Եթե 2 շաբաթը մեկ թեստը պարտադիր է, դրա ծախսերը պետք է սուբսիդավորի պետությունը

Եթե 2 շաբաթը մեկ թեստը պարտադիր է, դրա ծախսերը պետք է սուբսիդավորի պետությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել։ Այս ամենը քաղհասարակությունը, իրավաբանները գնահատում են ոչ այլ ինչ, քան պարտադրանք, անօրինական քայլ մարդու իրավունքների դեմ։

Պետության պահանջով՝ այն աշխատողները, ովքեր չեն պատվաստվել, երկու շաբաթը մեկ անգամ, իրենց հաշվին, պետք է ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն։ Հակառակ դեպքում՝ գործատուն կարող է ազատել աշխատանքից։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախաձեռնություն է սկսել՝ «Ազատ կամք» անունով։ Դա մի նախաձեռնություն է, որը ստեղծվել է փաստաբանների, բժիշկների, դեղագործների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, լրագրողների եւ այլ ոլորտների մասնագետների մասնակցությամբ։ Նախաձեռնության կազմում ընդգրկված իրավաբանները զբաղվելու են իրավական հարցերով։ Փաստաբան Արաքս Վարդանյանը մեզ հայտնեց, որ աշխատողներին պարտադրված՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության մասին փաստաթուղթ ներկայացնելու կամ պատվաստվելու վերաբերյալ որոշման դեմ իրենք հայց են ներկայացնելու վարչական դատարան։ Դեռեւս աշխատում են հայցի վրա, այս պահին այլ պրոցեսներ չկան։

Փաստաբան, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ աղմկահարուց որոշումը խայտառակ ձեւով անօրինական է․ «Որեւէ ձեւով դա չի կարող  առնչություն ունենալ Սահմանադրության կամ Աշխատանքային օրենսգրքի հետ։ Տպավորություն է, որ առողջապահության նախարարը որեւէ պատկերացում չունի պետության պոզիտիվ եւ նեգատիվ պարտականությունների մասին։ Պետությունը չի կարող իր պարտականությունից բխող հարցերը տեղափոխել կամ բարդել աշխատողների կամ այլ անձանց վրա։ Ենթադրենք․ եթե գտնում են, որ այդ ՊՇՌ թեստը կատարվի երկու շաբաթը մեկ, ապա այդ թեստի բոլոր ծախսերը պետք է սուբսիդավորի պետությունը, երկրորդ կարծիք չկա։ Եթե պետությունը նման կերպ փորձում է կարգավորել իրավիճակը, դրա բեռը պետք է կրի պետությունը։ Այլ հարց է, որ, ենթադրենք, նման դեպքում կարգը խախտող վարքագիծ դրսեւորող քաղաքացին կարող է պատասխանատվության ենթարկվել, բայց աշխատանքից հեռացնելն է աբսուրդ։ Աշխատանքային իրավունքի երաշխիքները բխում են սոցիալական պետության սկզբունքից»։

Ըստ Վարդեւանյանի, մյուս աբսուրդն այն է, որ քաղաքացիների համար «պարտականություններ» կարող են սահմանվել օրենքով, դա չի կարող լինել նախարարի հրամանով․ «Օրենքով նախատեսված նման պարտականություն ես չեմ տեսել։ Նախարարի կամ այլ գերատեսչության ղեկավարի հրամանները կարող են լինել նորմատիվային բնույթի, բայց չեն կարող լինել այնպիսին, որ շրջանցեն օրենքը, իսկ Սահմանադրությունն այստեղ երկընտրանքի տեղ չի էլ տալիս․ պարտականությունները կարող են լինել օրենքով։ Ես այստեղ ուրիշ բան եմ տեսնում․ պետությունը ո՞նց չկատարի իր պոզիտիվ պարտականությունը։ Բոլորի համար պարզ է, որ պատվաստումը կարող է ունենալ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կոմպոնենտներ, բայց պատվաստումը երբեք չի կարող լինել երկընտրանքի կամ մարդուն փակուղի մտցնելու գնով, այն պետք է լինի գիտակցված որոշում։ Պետությունը պետք է շատ լուրջ ջանքեր գործադրի, որպեսզի մարդկանց պարզաբանի պատվաստման դրական եւ բացասական կողմերը, բայց ո՛չ երբեք պարտադրանքի լեզվով խոսի իր ժողովրդի հետ։ Այդպես չի լինում»։

Նշենք, որ կան բացառություն-արտոնյալ պաշտոնյաներ, որոնք կարող են չներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Այս բացառությունը շատերը  խտրական են որակում:

ՀՀ-ում բացառություններ են՝ հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, վարչապետը, համայնքի ղեկավարը եւ համայնքի ավագանու անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորը, անկախ պետական մարմնի անդամը, ինքնավար մարմնի անդամը, Վիճակագրության պետական խորհրդի անդամը, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորը, գլխավոր դատախազը։