Պիտի ևս մեկ անգամ զսպվի նշաձողի իջեցումը․ ճանապարհները բազմաթիվ են

Պիտի ևս մեկ անգամ զսպվի նշաձողի իջեցումը․ ճանապարհները բազմաթիվ են

«Անհրաժեշտ է որևէ մի լծակ, որով հերթական անգամ, ևս մեկ անգամ կզսպվի նշաձողի իջեցումը։ Ինչպես դա պետք է արվի։ Առաջին հերթին օրենսդրական ճանապարհով։

Ճանապարհները բազմաթիվ են, բայց գոնե օրենսդրական ճանապարհով պետք է լինի օրենք, որով կարգելվի էլ ավելի իջեցնել նշաձողը, վտանգել Հայաստանի անվտանգությունը։ Այս օրինագիծը դրա մասին է»։ 

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվեի» անդամ Լիկա Թումանյանը։ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում, հիշեցնենք, քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։

«Հայաքվե» նախաձեռնությանը միացած 55 հազար քաղաքացիներն ասում են՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն Արցախը, ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, պաշտպանում ենք երրորդ հանրապետության հիմնարար փաստթղթերը, այն, ինչ ըստ էության պետք է անի իշխանությունը։ Եթե չի անում իշխանությունը, ինքներս պետք է դա անենք։  Պետք է սկսել ցույց տալ, որ մենք զբաղվում ենք  քաղաքականությամբ, որովհետև դուք տապալում եք երրորդ հանրապետությունը, մենք դա չենք ուզում,  մենք դա թույլ չենք տա, մեզ համար կարևոր է Արցախը, Հայոց ցեղասպանությա ճանաչումը»,- պնդեց Թումանյանը։