության մատնվի, հնարավոր է հետագայում դժվար լինի վերականգնել հենց միայն իր մարմինը։ Կարծում եմ՝ տեղին էր մտահոգությունը, եւ թատրոնները պետք է ինչ-ինչ բաներ ձեռնարկեն։ Այս պայմանները թելադրում են նոր աշխատաոճ»։

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասում է, որ քննարկման ժամանակ հնչել են կոնկրետ առաջարկներ, որպեսզի պարետը թույլ տա այս կամ այն ձեւաչափով փորձերն անցկացնել, բայց առայժմ որեւէ պատասխան չկա։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ գոնե բացօթյա փորձերը սկսենք։ Այսպիսի նախագիծ դեռ 2 ամիս առաջ մեր թատրոնում երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանն էր ուզում սկսել, որն իրենից ներկայացնում է հետաքրքիր ժամանակակից լեհական պիեսի բեմադրություն։ Նա նախատեսում էր 2 տարբերակով անել այդ ներկայացումը, թե՛ դահլիճում, թե՛ ռուսական թատրոնի բակում, որպես էքսպերիմենտալ տարբերակ։ Հենց թույլտվությունը ստանանք, Գոռ Մարգարյանը կվերսկսի իր փորձերը, հատկապես որ թիմը փոքր է՝ 4 դերասանուհի են զբաղված պիեսի մեջ։ Այնպես որ, կարծում եմ՝ այդ տարբերակով հնարավոր կլինի փորձերը սկսել»,- ասում է նա ու նկատում, որ ինչքան հնարավոր է՝ նվազեցնում են ռիսկի գործոնները։

«Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էլ առաջիկայում նախատեսում է 2 ներկայացման փորձեր սկսել, մեկը «Բալենու այգին» է, մյուսն էլ՝ մի կոմեդիա, որը հետաքրքիր կլինի, իսկ սեղանի շուրջ փորձերը 2-3 հոգանոց կլինեն՝ իրարից 2 մետր հեռավորությամբ, դիմակներով, որպեսզի վտանգի գործոնը նվազեցնենք»,- ասում է Մխիթարյանը։

Այս օրերին մշակութային օջախների տնօրեններն ահազանգում են, որ մեծ ֆինանսական կորուստներ են կրել, կրճատվել են արտաբյուջեն, տոմսային տնտեսությունը, ռուսական թատրոնի դեպքում կորուստներն ինչքա՞ն են կազմում։ «Բնականաբար, թատրոնի բյուջեն կազմավորվում է թե՛ դահլիճի վարձակալություններից, թե՛ տոմսերի վաճառքից, ու առայժմ, հասկանալի է, այդ ամեն ինչը չկա։ Հիմա ողջ աշխարհն է բարդ հոգեբանական եւ ֆինանսական իրավիճակի մեջ, մենք այդ առումով բացառություն չենք»,- ասում է տնօրենն ու հավելում, որ ռուսական թատրոնն այս օրերին արեց էքսպերիմենտալ ընթերցում․ «Ապրիլի 21-22-ին նախատեսված էր առաջնախաղ՝ Դոստոեւսկու «Խեղճ մարդիկ» վեպի հիման վրա, եւ այս իրավիճակում թատրոնը հարմար գտավ նկարահանել այդ ընթերցումը։ Իսկ ընդհանրապես, այս դադարից մենք բոլորս պետք է դասեր քաղենք եւ, այսպես ասած, ռեստարտ լինենք»։