Նիկոլը գնում է պատերազմ

Նիկոլը գնում է պատերազմ

Ինչո՞վ էին զբաղված Արագած Ախոյանն ու Արշակ Զաքարյանը հունվարի 28-ին՝ Հանրապետության հրապարակ-ՀՀ գլխավոր դատախազություն ճանապարհին: Նրանց հետ էլ՝ երկու զույգ, մի կենտ մտավորական: Ինչո՞ւ էր Արագած Ախոյանն այդպես փրփրած քշում 17 կուսակցությունների վրա, հաթաթա տալիս, թե ո՞ւր եք, հեսա կառավարության շենքը գրավում ենք, մեզ պաշտոններ պետք չեն, եկեք վերցրեք իշխանությունը, ո՞ւր եք մտել, Նիկոլի հե՞տ եք հաշիվների մեջ… Ես պատկերացնում եմ, թե ՀՀ շարքային քաղաքացին ինչ անմոռանալի ապրումներ ունեցավ Ախոյանի այդ բղավոցներից: Անձամբ ինձ թվաց, որ Արշակ Զաքարյանն առավել համեստ էր, նրան մտահոգում էր մեկ հարց՝ դատախազն ո՞ւր է, ինչո՞ւ չի գալիս Նիկոլին ձերբակալելու:
Լսեք, տղերք՝ Արագած Ախոյան եւ Արշակ Զաքարյան, եթե մեկ անգամ էլ ձեզ տեսել եմ միավորված ընդդիմության հանրահավաքներում, հարցնելու եմ՝ ի՞նչ շահ ունեիք, որ հենց Հայոց բանակի ծննդյան օրը «կազմակերպեցիք» այդ հախուռն եւ ապուշ «միջոցառումը»: Իսկ չէի՞ք մտածում, որ ձեր այդ «ակցիային» միամիտ խալխից բացի հետեւում են նաեւ քաղաքական խարդավանքների «Ա»-ն ու «Բ»-ն իմացող մարդիկ, որոնք նույն վայրկյանին կտեղորոշեին ձեզ ու «ազգային» կոչվող ձեր չգիտեմ ինչը:

Հը՞, դատախազին գտա՞ք, պարոն Զաքարյան: Իսկ կառավարության շենք մտա՞ք, պարոն Ախոյան: Ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կարգին պատրաստություններ էր տեսել ձեզ դիմավորելու համար: Ես այդքան ոստիկան մեկ տեղում հավաքված չէի տեսել: Ձեզնից հաստատ շատ էին, չէ՞: Ու ի՞նչ տեղի ունեցավ: 17 կուսակցությունները, հասկանում ես, էնքան խելք չունեցան, որ միանային կառավարության տան գրոհին ու Նիկոլին զգեստապահարանի միջից բերեին հրապարակ՝ կախելու: Դուրս եկեք, տանը նստած ի՞նչ եք անում, տո՞ն եք նշում՝ ծղրտում էր Ախոյանն ընդդիմության ու նրա կողմնակիցների հասցեին: Չէ, պարոն Ախոյան, ընդդիմությունը Եռաբլուրում էր, եւ, առհասարակ, ոչ մի լուրջ ընդդիմություն իր առջեւ նպատակ չի դնում՝ իր շահերին ծառայեցնել որեւէ ազգային տոն կամ նշանավոր իրադարձություն:

Լավ, շատ բարդ բաների հետեւից չընկնենք, որովհետեւ առավել հետաքրքիր դեպքեր են սկսում զարգանալ: Փաշինյանն անցնում է ակտիվ գործողությունների, որոնցից մեկն էլ տեղի ունեցավ հունվարի 28-ին՝ Հանրապետության հրապարակի եւ Գլխավոր դատախազության միջեւ ընկած կարճ տարածությունում: Այդ օրը պաշտոնից ոչ մի կերպ չհրաժարվող վարչապետը գրեթե փախել էր քաղաքից՝ մեկնելով ՀՀ ՊՆ բունկեր, որտեղ հանդիպում էր բերանները կապած ինչ-որ բարձրարժեք զինվորականների հետ: Սրանք այնպես էին փաթաթվել դիմակների մեջ, որ հնարավոր չէր ճանաչել գոնե մի նորմալ գեներալի: Բայց հիմնական իրադարձությունները պետք է տեղի ունենային Հանրապետության հրապարակում: Հաշվարկը կատարվել էր այնպես, որ ընդդիմությունը հընթացս միանալու էր Արագած Ախոյանի եւ Արշակ Զաքարյանի հրահրած անկարգություններին, ու մի ծեծուջարդ էր սկսվելու, որից հետո մարտի 1-ը կարող էր թեթեւ ընդհարում համարվել: Փաշինյանի զորքը տեղում էր, Արագած Ախոյանն ու Արշակ Զաքարյանը՝ նույնպես: Չկային միայն 17 կուսակցությունները, Նիկոլը եւ գլխավոր դատախազը: Չստացվեց, Փաշինյանին չհաջողվեց ընդդիմության վզին ծայրահեղ անհաջող մի ակցիա փաթաթել, թեեւ նա ամեն ինչ հաշվարկել էր ու պայթեցրել իր առաջին ականները՝ Արագած Ախոյանին ու Արշակ Զաքարյանին: Չստացվեց, պարոն Փաշինյան: Իսկ թե ինչու՝ պատասխանը պարզ է: Վարչապետի պաշտոնում մնալու պարագայում Ձեզ մոտ այլեւս երբեք ոչինչ չի ստացվելու, որովհետեւ Դուք այլեւս գործոն չեք, Դուք ընդամենը գլխացավանք եք, որից, այսպես թե այնպես, մի գեղեցիկ օր ազատվում են:

Բայց գանք մեր հերոսներին: Արագած Ախոյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջերմեռանդ պաշտպան, հայասեր թուրքեր պեղելու եւ հայ հասարակությանը ներկայացնելու մեծ վարպետ, Թուրքիայի հայության հետ հարաբերություններում Հռոմի պապից ավելի Հռոմի պապ: Այսքանը բավական է հասկանալու համար, թե ինչպես եղավ, որ Արագած Ախոյանը վարակվեց նիկոլական հայրենասիրությամբ:

Արշակ Զաքարյան, կարելի է ասել՝ գործարար Քարվաճառից, որտեղ մի ռեստորան ուներ, որտեղ մի անգամ հաց կերավ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցի՞ք: Վարչապետը մոտ 30 հազարի հաշիվ էր փակել, իսկ նրան ՀԴՄ կտրոն չէին տվել: Փաստորեն, Փաշինյանի այդ օրվա հիստերիան էլ գեղեցիկ բեմադրություն էր: «Արշակ ջան, էս Քարվաճառը դժգույն ու դժբախտ տեղ է, կգաս Երեւան, կարգին օբյեկտներ կբացես, քաղաքական դեմք կդարձնեմ քեզ»,- հավանաբար, Արշակի տամարն է մտել Փաշինյանն ու կազմակերպել ՀԴՄ-ի խայտառակ ներկայացումը, որ կարելի է բնորոշել Խաչատուր Աբովյանի մի անմահ արտահայտությամբ՝ էշի հարսանիք: Արշակն իր առաջին քաղաքական մկրտությունն ստացավ կառավարության տան մոտ՝ հացադուլի նստելով Գեղամ Մանուկյանի եւ Կիմ Բալայանի կողքին:

Հետաքրքիր հագուկապը եւ կլորիկ գլխարկը, որի ծագումը, ճիշտն ասած, չեմ հասկանում, գրավում էին անցորդների ուշադրությունը: Ես էլ եմ մի քանի անգամ մոտեցել, ցավ հայտնել Քարվաճառի եւ սեփական ռեստորանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ, հորդորել միանալ ընդդիմության հանրահավաքներին, ինչու ոչ՝ խոսք խնդրել: Իսկ նա առիթը բաց չէր թողնում ինձ համոզելու, որ ընդդիմությունը ճիշտ քայլեր չի անում:

Եվ ահա, հունվարի 28-ին՝ Հայոց բանակի ծննդյան օրը, Արագած Ախոյանի եւ Արշակ Զաքարյանի ժամը հասավ, ու նրանք պայթեցին: Նիկոլի, իսկ ավելի ստույգ՝ Էրդողանի եւ Ալիեւի ձեռագիր: Ինչքան վատ բան կա, նրանք անում են նշանավոր օրերի, որպեսզի իրենք մնան պատմության մեջ, իսկ նշանավոր օրերը մունդռվեն իրենց արարքներով: Նիկոլն իր հաշվին արդեն 3 մունդռած օր ունի՝ գարնան առաջին օր (մարտի 1), ապրիլի 23 (ապրիլքսանչորսի նախօրյակ), մայիսի 8 (Շուշիի ազատագրման օր): Բանակի օրը լինելու էր 4-րդը, բայց, ինչպես ասացինք, չստացվեց, որովհետեւ ընդդիմությունը չտրվեց սադրանքի:

Կարող եմ նաեւ սխալված լինել Արագած Ախոյանի եւ Արշակ Զաքարյանի հարցում: Ի վերջո, այդ մարդիկ էլ անմեղության կանխավարկածից օգտվելու իրավունք ունեն: Բան չասի, բայց հունվարի 28-ին, Հայոց բանակի ծննդյան օրը, մի քանի հազար ոստիկանների առկայությամբ դատախազության շենքը, ապա՝ կառավարության նստավայրը գրոհելը, ինձ թվում է, ոչ թե անմեղության, այլ անմեղսունակության կանխավարկածի շրջանակներում դիտարկելի հարց է: