Եթե ընտրել եք երաժշտության ճանապարհը, դատապարտված եք ապրել այդ աշխարհում

Եթե ընտրել եք երաժշտության ճանապարհը, դատապարտված եք ապրել այդ աշխարհում

«Եթե ընտրել եք երաժշտության ճանապարհը, ուրեմն դատապարտված եք ապրել այդ աշխարհում։ Ինչպես նաեւ ինքներդ ստեղծագործել ու նորովի մատուցել մեր ունեցած երաժշտական ժառանգությունը»,- Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի «Էստրադային արվեստ», «Գործիքային արվեստ» եւ «Երգեցողություն» մասնագիտություններն ուսումնասիրող ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշնակահար Էդգար Հայրապետյանը։ 

Վարպետության դաս-հանդիպման ընթացքում ստեղնաշարային գործիքների վարպետ Էդգար Հայրապետյանի նվագակցությամբ ժողովրդական եւ էստրադային երգերի կատարումներով հանդես եկան «Երգեցողություն» մասնագիտության մի քանի ուսանողներ։ 

Հանդիպման երկրորդ հատվածում դաշնակահարը պատրաստակամ պատասխանեց ապագա երաժիշտներին ու երգիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Էդգարի երաժշտական կարիերայի մուտքից մինչեւ այսօր՝ հայ անվանի էստրադային երգիչ-երգչուհիների հետ ունեցած համերգային շրջագայություններին։ «Մեր մասնագիտությունը թույլ է տալիս հաճախ շրջագայել աշխարհի մի ծայրից մյուսը։ Երկրագնդի վրա մի երկիր չկա, որ համերգային շրջագայությունների մեկնած չլինեմ, ու ամենահետաքրքիրն այն է, որ ինձ համար զարմանալիորեն անգամ Չինաստանում հանդիպեցի հայերի»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդգար Հայրապետյանն ու ապագա երաժիշտներին ու արտիստներին խորհուրդ տվեց` մշտապես հետեւել աշխարհի երաժշտական նորություններին, բայցեւ աշխարհի հանդիսատեսին ներկայացնել հայ երաժշտությունը։

Անդրադառնալով LA PROJECT նախագծին, որտեղ Էդգարը հանդիսանում է նվագախմբի անդամ եւ գործիքավորումներ է իրականացնում, նախ շեշտեց, որ որպես գործիքավորող, արդեն 20-ից ավելի երգեր է գործիքավորել նախագծի շրջանակներում, ապա հավելեց․ «Ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ ինձ համար ե՛ւ պատիվ է, ե՛ւ հաճույք է աշխատել LA PROJECT նախագծում, ուր համախմբված են տաղանդավոր երաժիշտներ, սկսած մենակատար Գոռ Սուջյանից, մինչեւ լեգենդար մաեստրո Խաչիկ Սահակյան»։ Ապա դիմելով ուսանողներին՝ ասաց․ «Դուք երջանիկ եք, որ ամեն օր պատիվ ունեք շփվելու մաեստրո Խաչիկ Սահակյանի հետ, քանի որ նա հանդիսանում է հենց «Ազնավուր» քոլեջի նվագախմբի ղեկավարն ու դասավանդում է ձեզ։ Ձեզ հնարավորություն է տրված նրան վայելելու, նրանից «գողանալու» այն խտացված երաժշտական գիտելիքները, որը նա կրում է ու փոխանցում՝ ի դեմս ձեզ, այսօրվա սերնդին»։ 

Էդգար Հայրապետյանը ծնվել է Երեւանում՝ երաժշտի ընտանիքում։ Հայրն ակորդեոնահար Ռուդիկ Հայրապետյանն է, ումից էլ ժառանգել է երաժշտության հանդեպ սերն ու տաղանդը։ 2006 թվականից մինչ այսօր համագործակցում է հայկական էստրադայի անվանի երգիչ-երգչուհիների հետ՝ նվագակցելով նրանց ե՛ւ հայաստանյան, ե՛ւ արտերկրում կայացած համերգային շրջագայությունների ու մենահամերգների ժամանակ։ Այդ թվում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի, Արամեի, Ռազմիկ Ամյանի, Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ),  ինչպես նաեւ Հարութ Բալյանի, Աիդա Սարգսյանի, Սարո Թովմասյանի, Մարտին Մկրտչյանի եւ այլ անվանի արտիստների հետ։
2006 թվականից մինչ այսօր հանդիսանում է ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գոնդրաչյանի՝ Արմենչիկի երաժշտական խմբի ղեկավարը։ Արմենչիկի բեմական գործունեության ընթացքում, մինչ այսօր Հայաստանում կայացած նրա 8 մենահամերգին, ողջ Եվրոպայում, 90-ից եւ 110-ից ավելին՝ Ռուսաստանի Դաշնությունում ունեցած բոլոր մենահամերգներին, որպես երաժիշտ եւ երաժշտական խմբի ղեկավար, Էդգար Հայրապետյանն ունեցել է իր անմիջական մասնակցությունը։  

2021թ․ նոյեմբերին թողարկել է հեղինակային Midnight ստեղծագործությունը՝ տեսահոլովակի տեսքով։