Ռուսամետները ցնծում են, արեւմտամետները՝ սգում

Ռուսամետները ցնծում են, արեւմտամետները՝ սգում

Ռուսաստանի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի անկախության ճանաչման փաստը մեծ խանդավառություն եւ հույս է առաջացրել Արցախի քաղաքական վերնախավի մոտ։ Այստեղ վերջին շրջանում ուշիուշով հետեւում էին հյուսիսում ծավալվող իրադարձություններին՝ համարելով, որ դրանից է կախված Արցախի ճակատագիրը։ Արցախյան մեր աղբյուրներն այսպես են հիմնավորում․ եթե ՌԴ-ի դիրքերը տեղի ունեցածի հակառակ թուլանային պատերազմով, ապա ՀՀ իշխանություններն անշեղորեն շարժվելու էին դեպի Արեւմուտք, եւ Հայաստանը՝ Վրաստանի օրինակով, անցնելու էր թուրքական ազդեցության տակ, իսկ Արցախը հայտնվելու էր բախտի քմահաճույքին, երբ լրանար ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։

Պարզ է, որ Ուկրաինայում հաջողելու պարագայում Պուտինը ձեռնամուխ է լինելու նոր միութենական պետություն ձեւավորելուն, եւ ՀՀ իշխանություններն այլեւս պարտադրված են լինելու մտնել այդ միության մեջ։ Մանավանդ, որ ակնհայտ է դառնում՝ մեր ընտրությունը Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ է։ Պատահական չէ, որ Պուտինի հրամանագրի թանաքը դեռ չչորացած, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ հղեց՝ 2 հանրապետությունների ճանաչման կապակցությամբ՝ առիթը բաց չթողնելով Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անկախության ճանաչման մասին խոսելու:

«Ազգերի ինքնորոշման եւ սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար եւ հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը եւ նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության եւ մարդասիրական աղետի կանխարգելման համար: Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար եւ ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»,- ասվում է նրա ուղերձում:

Հայաստանում Լուգանսկի եւ Դոնեցկի հետ կապված զարգացումները հակասական տրամադրություններ են առաջացրել՝ ռուսամետները ցնծության մեջ են, արեւմտամետները խստորեն քննադատում են։

Ի՞նչ ազդեցություն կունենան այս զարգացումները Հայաստանի եւ Արցախի վրա։ Զրուցել ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը նկատում է՝ տեղի է ունենում աշխարհաքաղաքական նոր սահմանների գծում։ Դա տեղի է ունենալու կա՛մ Հայաստանի ու Արցախի հաշվին, կա՛մ նրանց հետ միասին․ «Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Արեւմուտքն ու Արեւելքը նոր սահման են գծում եւ ձեւավորում ազդեցության գոտիներ։ Որքան էլ խոսեն՝ ռուսները թուրքերի հետ հիմա լավ են, այդպես չէ, Թուրքիան Արեւմուտք է, Ադրբեջանը գտնվում է ծանր վիճակում, ռազմաքաղաքական լծակները գտնվում են Թուրքիայի ձեռքում, եւ Ադրբեջանը փորձում է մի քանի լարի վրա խաղալ, ռուսների հետ ինչ-որ հարաբերությունների խորացում ձեւավորել՝ փորձելով բալանսի գալ, սակայն, իմ կարծիքով, ի վերջո, կողմնորոշվելու են դեպի Թուրքիա։ Վրաստանը բավականին զուսպ դիրքորոշում բռնեց՝ թերեւս այն պատճառով, որ Արեւմուտքը, պայմանական ասած, հեռու է, իսկ Ռուսաստանը՝ մի քանի ժամվա ճանապարհ»։ Աբովյանն ընդգծում է՝ ՀՀ իշխանությունները չեն հասկանում խնդիրների խորությունը եւ վտանգավոր խաղերի մեջ են։

Նրա կարծիքով, ՌԴ-ի դիրքերի ամրապնդումը դեռեւս հույս չի ներշնչում, որ Հայաստանում ստիպված են լինելու հրաժարվել թուրք-ադրբեջանական ազդեցության հաստատումից․ «Իշխանությունները պետք է օր առաջ հրաժարվեին իրենց հորջորջած խաղաղության, իսկ որ ավելի ճիշտ է՝ կազմաքանդման դարաշրջանից, վերջ դնեն թշնամու հետ սիլի-բիլիները, հակառակ դեպքում մենք չենք կարող տեղավորվել քաղաքական այն կոնֆիգուրացիաների մեջ, որը ձեւավորվում է Արեւելք-Արեւմուտք հակամարտության հետեւանքով։ Մենք առաջին հերթին պետք է ոչ թե Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ ընտրություն կատարենք, այլ ընտրենք մեր հայկական շահը։ Այս տեսանկյունից ողջունում եմ Արցախի նախագահի հայտարարությունը»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է, որ ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը կարելի է ծառայեցնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացի օգտին․ «Որովհետեւ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ինքնավարությանը, եւ այդ առումով սա եւս մի գործիք կարող է լինել մեր արտաքին դիվանագիտության համար։ Եթե, իհարկե, այս իշխանությունները մտածում են Արցախի հարցի միջազգայնացման եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին»։ Դիտարկմանը, որ եթե 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի անկախությունը չճանաչվեց անգամ ՀՀ-ի կողմից, հիմա հիմքեր կա՞ն լավատեսության, պատգամավորն արձագանքեց․ «Ցավոք սրտի, այո, Հայաստանը ձեռքից բաց թողեց Արցախի անկախությունը ճանաչելու եզակի, բացառիկ հնարավորությունը»։ Մանուկյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիները, ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն Հայաստանում թուրքական գործոնի առկայությունը բացառելու համար․ «Ցավոք սրտի, մեր իշխանությունները հակառակ գծի մեջ են»։

ՀՀԿ-ից առայժմ հրաժարվում են այս թեմայի վերաբերյալ գնահատականներ տալուց, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանն ասաց․ «Թե ինչ ազդեցություն կունենան Հայաստանի կյանքում այդ իրադարձությունները, ես առայժմ զերծ կմնամ հարցին պատասխանելուց»։ Մեր տեղեկություններով՝ կուսակցությունում շուտով ԳՄ նիստ են հրավիրելու եւ թեման քննարկելու են Սերժ Սարգսյանի հետ։ Նշենք, սակայն, որ նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում հպանցիկ անդրադարձել էր խնդրին․ «Մենք աշխարհաքաղաքական գերլարված վիճակից չենք շահելու, մանավանդ՝ երբ մեզ տվյալ իրավիճակում ներկայացնողը այս աննամուս եւ իմպոտենտ տհասներն են։ Այս խաղը գլոբալ է, հա, ու չմոռանամ ասել, որ մի խաղադաշտն էլ մենք ենք, ու այստեղ հաստատ սովորական ֆուտբոլ չեն խաղալու։ Ուստի այդ գարեջրի շշերն ու պոպկորնը սեղաններից հավաքեք, շառից-փորձանքից հեռու… Մտնում ենք էլ ավելի տուրբուլենտ գոտի։ Օդանավի ղեկին հարբած թյուրիմացություն է։ Կապենք ամրագոտիները։ Իսկ ավելի ճիշտ՝ արագ փոխենք «օդաչուին»»։