Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 23

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 23

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսանչորսերորդ՝ ապրիլի 23:

2018թ․ ապրիլի 23

Երեւանում եւ մարզերում հանրահավաքներ են, փակվել են բազմաթիվ փողոցներ, շրջափակված են պետական գերատեսչությունների շենքերը: Ժամը 15:30-16:00-ի հատվածում հրապարակվում է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը. «Սիրելի՛ հայրենակիցներ, դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացնողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին։ Որպես երկրի ղեկավար՝ դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին: Շնորհակալ եմ»։ 

Փողոցներում երգուպար եւ խրախճանք է: Հատուկենտ սթափության կոչեր: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարում է՝ հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել եւ զգոն լինել: Հասարակության եւ քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջեւում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելն անիմաստ կդարձնի ողջ պայքարը:
Իշխանափոխության կազմակերպիչները, սակայն, հեղափոխական էյֆորիայի մեջ են մինչ օրս: Անգամ իշխանության գալուց եւ վարչապետի աթոռին նստելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է փողոցային պայքարը՝ 2018-ի հոկտեմբերին շրջափակում է խորհրդարանը՝ պարտադրելով շուտափույթ ընտրություններ, 2019-ի մայիսին՝ դատարանները, որպես բողոքի նշան Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դեմ, 2020-ի դեկտեմբերին ուժով՝ իր համախոհներով շրջապատված գրավում է Եռաբլուրը եւ այլն:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի համախոհ Արարատ Միրզոյանն ասաց․ «Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրաված չեն լինելու»: Այսօր իշխանության մեջ են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը եւ շատ ուրիշներ:

2019թ․ ապրիլի 23

1990-95 թթ․ Գերագույն խորհրդի եւ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց գլխավոր ձեռքբերումն ընտրությունների անցկացումն է։ «Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Այն իրավիճակում, որում ձեւավորվեց նոր իշխանությունը, պետք է հնարավորություն տանք, որ իրենք իրենց սխալներն ուղղելով՝ առաջ գնան։ Սխալները շատ են, դրանք անխուսափելի են, բայց կոպիտ վրիպումներ չեմ տեսնում»,- ասաց նա, ապա ընդգրկվեց ՔՊ ցուցակում եւ դարձավ իշխանական պատգամավոր:

2020թ․ ապրիլի 23

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետական կառավարման համակարգը պետք է «Սերժի մնացորդներից» մաքրել: Նրա թիմակիցները բառախաղով խուսափում էին անուններ տալ․ «Խոսքն այն բոլոր պաշտոնյաների մասին չէ, որոնք ծառայության են անցել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ «Սերժի մնացորդը» կենսակերպ է, հոգեվիճակ, այլ ոչ թե կամայական անձ, որն աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք»:

2021թ․ ապրիլի 23

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը պարզեց, որ Սերժին եւ օլիգարխներին մերժող ուժն իշխանություն դառնալուց հետո օլիգարխների հետ աշխատում է Սերժ Սարգսյանի նման: Մասնավորաբար՝ պետական եկամուտների կոմիտեն տարածք է վարձակալում օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից: ՊԵԿ-ը տիկին Մկրտչյանից տարածք է վարձակալում 2012 թվականից եւ ամսական 6,9 միլիոն դրամ վճարում:

Արեգ Մարգարյան