Նիկոլ, մի՛ գնա Սյունիք, մի՛ գնա Արցախ, գնա՛ տուն

Նիկոլ, մի՛ գնա Սյունիք, մի՛ գնա Արցախ, գնա՛ տուն

Նիկոլը եւ իր շքախումբը զարմանում ու զայրանում են, որ Սյունիքում բնակիչներն իրենց դիմավորում են «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ թուրք», «կապիտուլյանտ» գոչյուններով ու պաստառներով: Իսկ ուրիշ ինչպե՞ս պետք է սյունեցին դիմավորեր Նիկոլին եւ նրան ծափահարողներին: Ժամանակն այդպես է վավերացրել Նիկոլի եւ պատմության համաձայնագիրը: Նոյեմբերի 9-ին Նիկոլը Ալիեւի եւ Պուտինի հետ ստորագրած եռակողմ համաձայնագրին զուգահեռ ստորագրեց պատմության եւ ժամանակի հետ դարձյալ եռակողմ համաձայնագիր: Սյունեցին ավել կամ պակաս որեւէ բան չի ասել: Սյունեցին ասել է այն, ինչի տակ Նիկոլն է ստորագրել ժամանակի համար, պատմության համար:  

Նիկոլն ասում է, որ չպետք է թույլ տան` մարդկանց փոքրիկ մի խումբ անի այն, ինչ ուզում է, եւ մնա անպատիժ: Անմիջապես էլ Սյունիքի մարզպետարանում հրահանգում է ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին` զբաղվել այդ մարդկանցով, եւ պետերին ուղղորդում է գործի` առանց վայրկյան կորցնելու: Մարդիկ դուրս են եկել փողոց եւ իրենց ազատ կամքն են արտահայտել ժողովրդավարության պայմաններում` օգտվելով խոսքի իրենց իրավունքից, անկախ նրանից` երկրի վարչապետի սրտո՞վ է, թե՞ ոչ: Վարչապետի տրամադրություն գցելը հանցանք չէ: 
ՀՀ վարչապետը Սյունիք է գնում գիշերով, թաքուն: Տներ է մտնում անակնկալ, անսպասելի, մթության քողի տակ: ՀՀ վարչապետն իր երկրում ճանապարհն անցնում է ռուս սահմանապահների ուղեկցությամբ, որովհետեւ ճանապարհին զինված ադրբեջանցիներ են: Իսկ մինչեւ Նիկոլի վարչապետ դառնալը ճանապարհը Հայաստան էր, եւ դիրքերում հայ դիրքապահներն էին կանգնած: 

Ալիեւը հայտարարում է, որ 101 տարի անց վերադառնում են Զանգեզուր: Եթե Հայաստանն ինքնակամ թույլ չտա, որ Զանգեզուրով Ադրբեջանը միանա Նախիջեւանին, դրան կհասնեն ուժով` ինչպես վերադարձրին Ղարաբաղը: Հայաստանի վարչապետն ուղիղ չի պատասխանում այդ սպառնալիքին, փոխարենը նորից ասում է, որ ճանապարհի անունը միջանցք չէ: Ենթադրեք` անունը նրբանցք է, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվում: Իսկ ԱԳՆ-ն խոսնակի մակարդակով է անդրադառնում, թե Ալիեւն ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարություն է անում:  
Իսկ իրականում Սյունիք են այցելում ՀՀ նախագահը, վարչապետը, ԱՄՆ դեսպանը իրար ետեւից: Չմոռանանք, Մեղրին Իրանի սահմանն է, իսկ ԱՄՆ-ն` Իրանին պատժողը: Ի՞նչ է թաքնված այս «պատահականորեն» զուգադիպած այցելությունների տակ: Սյունեցին դա զգում է, վատ հոտ է առնում եւ ենթադրում, որ Հայաստանի թիկունքում հերթական թաքուն, ծածուկ կատարվող գործարք է:  

Սահմանը բաց է, ադրբեջանցի զինվորը Սյունիքում է` զենքով ու դրոշով, դիրքավորված: Ադրբեջանը եւ Թուրքիան հստակ ժամկետներ են նշում Մեղրիով իրար միանալու ճանապարհի գործարկման եւ երկաթուղու աշխատանքներն սկսելու վերաբերյալ: Նրանք ասում են «միջանցք», մենք ասում ենք «չմիջանցք»: Որոշում են Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ Հայաստանը չկա, չի երեւում գոնե որպես գործարքի երրորդ կողմ: Նրանք չեն էլ փորձում Հայաստանին նշանակություն տալ, քանի որ Սյունիքը դիտարկում են որպես իրենց տարածք, եւ որոշողն իրենք են: Իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում է կամ ստվերում գործող կողմ: Եվ այս «պատմական առաքելությամբ» Նիկոլն ուզում է վերընտրվել: Նիկոլ, մի՛ գնա Սյունիք, մի՛ գնա Արցախ, գնա՛ տուն. դա քո փրկությունը չէ, մե՛ր փրկությունն է:

Հուսիկ Արա