Ապրես, Արգիշտի Քյարամյան, գերազանց

Ապրես, Արգիշտի Քյարամյան, գերազանց

Մինչեւ հիմա արձանագրում էինք, որ այս իշխանություններին ամենից շատ ծառայություններ մատուցած իրավապահը Սասուն Խաչատրյանն էր, որը հնազանդորեն կատարում էր վերեւից եկած հրահանգները, այժմ ստիպված ենք արձանագրել, որ գերագնահատել էինք Սասուն Խաչատրյանին՝ Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ծառայություն մատուցողի կոչման համար կատաղի պայքար է եւ հավակնորդների պակաս չի զգացվում։ Վերջին օրերին ընդդիմության կողմից փողոցում ծավալած պայքարը լակմուսի թուղթ էր, որ բացահայտեց, թե ինչքան ճիշտ ընտրություն է կատարել Նիկոլ Փաշինյանը՝ Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Եւ ինչքան ճիշտ է վարվել՝ Հայկ Գրիգորյանին ազատելով․ նա հաստատ այսպես սրբորեն չէր կատարի հրահանգները։

Գյումրիում մի խումբ հարբած պրովոկատորներին ծեծի ենթարկելու միջադեպը լավ առիթ հանդիսացավ, որ Քյարամյանը դրսեւորի իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին։ Բայց ծառայությունը մատուցելիս, այնուամենայնիվ, մի թեթեւ «պերեբոր» է արել Քննչականը։
Նախ, հաղորդագրություններում ներկայացրեցին, թե խեղճ պապիկները կանգնած տրանսպորտի էին սպասում՝ գազազած ընդդիմությունը իջավ մեքենաներից ու քացու տակ գցեց նրանց։ 
«2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին»,- գրված է Քննչականի հաղորդագրությունում: Ապա, չգիտես ինչու որոշել են, որ պաշտոնական հաղորդագրությունում պետք է նշեն տուժողների տարիքը․ «երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»։ 

Հարգելի Քննչական, իսկ մյուս պաշտոնական հաղորդագրություններում, որտեղ, ասենք, սպանություն կամ ավազակային հարձակում է՝ տուժողի տարիքը նշո՞ւմ եք։ Հիմա ինչո՞ւ եք որոշել, որ տուժողների տարիքը տեղավորվում է իրավական գործընթացի մեջ։ Եւ հակառակը՝ թաքցրել եք փաստերը․ ինչո՞ւ չեք նշել, որ նրանք խմած են եղել, հայհոյել են, ձվերով խփել են ու սադրել երիտասարդներին։ 

Իսկ այսօր առհասարակ Քննչական կոմիտեն գերազանցեց ինքն իրեն․ հաղորդագրությունը վերնագրել են «Հինգերորդ ձերբակալությունը՝ Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով»։ Ուռռա, 5-րդ մարդուն ենք ձերբակալել։ Հպարտանո՞ւմ եք ձերբակալություններով, թե՞ գիտեք, որ ձեր շեֆը գերագույն հաճույք է ստանում ամեն մի նոր ձերբակալությունից՝ ինչպես եղել է 2018 թվականից սկսած։ Երեւի Մարտի 1-ով իր կալանքի դիմաց է վրեժ լուծում։ Բայց եթե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հանդեպ կարող էր նման մաղձ ունենալ, այսօրվա երիտասարդներն ի՞նչ մեղք ունեն, որ ինքը ժամանակին բանտում է հայտնվել։ 
Ամեն դեպքում, Արգիշտի Քյարամյանն արդարացրել է Փաշինյանի հույսերը եւ նրա սիրելի իրավապահի կոչման արժանի հավակնորդներից է։