Ալիեւը բոլորին հոգնեցրեց դատարկախոսելով

Ալիեւը բոլորին հոգնեցրեց դատարկախոսելով

Անցյալ դարում ապրած գրողներից մեկն է ասել (ցավոք, չեմ հիշում, թե ով), որ եթե նկարիչն աքլոր է նկարում, հետո էլ գրում` սա աքլոր է, ուրեմն նա նկարիչ չէ: Անվիճելի ճշմարտություն է, քանի որ, եթե մեկին հաջողվի նկարել աքլոր, ապա բառային հուշում հարկավոր չի լինի: Նոյեմբերից ի վեր աքլոր նկարող ու այդ մասին հատուկ նշող նկարչի վիճակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, ով Ղարաբաղում պատերազմ է մղել, ավարտել, բայց կես տարի հետո էլ ստիպված է նույնիսկ ներքին լսարանին ամենօրյա ռեժիմով այդ մասին հիշեցնել: Այլապես երեւի երկյուղում է, որ եթե չհիշեցնի, իր հաղթանակը հիշողներ կամ տեսնողներ առանձնապես չլինեն: Պարբերական հիշեցումներն էլ ուղեկցում է էկզոտիկ դատարկախոսություններով, որ ավելի ուշադրություն գրավի, զորօրինակ, օրերս արված ազերիների` Զանգեզուր վերադառնալու մոտիվներով զառանցանքը:

Իսկ Իլհամ Ալիեւի հաղթանակի վրա ոչ ոք առանձնակի ուշադրություն չի դարձնում Էրդողանից եւ Հայաստանի ԱԳՆ-ից ու ընդդիմությունից բացի, որովհետեւ կան իրողություններ, որ Ալիեւը ո՛չ կարող է փոխել, ո՛չ էլ անվերջ լեզվին տալով` որեւէ գիտակից մարդու ականջներից լապշա կախել: Նախ, ի՞նչ Ադրբեջանի բանակի հաղթանակի մասին դատարկախոսություններով է ցավեցնում բոլորի գլուխը: Ալիեւն իրո՞ք այնքան հիմար է, որ կարծում է, թե Ադրբեջանի բանակը կամ Հայաստանի բանակը կարող են պատերազմի ելք որոշել եւ հաղթանակ տանել: Իհարկե, չեն կարող: Ոչ միայն գործնականում, այլեւ նույնիսկ տեսականորեն չեն կարող: Ինչո՞ւ: 

Շատ պարզ: Երկրորդ համաշխարհայինից ի վեր եւ հատկապես ժամանակակից աշխարհում պատերազմները, եթե բնույթով անկանոն զինված խմբավորումների դիմադրություն չեն (ինչպես, դիցուք, Աֆղանստանում կամ Սիրիայում), այլ ընթանում են պետական կազմավորումների եւ բանակների միջեւ, դրանք ոչ այնքան զինուժի, որքան զինտեխնիկայի եւ սպառազինության բախում են, որտեղ առավել արդյունավետ եւ առաջատար տեխնոլոգիաները որոշում են պատերազմի ելքը: Դա ինքնին նշանակում է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ սեփական ռազմարդյունաբերության մշակումների եւ արտադրած ռազմական տեխնիկայի միջոցով չեն պատերազմում, այլ գնված կամ այսուայն պայմանով արտերկրից ձեռք բերված օտար ծագման սպառազինությամբ, պատերազմի ելքը որոշողը, մեծ հաշվով, սպառազինության մատակարարներն են (2020-ի Թուրքիայի «բայրաքթարները»՝ ասվածի հաստատում): Իսկ թե ինչ արդյունավետության զենք կմատակարարվի կողմերին, եւ ինչ տոլերանտություն կլինի այն գործադրելու հանդեպ, դա արդեն դիվանագիտության հարց է: Ճիշտ՝ ինչպես արեւելյան ասույթում, որ սովորեցնում է. «Եթե մի խնդիր հնարավոր է փողով կարգավորել, դա արդեն խնդիր չէ` ծախս է»: 

Եթե Ադրբեջանի բանակն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, 2016-ին էլ նույն բանակը չէ՞ր, ինչո՞ւ չառաջացավ: Որքան էլ Ադրբեջանն անսպասելի եւ տոտալ հարձակման էր անցել, ընդամենը երկու օրում առաջխաղացումը դադարեցրեց, պարզ է` ոչ այն պատճառով, որ հայկական զինուժն անպարտելի խոչընդոտ էր, այլ որովհետեւ Հայաստանի դիվանագիտական կապերը եւ ուժը, ինչպես միշտ, բավարարեցին Ադրբեջանի վրա ճնշում գեներացնելու եւ ռազմական գործողությունների էսկալացիան կանխելու համար:  

Հայաստանին գուցե երբեմն հաջողվել է նաեւ Ադրբեջանի սպառազինության ձեռքբերման ճանապարհին խոչընդոտներ հարուցել, բայց գերազանցապես հաջողվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ուժով ղարաբաղյան հակամարտությունում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը կանխել` այդ ուղղությամբ Բաքվի քայլերին դիվանագիտորեն հակազդելով:

