Չարաչար սխալվում է Նիկոլ Փաշինյանը

Չարաչար սխալվում է Նիկոլ Փաշինյանը

Գրավոր տեքստեր կան, ժանրեր, որոնք վարչապետի մոտ այնքան էլ լավ չեն ստացվում: Խմբագրականները, քննադատական վերլուծությունները, օրինակ, էն գլխից ստացվել են: Ուրիշ խնդիր է, անշուշտ, դրանց «գույնը»՝ սպիտա՞կ էին՝ ազնիվ-մաքուր, թե՞, այնուամենայնիվ, դեղինի թեթեւ երանգի մեջ: Ոլորտի մասնագետները վերջինն են պնդում, բայց այս պարագայում դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ ավելի քան 20 տարի գրավոր խոսքում թրծված մարդը գալիս եւ ձախողվում է այնպիսի անմեղ ու հասարակ ժանրում, ինչպիսին... շնորհավորանքն է: Ձախողվում է՝ վրիպելով, օրինակ, հասցեատիրոջ առումով (Լուկաշենկոն՝ վկա), վրիպում է ժամանակի առումով (դարձյալ՝ Լուկաշենկոն վկա), երբ շտապում է շնորհավորել սովորական մի բռնապետի:

Ի դեպ, Լուկաշենկոյի «պահով» հետաքրքիր  է, որ շնորհավորանքի  «ծուղակն» ընկավ նաեւ ՀՀ բազմափորձ նախագահը: Վերջինս թեեւ միշտ աչքի է ընկել կոմերիտական օպերատիվությամբ՝ շնորհավորանքների գծով, բայց նրա այս մի օպերատիվությունն ամենեւին էլ տեղին չէր: Նրանք երկուսն էլ՝ նախագահ ու վարչապետ, պարտավոր էին կռահել ամբողջ այն դեմարշը, որ Բելառուսի բռնապետի դեմ ընտրություններից հետո  կարող էր անել Եվրոպան, Արեւմուտքը՝ ընդհանրապես: Բայց մերոնք դեպքերի այս մի զարգացումն էլ չհաշվարկեցին, եւ բանից դուրս եկավ, որ «տարածաշրջանի», ոչ՝ «աշխարհի ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը շտապ-շտապ շնորհավորում է բռնապետական կարգի վերարտադրությունը հետխորհրդային երկրներից մեկում:
Սակայն այս անդրադարձի բուն առարկան դա չէ:

Օգոստոսի 23-ը լավագույն առիթ էր, որ երբեմնի լրագրող-խմբագիր Նիկոլ Փաշինյանը մաստեր կլաս ցույց տար պաշտոնական շնորհավորական տեքստ արարելու ուղղությամբ, բայց, ավաղ, շնորհավորանքի փոխարեն ստացվել էր մի զարմանալի բան, որ նույնիսկ անուն չունի: Դա վերջին 30 տարիների հայոց անկախ պետության պատմական ակնարկն էր կամ, թերեւս, այդ պատմության խմբագրումը եւ նորովի լուսաբանումը: Բայց դա նաեւ զարմանալի տեքստ էր՝ նույն այդ պատմությունն ինքնահաճորեն աղավաղելու, անձնական շահերին հարմարեցնելու առումով:
Շնորհավորանքի տեքստից բացակայում էր թե՛ վարչապետական լայնախոհությունը, թե՛ ճշմարտությունը, թե՛ նաեւ բարոյականությունը: Երբ վարչապետ մարդը Արցախյան ազատամարտի հիշատակումից կտրուկ անցնում է «հուլիսյան հաղթական մարտերին»՝ այնքա՛ն նկատելի «անտեր» թողնելով 2016 թ. Ապրիլյան պատերազմը եւ հարյուրավոր զոհերին, հասկանում ես, որ արդեն մի բան այն չէ ոչ թե «պետական կառավարման համակարգում», ինչպես հեղինակն է տրտնջում, այլ հենց իր՝ վարչապետի «համակարգում»: Որովհետեւ չի կարելի ամեն բան փչացնել սեփական փառքի եւ բացառիկության, սեփական աննախադեպության ընդգծման համար: 

Չարաչար սխալվում է Նիկոլ Փաշինյանը, եթե մտածում է, թե հասարակ մարդը՝ նույնիսկ «պողոսական» մակարդակում, չի հասկանում իր խոսքի ենթատեքստը, չի տեսնում ամբողջ այն անձնապաստանությունը, բացառիկության մարմաջը եւ ինքնասիրահարվածությունը, որ «բուրում» է այնտեղից: Նրան ոչ ոք իրավունք չի տվել սեւացնելու հայոց  անցյալ երեսնամյա պատմությունը, չքացնելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, վիրավորելու ապրողների հիշողությունը, եթե նույնիսկ զոհերի ու վերապրողների մեջ սակավաթիվ են շքանշանակիրներն ու հերոսները: