Ռուսները կոնկրետ ինչ-որ պահանջներ ունեն իշխանությունից ու դա ակնարկում են նման միջոցներով

Ռուսները կոնկրետ ինչ-որ պահանջներ ունեն իշխանությունից ու դա ակնարկում են նման միջոցներով

«Հրապարակի» հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Երևանին՝ կրկին ընդգծելով, որ սեղանին փուլային տարբերակ է դրված, արձանագրելով, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը։ Կարգավորման տարրերի մեջ առկա է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ բնակչության կամարտահայտման միջոցով։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին եւ առաջարկներին, որոնք քննարկվել են եւ քննարկվում են, ապա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրանք արդեն թվարկել է»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

- Զախարովան ուղղակիորեն թվարկել է Մադրիդյան սկզբունքները։ Այդտեղ ոչ մի նորություն չկա, խնդիրն այն է, թե ինչ հաջորդականությամբ է դա կատարվելու, թե՞, այնուամենայնիվ, «փաթեթային» տարբերակ է կիրառվելու։ Դա է վեճի առարկան։

- Ինչո՞ւ է Ռուսաստանն այս փուլում այսքան, այսպես կոչված՝ «գազ տալիս», նաև «նախաձեռնողականություն» ցուցաբերում։ Ցանկանում է իր ներքին՝ տնտեսության վիճակ, նավթի գների անկում, խնդիրնե՞րը լուծել։ Նաև տեսակետ կա, որ Հյուսիսային Կովկասում անջատողական պրոցեսներ են սկսվում, և իրեն պետք են մահմեդական դաշնակիցներ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։

- Այն, որ Հյուսիսային Կովկասում անհանգիստ է, հայտնի է։ Հիմնական խնդիրները սոցիալական են, դեռևս։ Դաղստանի մասին խոսել անջատողականության մասին, միանշանակ չէ, այնտեղ ավելի լուրջ խնդիրներ կան տարբեր ազգությունների միջև։ Պետք է հաշվի առնել իսլամի խնդիրը, որն ուժեղ սոցիալական ուղղվածություն ունի, և սոցիալական խնդիրների ուժեղացման դեպքում իսլամի դերը մեծանում է։ Դա իրոք կարող է լուրջ պրոբլեմի վերածվել։ Բնական է, որ նման դեպքերում Թուրքիայի ու Ադրբեջանի դերը մեծանալու է, բայց նրանք Ռուսաստանի համար երբեք դաշնակիցներ չեն դառնա, ու Մոսկվայում դա շատ լավ են հասկանում։ Այս փուլում անջատողակսն պրոցեսներ դեռ չկան։

- Թե՞ Ռուսաստանը սրանով Հայաստանում իշխանության փոփոխության խնդիր է դնում՝ ձգելով բոլոր պտուտակները, գազ՝ ոչ մի զիջում, ապա Լավրովը կոչ է անում հանգիստ թողնել ռուսական ընկերությունների քրեական գործերը։

- Նման խնդիր ուղղակիորեն կարծես թե դրված չէ, բայց այն, որ Մոսկվան Հայաստանի իշխանությանը չի վստահում, փաստ է, բայց չեմ կարծում, որ այդ ուղղությամբ անմիջական քայլեր անեն։ Գազի գինը, ինչպես նաև Հայաստանի վրա ունեցած բազմաթիվ այլ լծակները դժվար թե կոպիտ կերպով օգտագործեն։ Հայաստանի իշխանություններին չեն վստահում, սակայն նաև չեն ցանկանում, որ Հայաստանի ժողովրդի մոտ հակառուսական տրամադրություններ արթնանան։ Կարծում եմ, որ կոնկրետ ինչ-որ պահանջներ ունեն իշխանությունից ու դա ակնարկում են նման միջոցներով։

- Հայաստանի քաղաքական ուժերը, որոնք ժամանակին «ոչ մի թիզ հող» կարգախոսով  Տեր-Պետրոսյանին պարտվողական էին որակում, գրեթե զրոյական արձագանք են տալիս Լավրովի հայտարարություններին։ ՀՅԴ-ն, ազգայնականները, խորհրդարանական ընդդիմությունն էլ, մեծ հաշվով, լռում են։ «Սասնա ծռեր», այլ անհատներ Փաշինյանից ընդամենը պահանջում են ասել՝ ո՞վ է ստում՝ Զոհրաբ Մնացականյա՞նը, թե՞ Լավրովը։

- Չեմ կարծում, որ լռում են։ Միշտ էլ արձագանքում են, և եթե իրավիճակը լրջանա, կարծում եմ, որ քայլեր էլ կլինեն։ «Սասնա ծռերի» օրակարգը կարծես ոչ այնքան «ոչմիթիզական» է, այլ դրանում ավելի շուտ հակառուսականությունն է։ Բայց լավ կանեք՝ իրենց հարցնեք դրա մասին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, չեմ կարծում, որ խորհրդարանում ընդգծված ընդդիմություն կա, ավելի շուտ՝ ի պաշտոնե են ընդդիմություն։ ՀԱԿ-ում կարծես թե չեն լռում, ուղղակի իրենց լսող չկա։

- Ըստ Ձեզ՝ որո՞նք կլինեն Նիկոլ Փաշինյանի քայլերը ռուսական մեծացող ճնշումներին։

- Դժվար հարց եք տալիս։ Նիկոլ Փաշինյանի մտքերն ու քայլերն անքննելի են։