Այնպես որ, 2016-ից մինչեւ 2020 ոչ թե Ադրբեջանի բանակն ինչ-որ թռիչքաձեւ կամ թեկուզ գետնասող հզորացավ, այլ Հայաստանում տեղի ունեցած օխլոկրատիկ իշխանազավթման արդյունքում ԼՂ հակամարտության 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դիվանագիտական ճնշումը, պաշտպանությունը, վահանը վերացավ: Ի դեպ, Հայաստանում դա գիտակցվում եւ բարձրաձայնվում էր դեռ 2018-ի մայիս-հունիսին: Բոլորը, ովքեր ըմբռնում են քաղաքականություն եւ դիվանագիտություն, կանխատեսում էին, որ Ալիեւն իր համար եզակի բարենպաստ այդ իրադրությունից կօգտվի, քանի որ խեղկատակի վարքով, արհամարհված ու միջազգային մեկուսացման մեջ գտնվող Փաշինյանն Աստծո նվեր էր Ալիեւին (նվերի լրացումն էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էր, որի գիտակցության աղավաղումն ու գետնաքարշությունն այն աստիճանի էին հասել, որ եվրոպական մայրաքաղաքներում ցուցահանդես էր բացում` Հայաստանի հազարամյակների պատմությունը ներկայացնելով փողոցներում քայլարշավող ու դըմփ-դըմփ-հու ձայնարկող արարածների լուսանկարներով):

Այն, որ Ալիեւը թուրքական «բայրաքթարներ» ձեռք բերեց, ռուսական ՀՕՊ համակարգը դրա դեմ չաշխատեց, կամ գուցե պարբերաբար չարամտորեն անջատվեց եւ այլն, որ ԼՂ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ի օրակարգ չմտցրեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ուղղված ԼՂՀ նախկին նախագահների նամակը հասցեատերերին չուղարկվեց, վերջապես՝ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ երաշխավորությամբ Ժնեւում ԼՂ հակամարտության կարգավորման քայլերն ու ժամանակացույցը չստորագրվեցին, փոխարենը մի անպատկերացնելի ապիկարությամբ այդքան միջազգայնացված ԼՂ հակամարտությունը ռուս-թուրքական պակտի, Ալիեւ-Փաշինյան-Պուտին կուլիսային անցուդարձի դաշտ մղվեց եւ ավարտվեց այդ եռյակ խուժանապետության նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այդ ամենի համար Ալիեւը պետք է Փաշինյանի արձանը կանգնեցնի Բաքվի կենտրոնում, եւ որքան ինքը գոյություն ունի, ամեն օր գոհունակության ծես մատուցի այդ արձանի առջեւ, ոչ թե Փաշինյանի խելապակասության ու արկածախնդրության արդյունքները որպես Ադրբեջանի բանակի ձեռքբերում ներկայացնի ու գլուխ ցավեցնի:

Ալիեւն այդքան հիմա՞ր է, որ կարծում է, թե իր բանակի սպառազինությունն ԱՄՆ-ի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի կամ Ռուսաստանի հետ համեմատության մեջ է, որ իրեն թույլ տա սեփական բանակի ուժից խոսել: Դժվար թե այդ աստիճան հիմար լինի: Իսկ Ալիեւը չի՞ տեսել, թե հենց անցյալ տարի ինչպես ԱՄՆ-ն Թուրքիային դուրս շպրտեց F-35-երի ոչ միայն արտադրության, այլեւ ձեռքբերման ծրագրերից եւ F-35-երը փոխանցեց Բուլղարիային ու Հունաստանին:

Հետեւաբար, իր բանակի, ուժի, հաղթանակի մասին դատարկախոսելով բոլորին զզվեցնելուց առաջ կամ հետո Ալիեւը թող մտածի, որ սպառազինության մատակարարումը դիվանագիտության հարց է: Իսկ հարափոփոխ աշխարհում դիվանագիտության ի՜նչ դաշտեր միայն չեն բացվում, ի՜նչ շրջադարձեր միայն չեն կարող կատարվել: (19-20-րդ դարերի Օսմանյան կայսրության, հետագայում Թուրքիայի չվերջացող շրջադարձերն ու ճամբարափոխությունները՝ ասվածի հաստատում):

Դիցուք, տեսական մի տարբերակ․ եթե մի քանի տարի կամ թեկուզ մի տասնամյակ հետո Հայաստանը դառնա ԱՄՆ դաշնակիցը անատոլիական եւ հարավ-կովկասյան տարածաշրջանում եւ նույնպիսի ռազմական օժանդակություն ստանա ԱՄՆ-ից, ինչպիսին, ասենք, այսօր Իսրայելն է ստանում, այդ դեպքում, ըստ Ալիեւի, քանի՞ գրոշ կարժենան Ադրբեջանի բանակը, դրա ուժը, սպառազինությունը կամ զինվորները: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ 20-րդ դարասկզբին Հայաստանի մանդատն ԱՄՆ-ին է պատկանել, 20-րդ դարավերջին մեկ շնչի հաշվով ԱՄՆ ամենամեծ օգնությունը Իսրայելից հետո տարիներ շարունակ հենց Հայաստանին է տրամադրվել, եւ 21-րդ դարասկզբին ԱՄՆ եթե ոչ ամենամեծ տարածք զբաղեցնող դեսպանատունն աշխարհում, ապա գոնե այդ շարքում երկրորդը կամ երրորդը Հայաստանում է, ինչը հազիվ թե պատահականություն է: 

