Ինչպես են իրենց դրսեւորում ռուսներն Արցախում․ մանրամասներ

Ինչպես են իրենց դրսեւորում ռուսներն Արցախում․ մանրամասներ

2020 թվականի նոյեմբերի 12-ին ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ՝ ի կատարումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Մեկ տարի 3 ամսից ավելի ժամանակահատվածում նրանք բավականին ամրացել են Արցախում՝ մեծ արագությամբ զորանոցներ ու բնակարաններ են կառուցել, ինտեգրվել արցախյան կյանքին։ Արցախցիները գոհ են նրանց ներկայությունից՝ ոչ միայն այն պատճառով, որ նրանք ապահովության զգացում են տալիս իրենց, եւ Ադրբեջանը մեծ ոտնձգությունների չի համարձակվում գնալ, իսկ փոքր սադրանքներն արագ կանխվում են, այլ նաեւ այն պատճառով, որ ռուս զինվորականները բավականին բարեհամբույր են ու բարեկիրթ։ Ասում են՝ նրանք մանրակրկիտ ինստրուկտաժ են անցնում՝ Արցախ մեկնելուց առաջ։ Գիտեն, որ պետք է բարեկամական հարաբերություններ հաստատեն տեղի բնակչության հետ, մասնակցեն Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը, ուստի հաճախ մասնակցում են նաեւ այնպիսի աշխատանքների, որի մանդատը չունեն եւ կարող են հանգիստ չմասնակցել։

Նրանց հրահանգված է նաեւ օրինավոր պահվածք դրսեւորել, դա է պատճառը, որ հարբած ռուս զինվորականներ արցախյան բնակավայրերում երբեք չեն երեւացել։ Ասում են՝ եթե անգամ խմում են, ապա իրենց զորանոցների պատերի ներսում։ Քաղաքներ ու գյուղեր ռուս զինվորականները մտնում են միայն առեւտուր անելու եւ տարբեր ծառայություններից օգտվելու համար, ոչ մի կոնֆլիկտ կամ տհաճ միջադեպ այս ընթացքում չի արձանագրվել։ Ավելին՝ պատմեցին, որ ռուսական պատրուլ անող մեքենաները երեկոյան ժամերին շրջում են Ստեփանակերտում, որ ռուս զինվորականներն այդ ժամերին թրեւ չգան։

Պատմեցին նաեւ, որ սկզբնական շրջանում ռուսները չեզոք ու հավասարաչափ վերաբերմունք ունեին հայերի եւ ադրբեջանցիների նկատմամբ, հիմա բալանսը հիմնովին փոխվել է՝ հօգուտ հայերի, մանավանդ՝ առաքելության ղեկավար կազմի ծառայողները պարբերաբար իրենց զարմանքն են հայտնում, թե՝ «հայեր, ո՞նց եք դրանց հետ այդքան տարի կողք-կողքի ապրել, հիմա մենք հասկանում ենք, թե ինչու եք փորձել անկախանալ»։

Բայց այս ամենը չի նշանակում, որ ռուսներն ադրբեջանցիներին հակադրվելու ցանկություն եւ հրահանգ ունեն։ Հակառակը՝ այնտեղ, որտեղ ընդունելի են ադրբեջանցիների պահանջները, նրանք հանգիստ կատարում են, անգամ եթե դրանք արցախահայության շահերից չեն բխում։ Ասենք, օրինակ, այլ պետությունների քաղաքացիների՝ Արցախ մուտքը հնարավորինս դժվարացնում են, վիզաների կամ այլ հարցերին միջամտելով։ Սակայն ՀՀ քաղաքացիներն անարգել ելումուտ ունեն, եւ որեւէ խոչընդոտ այդ հարցում չկա։ Անցակետերում կանգնած ռուս զինվորները չափազանց բարեկիրթ ստուգում են փաստաթղթերը եւ բարի ճանապարհ մաղթում Արցախ մտնողներին։

Պարզապես ՀՀ քաղաքացիները սկսել են շատ քիչ այցելել Արցախ, ինչը, արցախահայության կարծիքով, շատ վատ է։ Արցախ մեկնելիս հատուկենտ մեքենաներ կարող ես տեսնել ճանապարհներին։ Արցախցիներն ասում են, որ ռուսներն էլ են ֆիքսում, թե ինչքան մարդ է գալիս Հայաստանից Արցախ, եւ երբեմն անգամ տարակուսում են, որ հայերը կամովին հրաժարվում են Արցախից, բայց ֆեյսբուքներում հայրենասիրություն են խաղում եւ Արցախի մասին լալահառաչ տեքստեր գրում։