Նիկոլը տոնական օրերը վերածեց մեռելոցի

Նիկոլը տոնական օրերը վերածեց մեռելոցի

Տոնական օրերը մեր օրացույցում միշտ քիչ են եղել: Խորհրդային շրջանում մենք տոնում էինք Կրեմլի սահմանած տոները: Այդ օրերին մենք ուրախանում էինք, բայց չէինք համարում, որ մեր ազգային տոներն են: Իսկ դրանից առաջ մենք մեր եկեղեցական օրացույցում նշված օրերն ենք տոնել եւ միշտ երազել ենք ազգային ու պետական տոներ ունենալու մասին: Եվ այս երազանքն իրական դարձավ մեր նոր, վերականգնված անկախության շրջանում: Մեզ հաջողվեց երեք շատ կարեւոր օր կարմիրով նշել մեր օրացույցում՝ անկախության կերտման հենց սկզբից: Սեպտեմբերի 21-ն էր, մայիսի 9-ը եւ հունվարի 28-ը: Մեկը մեկից կարեւոր ու փառահեղ տոներ: Մենք դարերով էինք երազել բանակ ունենալու մասին մեր անպետականության ժամանակներում եւ այդ իրավունքը մենք մեզ պարգեւեցինք, նվաճեցինք մեր անկախությամբ: 

Հունվարի 28-ը շուրջ երեք տասնամյակ մեզ հպարտություն ու արժանապատվություն էր ներշնչում: Այսօր էլ ենք հպարտ մեր զինվորով ու սպայով, որ մեր ուժն են: Բայց այս տարի մեր բանակի տոնը, ձեր ներողամտությունը հայցելով գրեմ՝ վերածվեց մեռելոցի: Մենք գնացինք Եռաբլուր՝ խնկարկելու, եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդի հայացքը հառված էր Եռաբլուրին: Մենք նախորդ տարիներին էլ էինք Եռաբլուր այցելում այդ օրը, բայց այս տարի մեռելոց էր, եւ տոն չէինք զգում: Տոն, ինչպես Հեմինգուեյը կասեր, որ միշտ մեզ հետ էր: Մենք մայիսի 9-ին էլ ենք գնալու Եռաբլուր՝ մեռելոցի: Եթե մինչ այս նշում էինք Շուշին ազատագրելու օր, այսուհետ նշելու ենք Շուշին հանձնելու խնկարկման օր: Իսկ մեր թշնամին լավ գիտի այդ օրերի նշանակությունը մեզ համար եւ ամեն կերպ է փորձում նվաստացնել դրանց արժեքը: Մենք երջանիկ ենք մեր ամեն գերու վերադարձով, բայց թշնամին պատահական չէր ընտրել այդ օրը: 

Հունվարի 28-ին՝ մեր բանակի ստեղծման օրը, մեզ է վերադարձնում գերեվարված մեր տղաներից 5-ին՝ արհամարհելով, թե սա է ձեր բանակը: Մեր ուժը, որ վախ էր ներշնչում թշնամուն, այսօր նրա դեմքին դարձել է մեզ ուղղված քմծիծաղ: Մենք հույս ունենք, որ շուտով մեր բոլոր ռազմագերիներն ազատ կլինեն։ Սա է հիմա ամենակարեւորը մեզ համար, եւ ամեն վայրկյան ենք աղոթում, որ մեր տղաները ողջ ու առողջ վերադառնան: Բայց, ցավոք, եթե նրանցից մնան գերության մեջ մինչեւ մայիսի 9-ը, այդ օրը դարձյալ մի քանիսին մեզ կուղարկի թշնամին Մուրադովի միջոցով՝ այդպես ծիծաղելով Շուշիի հաղթանակը տոն հիշողներիս վրա: Իսկ սեպտեմբերի 21-ը նշելու լիարժեքություն չունենք, կորցնելով այդ երկու տոները՝ զիջել ենք նաեւ մեր անկախությունը: 

Թեպետ պատմական նշանակություն ունեցող այդ օրերը մենք չէինք նշում իրենց վայել շուքով, բայց ամեն մեկս մեր ներսում ուժ ու հպարտություն էր զգում, որ ազգային բանակ ունենք, որ Շուշի ենք ազատագրել եւ ինքնիշխան ենք: Իսկ նիկոլյան հեղափոխությունից հետո եղած ոգեւորությունն էլ մի տեսակ սառեց, նաեւ՝ մյուս տոների նկատմամբ: Երեւանի 2800-ամյակի օրը Նիկոլը Երեւանում չէր, կարող էր մեկ օր ուշ մեկնել արտասահմանյան հանդիպումների, բայց չարեց: Տոնակատարությունն էլ հիմնականում մի համերգ էր Հանրապետության հրապարակում: Երբ կլինի Մոսկվայի կլոր ամյակը, կտեսնեք, թե ռուսներն ինչ շուքով են նշելու, որովհետեւ իրենց մայրաքաղաքի եւ պետականության ուժն է: Նիկոլը չսիրեց մեր ազգային տոներն ու տոնական օրերը եւ դրանք վերածեց մեռելոցի: Փոխարենն իր տոնը սահմանեց՝ Քաղաքացու օր. նոր Հայաստան, նոր տոն: Հեղափոխությունը սրբեց տարավ՝ ինչն ուժ էր, հպարտություն եւ արժանապատվություն: Տոն էր, հիմա մեռելոց է: Կար մեր Հայաստանը, հիմա կա Նիկոլի Հայաստան. ավեր, սուգ ու մեռելոց, կորցրած ու կորչող:

Հուսիկ Արա