Համոզված եմ՝ ատեստավորման շուրջ 4 հազար դիմումների 90 տոկոսը ճնշման տակ է գրվել

Համոզված եմ՝ ատեստավորման շուրջ 4 հազար դիմումների 90 տոկոսը ճնշման տակ է գրվել

Մայիսի 13-ից մեկնարկած կամավոր ատեստավորման 2022 թ․ հայտերի ընդունման փուլն արդեն ավարտվել է։ Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացրել են «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am)՝ մինչեւ հունիսի 7-ը ներառյալ:

Այս տարի կամավոր ատեստավորման համար դիմել են 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվելու են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կազմվելու է մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները եւս ներառվելու են մեկ թեստում։

ԿԳՄՍ նախարարությունից մեզ փոխանցեցին, որ այս տարի կամավոր ատեստավորման համար դիմել է շուրջ 4 հազար ուսուցիչ: Թե ամենաշատ դիմումները որ առարկաներից են, մեզ ասացին, որ այդ տվյալները դեռ ամփոփվում են եւ կներկայացվեն առաջիկայում՝ ըստ տոկոսային հարաբերակցության։  

Ի դեպ, անցած տարի ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ էր ներկայացրել 1372 ուսուցիչ, որից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել էր 996 ուսուցիչ՝ դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Օրեր առաջ էլ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս տարվա մայիսից, 2021-ին կամավոր ատեստավորման արդյունքում 30-50 տոկոս հավելավճար ստացող 478 ուսուցչի նկատմամբ կիրառվելու է բարձրացված 200 հազար դրամ դրույքաչափը։ «Արդեն ունենք ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է մինչեւ 450 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ շուրջ 400 հազար դրամ ցուցանիշի հասնում է ավելի քան 2 տասնյակ ուսուցիչների աշխատավարձը»,- նշել էր նա։

Կրթության ազգային ինստիտուտի նախկին տնօրեն, կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում եւ ինչով է բացատրում ուսուցիչների ակտիվության ցուցանիշն այս տարի։ «Եթե իրականում այդքան դիմում կա, ապա դրանք բացարձակապես ճնշման արդյունք են․ դպրոցի տնօրենները, արդյունք ցույց տալու կամ նախարարության այս կեղծ ծրագիրն առաջ տանելու համար, մղում են ուսուցիչներին՝ այդ դիմումները գրել։ Ես համոզված եմ, որ այդ դիմումների մեծ մասն այդ գործողության արդյունք է»։

