Ռազմարդյունաբերական ընկերությունների եկամուտները նվազել են 

Ռազմարդյունաբերական ընկերությունների եկամուտները նվազել են 

SIPRI-ն հաղորդում է, որ ընթացիկ տարում ռազմարդյունաբերական ոլորտում աշխատող կամ ռազմական ծառայություններ մատուցող 100 խոշորագույն ընկերությունների համախառն եկամուտը նվազել է 3,5 տոկոսով եւ կազմել 597 միլիարդ դոլար, թեեւ ըստ ռեգիոնների, առկա են եւ աճի եւ անկման միտումներ։ Ըստ զեկույցի, թեեւ ռուս-ուկրաինական հակամարտությունն ու աշխարհաքաղաքական ներկայիս լարվածությունը զենքի, ռազմամթերքի եւ տարատեսակ սպառազինությունների հանդեպ պահանջարկն ավելացրել է, սակայն հատկապես եվրոպական եւ ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունները չեն կարողացել էականորեն ավելացնել իրենց արտադրական հզորությունները՝ աշխատուժի դեֆիցիտի, ծախսերի աճի եւ մատակարարումների շղթաներում ի հայտ եկող խաթարումների պատճառով։

Բացի այդ, երկրներն իրենց պատվերները կատարել են տարվա վերջին եռամսյակում, ինչը նշանակում է, որ պատվերների եւ արտադրման միջեւ ժամանակային տարբերությամբ պայմանավորված, դրանք հնարավոր չի լինի որպես ընթացիկ փուլի եկամուտ դիտարկելը։ 2021 թվականի համեմատ, 2022-ին վաճառքը նվազել է 3,5 տոկոսով։ Այսպես․ ռուսական երկու ընկերություն, որոնք ներառված են եղել վերոնշյալ զեկույցում, ունեցել են ոչ ավելի, քան 20 միլիարդ դոլարի եկամուտ։ Նվազումը նրանց դեպքում կազմել է 12 տոկոս։ Ամերիկյան 42 ընկերություն ունեցել են համախառն՝ 302 միլիարդ դոլարի եկամուտ։ Նվազումը կազմել է 7,9 տոկոս։

Ուշագրավ է այն, որ ասիական եւ Օվկիանիայում գործող ռազմա-արդյունաբերական ընկերությունների եկամուտներն ավելացել են 3,1 տոկոսով եւ կազմել 134 միլիարդ դոլար։ Եվրոպայում գործող ընկերությունների եկամուտն էլ կազմել է 121 միլիարդ դոլար։ Այստեղ էլ աճ է գրանցվել, բայց ոչ շատ մեծ՝ 0,9 տոկոս։ Զեկույցում նշվում է, որ հատկապես եկամտային աճ են ունեցել Մերձավոր Արեւելքում գտնվող ռազմարդյունաբերական ընկերությունները։ Նրանց համախառն եկամուտը կազմել է 17,9 միլիարդ դոլար, աճը կազմել է 11 տոկոս։ Ընդ որում, հատկապես աչքի են ընկել թուրքական եւ իսրայելական ընկերությունները։