Ինչպե՞ս է հնարավոր, որ ընդդիմությունը չհարգի ժողովրդավարությունը

Ինչպե՞ս է հնարավոր, որ ընդդիմությունը չհարգի ժողովրդավարությունը

Աչքիս, Հայաստանն իսկապես վերածվել է «տարածաշրջանային ժողովրդավարության փայլուն աստղի»: Եթե այդպես չլիներ, ապա հայաստանյան զարգացումների առումով կքննադատվեր առաջին հերթին իշխանությունը: Արեւմտյան երկրներն ու կառույցները կարձանագրեին, որ կարմիր ու սեւ բերետավորները բողոքավոր մարդկանց բերման ենթարկելիս անցնում են վայրագության բոլոր սահմանները: Ու դա կլիներ ճշմարտությունը եւ կհնչեր ճիշտ այնպես, ինչպես նախկինների ժամանակ:

Բայց արի ու տես, որ քննադատության թիրախը փոխվել է: Փաստորեն, խաղաղ ցույցերի ընթացքում Հայաստանի իշխանություններն ընդամենը զսպվածություն չեն ցուցաբերում: Իսկ ցուցարարները, օրինակ, զերծ չեն մնում բռնությունից եւ չեն հարգում օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը։ Այս մասին իմացա՝ ընթերցելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանությունը հայաստանյան զարգացումների վերաբերյալ: Ասում են, որ մագնիսական բեւեռը սկզբում դանդաղորեն, իսկ մեր օրերում ավելի արագորեն տեղաշարժվում է դեպի արեւելք: Ենթադրում եմ, որ դրա հետ միասին եւ դրա ազդեցությամբ տեղաշարժվում են նաեւ ժողովրդավարության գնահատման սկզբունքները:

Պատկերացնո՞ւմ եք՝ օրեր շարունակ իշխանությունը բռնություն է կիրառում, եւ դա վրիպում է հարգարժան պարոն Նեդի աչքից: Նրա աչքից վրիպում է նաեւ այն հանգամանքը, որ իշխանությունն ապարանցի, վանաձորցի եւ գյումրեցի «խեղճուկրակ» ծերունիների միջոցով սադրանքների է դիմում: Ընդ որում, դրանց ընթացքում ծերունիները դրսեւորում են ոչ թե տարիքին համապատասխան իմաստուն, այլ փողոցի խուժանի վարքագիծ: Նրանք ձվեր են նետում անցնող մեքենաների վրա եւ հայհոյանքներ են շաղ տալիս բերաններից: Ենթադրում եմ, որ դա կա՛մ վրիպել է նման մեկնաբանություն անողի աչքից, եւ կա՛մ նրան չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում իրականում: Իսկ իշխանություններն էլ, օրինակ, ընդամենը զսպվածություն չեն ցուցաբերում եւ եթե դա անեն, ապա ամեն ինչ կլինի օքեյ: Ասենք, եթե կարմիր ու սեւ բերետավորները ոչ թե վայրագությամբ, այլ քնքշորեն մարդկանց քարշ տան ասֆալտով կամ անշունչ առարկայի նման մարդկանց մեքենա խցկելիս նրանց հարգալից ժպտան: Կամ էլ կանանց նկատմամբ բռնություն կիրառելիս նրանց սիրո խոսքեր շշնջան: Այդ եւ նման դեպքերում մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի «ժողովրդավարական» իշխանությունները զսպվածություն են ցուցաբերում:

Եվ ես, չգիտես ինչու, հիշեցի 20-րդ դարի 30-ականների վերջին թեւածող ամերիկյան արտահայտությունը. «Сомоса, может быть, и сукин сын, но это наш сукин сын»: Ասում եմ «չգիտես ինչու», քանի որ պատերազմից հետո Նիկոլի իշխանությունը վաղուց արդեն վերադարձել է «հարազատ օջախ»՝ ռուսաստանյան աշխարհաքաղաքական ազդեցության գոտի: Հանուն արեւմտյան արժեքների եւ Արեւմուտքի հետ մերձեցման կատարված իշխանափոխության արդյունքում Հայաստանն այսօր ավելի ռուսամետ է, քան կար նախկիններից Սերժ Սարգսյանի օրոք: Եվ Նիկոլն ընդամենը խաղեր է տալիս Արեւմուտքի հետ՝ մինչեւ այն պահը, երբ ամբողջովին կազատվի Արցախի եւ հայաստանյան տարածքների գլխացավանքից: Իսկ դա կարող է եւ տեղի չունենալ ռուսական միջամտության շնորհիվ: Բայց ոնց որ թե դա եւս չեն նկատում եւ կամ չեն ցանկանում նկատել արեւմտյան երկրների ներկայացուցիչները:

Ինչ մնում է «խեղճուկրակ» ծերունիներին, ապա այդ սադրանքի ընթացքում օրենքի պահապան ոստիկաններն էլ բավարարվել են թամաշա անելով: Եվ դա՝ նույնիսկ այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորները ոստիկանների ղեկավարներին «ստիպել» են բացել աչքերը եւ տեսնել, թե ինչ է կատարվում իրականում: Բայց քանի որ բռնության տեսարանն անհրաժեշտ էր «տարածաշրջանային ժողովրդավարության փայլուն աստղի» իշխանությանը, ապա, բնականաբար, ոստիկաններին այլ բան չէր մնում, քան աչքի առաջ կատարվածը չտեսնելը:

Հա, քիչ մնաց մոռանայի պետդեպի խոսնակի բարձրացրած՝ օրենքի գերակայության ու ժողովրդավարության խնդիրը: Ավելի ճիշտ՝ այն հանգամանքը, թե ինչպես է հնարավոր, որ դրանք չհարգվեն ոչ թե իշխանության, այլ ընդդիմության կողմից: Չէ, եթե մեքենաներ եւ խանութներ ջարդեն ու այրեն, ինչպես հաճախ տեղի է ունենում արեւմտյան երկրներում, ապա կհասկանայի: Կհասկանայի, որ մեքենաների ու խանութների նկատմամբ բռնություն կիրառելով՝ խախտում են դրանց կամ դրանց սեփականատերերի իրավունքները: Ինչը, բնականաբար, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը չհարգելու դրսեւորում է: Բայց մեզանում ոնց որ թե ընդդիմադիրները շատ ավելի քաղաքակիրթ են ու նման քայլերի չեն դիմում: Եվ այդ դեպքում անհասկանալի է ամերիկյան պետդեպի խոսնակի մեկնաբանության այդ մասը: Կամ էլ մնում է կասկածել, որ արեւմտյան դրամաշնորհներով սնվող հասարակական կազմակերպություններն են թե՛ արեւմտյան դեսպանատներին եւ թե՛ անմիջականորեն արեւմտյան կառույցներին ապատեղեկատվություն մատակարարում: Մեկնաբանություններում էլ նշում, որ հայաստանյան ընդդիմությունը չի հարգում, օրինակ, ժողովրդավարությունը: