Հարց տվեք մյուս ուժերին՝ ինչո՞ւ են բոյկոտում, եթե կարող ենք ընդդիմադիր քաղաքապետ ընտրել
«Հրապարակի» զրուցակիցը «Այլանս» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Հանրային ձայն» կուսակցության երկրորդ համար Տիգրան Ուրիխանյանն է:
- Պարոն Ուրիխանյան, այսօր ուղիղ եթերի ժամանակ ասացիք, որ Հայկ Մարությանը ստում է և Ձեր այստեղ չլինելու հանգամանքը, Արտակ Գալստյանի կալանավորված լինելը ոչինչ չի նշանակում: Եկեք առավել հստակ խոսենք՝ եթե Դուք և Արտակ Գալստյանը չեք մասնակցելու նիստերին, ինչպե՞ս է կարգավորվելու ձեր ավագանու մանդատների հարցը:
- Հայկ Մարությանն առավոտյան նման հայտարարություններ է արել, թե իբր՝ վերջ, սակայն ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ներկայանալ, ոչ մի ծանուցում ես չեմ ստացել հարուցված գործի հետ կապված, հետևաբար չկա նման գործ: Ինչևէ, խնդիրն այն է, որ անգամ իմ ու Արտակ Գալստյանի բացակայությունը չի խոչընդոտում քվեարկության ընթացքին: Մենք կարող ենք բացարկներ ներկայացնել, բայց Մարության Հայկն ասում է` վերջ, էլ ժամանակ չկա, ստում է, մինչև հոկտեմբերի 10-ը մենք կարող ենք բացարկ հայտնել: Նույնիսկ, եթե դա էլ չարվի, դեռ պետք է ավագանու երկրորդ նիստը տեղի ունենա, կես ամսից ավել ժամանակ կա, մենք ասում ենք` եղբայր, արի քեզ ընտրենք քաղաքապետ, ինչո՞ւ չես ուզում: Պարզ հարց է: Քաղաքի կառավարումը բաշխվելու է երեք մասի: Համաչափորեն պետք է աշխատանքային դիրքերը բաշխել: Հայկ Մարությանը գիտակցում է, որ անտրամաբանական է մեզ մերժելը, որոշեց հայտարարել նոր ընտրությունների մասին: Նոր ընտրություններ անենք որ ի՞նչ լինի, տեռորով իշխանություն վերցնե՞ն, մենք ասում ենք` ոչ, արի քեզ ընտրենք, Մարության: Նա կոալիցիոն փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել, ասում ենք` համագործակցության փաստաթուղթ, դա էլ չի ուզում:
- Գուցե պատճառն այն է, որ Վարդան Ղուկասյանը կոնկրետ պահանջներ է ներկայացրել: Ինչպես գիտենք` նա ցանկանում է մայրաքաղաքի վերահսկողական գործառույթներն իր ձեռքը վերցնել:
- Լավ, այդ ամենը մի կողմ: Երեք ուժ ենք ընտրում, այդ երեք ուժերը համաչափորեն կառավարում են Երևանը: Էդքան մի բան: Չի ուզում վերահսկողական գործառույթները մեզ տա, շատ լավ, ինչպես աշխարհում ընդունված է, եկեք այդպես էլ անենք:
- Հիմա ձեր թիմն ինչ է ուզում անել: Փաստացի դուք` երեք ուժ չեք կարողանում ընդհանուր հայտարարի գալ, իրար հետ լեզու գտնել…
- Իմ դիրքորոշումը խստագույնս տարբերվում է բոլորի դիրքորոշումից, որովհետև ես թքած ունեմ բոլոր պաշտոնների վրա, ցանկանում եմ այս իշխանություններին գլխատել պարզապես: Մենք հայտարարում ենք հետևյալը` իշխանազրկում ենք Երևան քաղաքը, Հայկ Մարությանին ընտրում ենք քաղաքապետ, բայց քաղաքը կառավարում ենք համաչափորեն: Ի վերջո` քվե բոլորս ենք ստացել, հո միայն մեկը չի ստացել: Ի՞նչ տարօրինակ բան կա այդտեղ Մարությանի համար: Մենք էլի նրան հստակ հնարավորություն ենք տալիս ՔՊ-ին իշխանությունից զրկելու համար, բայց եթե նոր ընտրություններ լինեն, ՔՊ-ն կարող է վերարտադրվել:
- Բայց փաստացի Մարությանը չի ցանկանում լսել ձեզ: Ի՞նչ եք անելու, նա մերժում է ձեզ, ձեր առաջարկները….
- Պետք է ընդդիմադիր քաղաքապետ ընտրել: Մենք կարող ենք դա անել: Իմ ու Արտակի ձայները կարող են կյանքի կոչվել` օրենքով սահմանված կարգով: Դրա համար կա ահագին ժամանակ` մոտ 20 օր:
- Եկեք ընթերցողին ավելի հասկանալի ասենք՝ եթե Դուք և Արտակ Գալստյանը չեք մասնակցում ավագանու նիստին, ինչպե՞ս են ձեր մանդատները կյանքի կոչվում:
- Ես ուղարկել եմ արդեն իմ բացարկի դիմումը վավերացման: Այսինքն` ինձ կարող էին արդեն իսկ զրկել մանդատից: Ինձանից հետո կարող է գալ հաջորդը: Մարությանն ասում է` չդիմեցին, ժամկետն ավարտվեց, բայց օրենքը շատ պարզ ասում է, որ ԿԸՀ-ում բացարկ կտրվի այն մանդատին, որի հասցեատերը չի ներկայանա: Նույնն Արտակի մասին է: Մենք դիմում կարող ենք ներկայացնել, մանդատից հրաժարվել և մեր փոխարեն կարող են հաջորդները մասնակցել:
- Այսինքն` ձեզ կարող են այլ անդամներ փոխարինել:
- Այո, դա տարբերակներից մեկն է:
- «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտում է և չի մասնակցելու ավագանու առաջին նիստին: Դուք ի՞նչ որոշում ունեք այդ մասով:
- Շատ վատ է, որ բոյկոտում են: Պետք է մասնակցել և ընդդիմադիր քաղաքապետ ընտրել: Եթե Հայկոն մտածում է, որ Տիգրան Ուրիխանյանն ու Արտակ Գալստյանը չեն մասնակցելու ընտրություններին, մենք ասում ենք` ոչ, մասնակցելու ենք, կա նաև երկրորդ նիստ: Ինչո՞ւ են ՔՊ-ին նորից շանս տալիս: Պետք է հարց հնչեցնել, ինչո՞ւ են բոյկոտում, եթե կարող ենք նոր ընդդիմադիր քաղաքապետ ընտրել:
- Դուք ե՞րբ եք պատրաստվում Հայաստան վերադառնալ:
- Երբ ցանկանամ: ՀՀ քրեական օրենսգրքում ուռոդների դեմ առնելու համար չկա որևէ հոդված: Կոչ եմ արել ուռոդների դեմն առնել, բայց դա բռնություն չէ, իմ դեմ չեն կարող մեղադրանք առաջադրել:
Կարծիքներ