400-450 հազար դրամ աշխատավարձ ստանալու հեռանկարը չի՞ կարող մոտիվացնել ուսուցչական համայնքին։ «Դա ոչ միայն փուչիկ է, այլեւ սխալ մոտեցման արդյունք է։ Պետք է հասկանալ մի պարզ բան․ եթե մենք ուսուցչին դպրոցում վարձատրում ենք, ուսուցիչն ունի որոշակի աշխատանքային ծավալ եւ աշխատանքային պարտականություններ, մենք լրացուցիչ վճարը տալիս ենք լրացուցիչ աշխատանքի համար։ Դա մոտավորապես նման է իրենց պարգեւավճարներին, նկատի ունեմ հետեւյալը․ կա ուսուցիչ, որ ատեստավորվում է եւ բավարարում է իրեն ներկայացվող պահանջները, նշանակում է՝ պետությունը նրա նկատմամբ ունի աշխատավարձային որոշակի պարտավորություն։ Եթե այդ նույն ուսուցիչը կատարում է լրացուցիչ այլ աշխատանքներ, ինչպես առաջ կար՝ դասղեկության համար առանձին վճար, գրավորների համար առանձին վճար, դա ընդունելի է։ Եթե ուսուցիչը նախկինում ուներ գործող վաստակի, երկարատեւ աշխատանքի արդյունքում որոշակի կարգ, ինչպես որ կար «վաստակավոր ուսուցիչ» հասկացությունը, դրա համար պետությունը սիմվոլիկ գումար էր նախատեսում, որն ընդունելի էր որպես խրախուսանքի ձեւ, որպես հավասարաչափ մոտեցում կամ սոցիալական արդար մոտեցում՝ ուսուցչին վճարելու առումով։ Իսկ այս ուռեցրած, փուչիկ դարձրած մոտեցումը, որը 120 հազարից աշխատավարձը բերել հասցնելու է 400 հազարի՝ ընդամենը թեստ հանձնելու արդյունքում, պարզապես ֆիկցիա է, սա, նախ, ուսուցիչներին վախի, սարսափի մեջ պահելու մեխանիզմ է եւ 2-րդ՝ ուսուցչի պահանջատիրությունը ոչնչացնելու մեխանիզմ։ Այսինքն՝ եթե ուսուցիչն ասում է, որ իմ աշխատավարձը ցածր է, եւ ես սոցիալապես դառնում եմ արդեն անապահով խավ, դրա պատասխանն իրենք տալիս են իրենց այդ կեղծ 10-20 հոգով։ Դրանք այն կեղծ պապիկներն են միտինգների ժամանակ, որ գալիս ներկայանում էին որպես հերոսի պապիկներ, մնացած պարագայում պետությունը պետք է լուծի այդ սոցիալական խավին պատշաճ, արժանապատիվ աշխատավարձ տալու խնդիրը։ Քանի որ դա չի անում, հորինել են այս խաղը, որը բացարձակապես ընդունելի չէ, որը ոչ թե ուսուցչին խրախուսելու, ոգեւորելու միջոց է, այլ 2 հարց է լուծում՝ զսպաշապիկ ուսուցիչների համար, որ հանկարծ չբարձրացնեն աշխատավարձի խնդիր, եւ 2-րդ՝ դրանով ահաբեկում են բոլոր այն ուսուցիչներին, ովքեր կարող են հանկարծ չմոտենալ այս համակարգին։ Ես համոզված եմ, որ այդ 4 հազար դիմումների 90 տոկոսը կեղծ դիմումներ են»,- ասում է Մարտիրոսյանն ու նկատում, որ գուցե այս պահին հայտ ներկայացրել է 4 հազարը, բայց վերջնարդյունքում նրանից շատերը կարող են չմասնակցել ատեստավորմանը, արդյունքում իշխանությունն այս պահին կլուծի ինչ-որ արդյունքներ ցույց տալու իր խնդիրը։

Ստացվում է՝ պետությունն ուսուցիչներին ներքաշում է այս մեծ խաղի մեջ, որպեսզի ազատվի ողջ ուսուցչական համայնքի աշխատավարձը բարձրացնելու գլխացավանքից։ «Միանշանակ։ Պետությունը, կոպիտ ասած, այսպես է ասում՝ ուզում ես բարձր աշխատավարձ ստանալ, արի քեզ քննեմ, իր վրա վերցնելով արդեն իսկ քննություն տված ուսուցչի՝ պետականորեն ավարտական քննություններ, դիպլոմ տված հաստատության դերը եւ 2-րդ՝ դպրոցին վերահսկելու գործառույթը։ Ի վերջո, յուրաքանչյուր դպրոց ինքն է պատասխանատու իր դպրոցում որակի ապահովման համար։ Սա նախարարության գործառույթ չէ, դպրոցում որակի ապահովման առաջին գործառույթ իրականացնողը հենց դպրոցն է»։

Մյուս կողմից, ի՞նչն է խնդիրը՝ եթե տվյալ ուսուցիչը դասավանդում է այդ առարկան, ինչո՞ւ պետք է դժվարանա հանձնել այդ առարկայի թեստային աշխատանքը, այն էլ՝ հավելավճարի հեռանկարով։ «Այն, ինչ իրենք պահանջում են ուսուցչից՝ որպես ուսուցչի որակի հավաստում, ապացույց, դա շատ քիչ կապ ունի ուսուցման արդյունավետության հետ։ Իրենք վերցրել են բուհերի դիմորդների համար նախատեսված թեստերը, դարձրել են ուսուցիչների համար քննական թեստեր եւ անցկացնում են ատեստավորում այն առարկաներից, որոնց պարագայում թեստեր ունեն, իսկ այն առարկաները, որոնք դեռեւս թեստավորված չեն, կամ որոշ թեստերի մեջ խոտանը շատ է, առայժմ այդ առարկաներին մոտ չեն թողնում։ Սա բացարձակ կապ չունի կրթության որակի հետ, ինչո՞ւ, որովհետեւ ուսուցիչը կարող է լինել շատ լավ խնդիր լուծող, բայց ուսուցիչ չլինել՝ այդ խնդրի լուծման մանկավարժական, մեթոդական կողմով եւ այդ ողջ տեխնոլոգիան սովորողին փոխանցողը։ Ես ստացել եմ մանկավարժական կրթություն, եղել եմ լավ կամ վատ ուսուցիչ դպրոցում, բայց պարզվել է, որ իմ մեջ ավելի զարգացած են եղել կրթության կազմակերպման որակները, այն դեպքում, երբ շատ գերազանցիկ ուսուցիչներ կրթության կազմակերպման որեւէ որակ կամ ընդհանրապես դասավանդման որակ չեն ունեցել։ Այնպես որ, գիտելիքը դասավանդման մի բաղադրիչն է, լավ ուսուցիչը շատ ավելի բարդ հասկացություն է։ Որպեսզի կարողանաս գտնել այդ լավ ուսուցչին, դա առաջին հերթին տարիների փորձ է պահանջում։ Եթե ուզում են դա կիրառել, ապա պետք է գոնե կիրառեն այն ուսուցիչների վրա, որոնք առնվազն 10 տարվա մանկավարժական փորձ ունեն, մի փոքր ուսումնասիրություն կատարեն, թե այս ուսուցիչն ինչ արդյունքներ է տվել։ Եթե իրենք գիտելիքն են վերցնում որպես չափանիշ, թող վերցնեն աշակերտների մասնակցությունն օլիմպիադաներին կամ բուհերում ընդունվողների քանակը, աբիտուրիենտ պահո՞ւմ է ուսուցիչը, թե՞ ոչ։ Իսկ եթե ուսուցիչն աբիտուրիենտ է պահում, դա արդեն խոսում է նրա մասին, որ ինքը, ճիշտ է՝ ունի որոշակի մասնագիտական որակներ, բայց իր ամբողջ մանկավարժությունը կառուցում է դրա վրա, որին մենք՝ բոլորս, երկար տարիներ ասում ենք «ոչ», քանի որ դա չէ իրական մանկավարժությունը»։

Վ․ Մարտիրոսյանը կարծում է, որ ուսուցչի աշխատավարձի խնդիրը պետք է լուծի ո՛չ պետությունը, ո՛չ էլ ուսուցիչը․ «Ուսուցչի աշխատավարձի տերը պետք է լինի երեխայի ծնողը, որը պետք է պետությունից պահանջատեր լինի, ասի՝ հարգելի պետություն, ես ուզում եմ որակյալ կրթություն, բայց դրա համար դու ինձ պետք է տաս արժանապատիվ, նորմալ վճարվող ուսուցիչ։ Մենք պետք է հասնենք սրան, մինչդեռ այսօր ծնողների լեզուն երկարացնում են ուսուցիչների վրա։ 100 հոգուց 5-ը կգնա կատեստավորվի, իսկ այն մյուս 95-ն ընկնում է հարվածի տակ, եւ պետք է լինի ճիշտ հակառակը՝ ծնողը պետք է դառնա ուսուցչի աշխատավարձի պահանջատերը, մնացածը քաղաքական խաղ է, կգնան սրանք, կգան ուրիշները, իսկ որակի պահանջատերը պետք է լինի նա, ով կրթությունից սպասելիք ունի, իսկ դա ծնողն է եւ աշակերտը»։

Ըստ նրա՝ եթե անգամ 20 հոգի ստանա 400 հազար դրամ աշխատավարձ, այդ 20 հոգին ի՞նչ որակ է ստեղծելու, մեծ հաշվով․ «Հավաքելու են այդ 10-20 հոգուն, տանեն մի դպրոց ու ասեն՝ դե հիմա գիտնականնե՞ր այստեղ պատրաստեք, դա ի՞նչ որակ է տալու։ Կառավարությունում, Ազգային ժողովում էլ կրկնակի վճարումներ եւ պարգեւատրումներ են անում, դրանից պատգամավորների որակը բարձրանո՞ւմ է։ Կա միջավայրի բացակայություն, որը բերում է անորակության, դա փողով, 2 կոպեկ տալով չես փրկի։ Սա է ամբողջ ցավը»։