Հետեւաբար, եթե հայ ժողովրդի 4000-ամյա պատմության մեջ, որ նվազագույնը 2000-2500 տարվա անկախ պետականության պատմություն է ներառում եւ ձգվում է շումերա-աքքադական դարաշրջանի Արատտայից մինչեւ Հին Բաբելոնի, Եգիպտոսի ու Կյուրոս Մեծի ժամանակների Արարատյան թագավորություն, Հաննիբալի, Կեսարի ու Մարկ Անտոնիոսի դաշնակից կամ մրցակից Արտաշիսյան արքաներից մինչեւ Հիսուս Քրիստոսին հանդիպած Աբգար արքա ու Տերունական սրբավայրերի առաջին հոգատար Հեղինե թագուհի, Երուսաղեմում Մուհամեդ մարգարեից ու Սալլահ-էդ-Դինից իրավունքների ու իշխանության երաշխագրեր ստացած Սբ Յակոբյանց միաբաններից մինչեւ Բյուզանդական կայսրության հայազգի արքաներ, միջնադարյան խաչակիրների ու Մարկո Պոլոյի նկարագրած Armenia Major-ից մինչեւ 20-րդ դարի Ազգերի լիգա, Սեւրի դաշնագիր ու առաջին հանրապետության հիմնադիրներ, Հայաստանը բարձր արդյունաբերական ու ատոմակայանով օժտված երկիր դարձրած կոմունիստական առաջնորդներից մինչեւ 88-ի անկախության շարժումն առաջնորդած եւ երրորդ հանրապետությունը հիմնադրած «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, եւ մեր այդ հազարամյակների փառահեղ ընթացքի մեջ մի եզակի դեպք է պատահել, որ խելքից պատուհաս մեկը հայտնվի իշխանության ղեկին, եւ ճակատագրի բերումով էլ այդ մի պատուհասի` Նիկոլ Փաշինյանի կառավարումը հենց Ալիեւի ժամանակին է զուգադիպել ու իր համար Աստծո նվեր դարձել, դրա համար Ալիեւը պետք է ձայնը կտրի ու համեստաբար ճակատագրին ու Բարձրյալին շնորհակալ լինի, ոչ թե գլուխ ցավեցնի: 

Ի դեպ այն, որ Իլհամ Ալիեւը, ինչպես շարքային տգետ, ո՛չ աշխարհի, ո՛չ Եվրոպայի, ո՛չ Մերձավոր Արեւելքի պատմություն չգիտի` դեռ մի կողմ, բայց հայոց պատմության ու իրավունքների դեմ իր քվազի-պատմական բարբաջանքով ինչո՞ւ է իր ողջ տգիտությունն ի ցույց դնում. դա է հետաքրքիր: Ի՞նչ է շահում: Միեւնույն է, Ալիեւը որքան էլ գլուխ ցավեցնի, թե իբր ինքն ուժով ԼՂՀ խնդիր է լուծել (դրա վրա կառուցվող մնացյալ զառանցանքները դեռ մի կողմ թողած), իր դեմքին աշխարհը շրխկացնում է, վերջին անգամ` ԱՄՆ Պետդեպից, որ ինչպես Ստեփանակերտի հաղթանակը ԼՂ խնդիրը չէր լուծել 25 տարի, այնպես էլ 2020-ին Բաքվի հաղթանակը չի լուծում: Թերեւս հենց այդ դեմքին շրխկացվող հայտարարություններից է Ալիեւն ինքնատիրապետումը կորցնում եւ սկսում էլ ավելի էկզոտիկ զառանցել իր հաղթանակի մասին: 

Մի հաղթանակ, որ ադրբեջանցիներին վերջնահաշվում շոշափելի ոչինչ չի էլ տվել 7-8 հազար զոհից, այդ զոհերի ցավից Հայաստանի նման 2021-ին Ամանոր չտոնելուց, անմարդաբնակ ու ականապատ տարածքներից, այդտեղ հաստատված ռուս եւ թուրք զինվորականներից, հայերի հանդեպ խորացած փոխադարձ ատելությունից եւ չլուծված ԼՂՀ խնդրից այն կողմ: Ալիեւը որքան էլ լեզվին տա հաղթելու մասին, քչերի աչքում է դա հաղթանակ, ինչն էլ հարկադրում է անվերջ եւ հետզհետե ավելի ցնորված խոսել «հաղթանակի» մասին ու դրանից օդում հետեւանքներ արտածել, որ այն նկատվի, ինչպես աքլորի ձախավեր նկարիչն է «աքլոր» գրում, որ նկարածը ճանաչվի: