Ինչի՞ մասին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը 

Ինչի՞ մասին էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը 
Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի տպավորությամբ՝ «Իմ  եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին» հոդվածում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2 խնդիր է փորձել լուծել։ Առաջին․ Փաշինյանի հնարավոր ձախողման վտանգն աչքի առաջ ունենալով՝ դիստանցվել Փաշինյանից, խուսափել պատասխանատվությունից եւ ինչ-որ չափով էլ ամրացնել նրա դիրքերը։ 

Հիշեցնենք, որ նշված հոդվածում հիմնադիր նախագահի հիմնական պնդումն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական հոգեզավակը չէ, հակառակ շրջանառող վարկածների՝ իրենից խորհորդներ չի հարցնում եւ չի  որդեգրել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը։ 

«Ինքը, իհարկե, փորձում է հերքել այդ հոգեզավակ լինելը, բայց նորանոր լուրերն ավելի են ամրապնդում կասկածը, որ շփվել է, շփվում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Իմ անձնական ընկալումն այն է, որ կան լուրեր, որոնց մասին Տեր-Պետրոսյանը պետք է խոսի կամ հերքի։ Առաջինն Իտալիայի դեսպան-Տեր-Պետրոսյան հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունն էր, որում ասվում էր, որ Տեր-Պետրոսյանը դեսպանին (քանի որ հիմա Իտալիան է ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը), իր կառավարությանը հորդորի, որպեսզի Քոչարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում չկոմունիկացվի։ Սա, առնվազն, պետք է հերքվի, որ հասկանանք՝ իրականում նման բան կա՞, թե ոչ»,- ասում է Նարեկ Սամսոնյանը։ Նա նաեւ նշում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ չի ասում՝ նշելով, որ Կոնգրեսից մեն-մի ներկայացուցիչ է նշանակվել։

«Այդպես չէ, ոչ, Տեր-Պետրոսյանը կա՛մ միտումնավոր փորձում է մանիպուլացնել փաստերը, կա՛մ պարզապես չի տիրապետում փաստերին։ Կարծում եմ՝ առաջինն է, որովհետեւ թե՛ Երեւանի ավագանու անդամների մեջ կան հայտնի կոնգրեսականներ, թե՛ կառավարությանը կից տարբեր ՊՈԱԿ-ներում կան հայտնի կոնգրեսականներ»,- ասում է Նարեկը։

Մեդիադաշտում գնալով ակտիվացող այս վարկածները, հիշեցնենք (որոնք Տեր-Պետրոսյանն անվանում է սուտ, լուր, անհեթեթություն,  հերյուրանք կամ ցնորալի գաղափար), հերքելու համար առաջին նախագահը հիշեցրել էր, որ  Փաշինյանը (թե՛ լրագրող եւ թե՛  քաղաքական գործիչ կարգավիճակներում, միշտ՝ 90-ականներից սկսած) եղել է իրեն ամենախիստ եւ անհաշտ քննադատողը, չհաշված 2006-2014-ը, երբ «Այլընտրանք»-ի հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո, ըստ Տեր-Պետրոսյանի, Փաշինյանը  դադարեցրել է քննադատական վերաբերմունքը, 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իր նախընտրական թիմում, մասնակցել է Հայ ազգային կոնգրես դաշինքի 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին եւ ընտրվել ԱԺ պատգամավոր նույնանուն խմբակցության կազմում։ 

Զանգելու-հանդիպելու եւ խորհուրդներ հարցնելու մասով ասվել էր, որ հանդիպել են մեկ անգամ՝ 2018 թվականի հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ «․․․եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կա՛մ չարաչար սխալվում են, կա՛մ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կա՛մ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ եւ ինքնաբավ մարդու չեմ հանդիպել»,- գրել է Տեր-Պետրոսյանը։ Անդրադառնալով նրան, որ Փաշինյանի եւ իր սերտ համագործակցության ապացույց է համարվում նաեւ այն, թե իբր կառավարությունում որոշ պաշտոնների են նշանակվում Հայ ազգային կոնգրեսի անդամներ, նա նշել է՝ փույթ չէ, թե խոսքը վերաբերում է ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ով  կասեցրել է կուսակցական գործունեությունը, ինչը բացարձակապես ավելորդ է դարձնում ՔՊ-ի եւ Կոնգրեսի միջեւ սերտ համագործակցության մասին ցանկացած խոսակցություն։ 

Նարեկ Սամսոնյանը Փաշինյան-Տեր-Պետրոսյան հարաբերությունների մասով, իհարկե, համաձայն է, քանի որ ասում է․ «Այն, որ Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի միջեւ լուրջ տարաձայնություններ են եղել, փաստ է, պարզապես հիմա Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի շահերը համընկնում են․ Տեր-Պետրոսյանն ատելով ատում է Ռոբերտ Քոչարյանին, 2007-2008-ի հռետորաբանությունը շատ ավելի ակնհայտ դարձրեց, որ այդ ատելությունն իրականում կա, եւ թիվ մեկ խնդիրն է՝ Քոչարյանին պահել քաղաքական հետապնդման տակ»։ Նարեկը չգիտի՝ իրավաբանորեն ինչպես է, բայց ասում է, թե հանրային ընկալումներում առկա է քաղաքական հետապնդում։
«Որովհետեւ այդ մեղադրանքը, որ ասվում է, Ռոբերտ Քոչարյանին դրանով հնարավոր չէ դատապարտել»,- ասում է քաղաքագետը։ Ըստ նրա՝ կա նաեւ Ղարաբաղի հարցը։

«Այն, որ այդ հողեր տալու կարգավիճակից դուրս գա, եւ իրեն չխանգարի բանակցել այն, ինչ բանակցում է ղարաբաղյան ճակատում»,- ամփոփեց Նարեկը։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանն էլ ասաց․  «Քանի որ հասարակության մեջ տարբեր շերտեր Փաշինյանին կապում էին Տեր-Պետրոսյանի հետ, դա է պատճառը, որ նա փորձեց իրենից օտարելով Փաշինյանին՝ նրա դիրքերը ամրացնել։ Բայց հետաքրքիրն այն է, որ նման տիպի նամակը վկայում է, որ Տեր-Պետրոսյանն էլ ընդունում է, որ իր անձի հետ կապված լինելը կարող էր բացասական ազդեցություն ունենալ»,- ասում է Արա Պապյանը։ Նա հավելում է, որ այդ նամակն էական դեր չի խաղա այն անձանց վրա, ովքեր մտածում են, որ Տեր-Պետրոսյանի ազդեցությունը մեծ է Փաշինյանի վրա։ Այդպես շարունակելու են մտածել։

Տեր-Պետրոսյանը նաեւ հայտնում էր․ «Միանգամից նշեմ, որ ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբեւէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է՝ մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից»։

Այս դիտարկմանն ի պատասխան, Արա Պապյանն ասում է, որ խոսքը «տարածքներ կարգավիճակի  դիմաց»-ի մասին է, որը կա՝ սկսած Բիշքեքի զինադադարից, կա Մադրիդյան սկզբունքներում, եւ նոր իշխանություններից որեւէ մեկը դա չի հերքել։