Եթե նպատակն ազնիվ է՝ լավ է, եթե արվում է, որ ստեղծվեն թեքումով դպրոցներ՝ վտանգավոր է

Եթե նպատակն ազնիվ է՝ լավ է, եթե արվում է, որ ստեղծվեն թեքումով դպրոցներ՝ վտանգավոր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Մոսկվայում 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն ստորագրեցին, որտեղ, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձ կա նաեւ հայ-ռուսական մշակութային, կրթական, գիտական հարցերին։ Մասնավորապես, հայտարարության 13-րդ կետում նշված է․ «Ընդգծվեց Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի Դաշնությունում հայոց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ապահովման կարեւորությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող համատեղ կրթական կազմակերպությունների եւ ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի արդյունավետության բարձրացման հաշվին»։

ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ձեւով կարող են կյանքի կոչվել այդ կետերը, եւ ինչ է նշանակում «ապահովել բարենպաստ պայմաններ» ռուսաց լեզվի համար ու հակառակը։

«Եթե ազնիվ է նպատակը եւ գրվածը, ու իսկապես ուզում են Հայաստանում ռուսերենի իմացությունն ավելացնել եւ Ռուսաստանում էլ՝ հայերենի, եթե դա իրոք տեղի ունենա, կարծում եմ՝ նորմալ է, որովհետեւ մենք ունենք ամենամեծ համայնքը Ռուսաստանում, որտեղ կարծես թե ամենօրյա հայկական դպրոցներ չկան, եւ հայերենն ամենավատ վիճակում է գտնվում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում հայերենը նահանջել է, եւ դա վստահ երեւում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների խոսքից։ Եթե ազնիվ է մոտեցումը, եւ այդ համաձայնագիրը թույլ կտա նաեւ Ռուսաստանում պահպանել հայերենը եւ ռուսական դպրոցներում կազմակերպել հայերենի ուսուցում բավարար մակարդակով՝ լավ է։ Չգիտեմ՝ իրենք ինչ են պայմանավորվել, բայց մենք այդպես պետք է ընկալենք եւ անենք։ Առանց այն էլ ռուսերենը բոլոր դպրոցներում ուսուցանվում է, եւ, ուրեմն, պետությունը թող բարձր մակարդակով այնպես կազմակերպի, որ շրջանավարտները փայլուն ռուսերեն իմանան, բայց դա չլինի հայերենի հաշվին, թող շրջանավարտները փայլուն օտար լեզու սովորեն դպրոցներում, դա շատ կարեւոր խնդիր է, որ օտար լեզվի, այդ թվում ռուսերենի ուսուցումը բավարար մակարդակի վրա լինի մեր դպրոցներում, որը միայն օգուտ կբերի։ Բայց եթե դա արվում է, որ ստեղծվեն թեքումով դպրոցներ կամ հենց ռուսական դպրոցներ հայ երեխաների համար, ապա այդ պարագայում ես վտանգ եմ տեսնում։ Եթե Ռուսաստանում կարողանան այնպես անել, որ հայաբնակ շրջաններում կամ հայահոծ համայնքներում հայերենի ուսուցում կազմակերպվի՝ բավականին բարձր մակարդակով, կամ այդ հատվածներում, որտեղ հայերը շատ են՝ ռուսական դպրոցում հայերեն ուսումնասիրեն, ապա դա լավ է, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ միշտ այդ ամենը վերաբերում է միայն մեզ։ Եթե երկուստեք է այդ ամենը, շատ լավ է, բայց եթե մենք, ինչպես միշտ, կատարողը պետք է լինենք, իսկ իրենց կողմից՝ ոչ մի բան, ապա չեմ կարծում, որ դա որեւէ բան կտա»։

Փաշինյանը եւ Պուտինը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը նաեւ ֆունդամենտալ գիտության բնագավառում համատեղ գիտաարտադրական համալիրների հիմքի վրա՝ պահանջվող բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակման շեշտադրմամբ։ «Պատրաստակամություն հայտնեցին՝ խրախուսել երկու երկրների համալսարանների, հետազոտական ինստիտուտների կապերը եւ նոր բիզնես-նախագծերը (ստարտափներ), ինչպես նաեւ նպաստել գիտության, կրթության եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված կոնգրեսների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների անցկացմանը»:                             

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասում է, որ այն, ինչ նշված է, արդեն մասամբ տեղի է ունեցել։ «Ռուսաստանի ԳԱԱ պատվիրակությունը եւ նրա նախագահը որ եկել են, մենք կնքել ենք համագործակցության ճանապարհային քարտեզ։ Մինչեւ այդ ես 2 անգամ եղել եմ այնտեղ, եւ այսօր դա մենք աստիճանաբար առաջ ենք տանում, ճիշտ է՝ իրավիճակը մի քիչ բարդացել է՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, բայց պայմանագիրը կնքելուց հետո ես նորից գնացել եմ Ռուսաստան, նայել ենք, թե որտեղ խնդիրներ կան։ Ամեն դեպքում՝ այնպիսի կետեր են ներառված, որոնք մեր 2 պետությունների համար էլ որոշակի հետաքրքրություն են ներկայացնում՝ էկոլոգիա, մեր Սեւանա լիճը, իրենց Բայկալ լիճը, նաեւ սեյսմոլոգիայի, քովիդի հետ կապված խնդիրներ, եւ աշխատանքները բավականին լավ հունով գնում էին առաջ, հիմա, հայտնի պատճառով, որոշակիորեն դանդաղեցված է համագործակցությունը։ Բացի այդ, նոր մեզ մոտ էին պատվիրակներ Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտից, նրանց հետ էլ ենք քննարկել համատեղ աշխատանքներ սկսելու, երկկողմանի ֆինանսավորում հայթայթելու հարցեր, որն ուղղված կլինի կադրերի պատրաստման խնդրին։ Եվ մի կարեւոր հարց էլ մենք բարձրացրել ենք վարչապետի մոտ, երբ ՌԴ նախագահն էր այստեղ․ դա ասպիրանտների հարցն էր, որ մեր ասպիրանտները քվոտայով գնան Ռուսաստան եւ այնտեղ ունենան այնպիսի կարգավիճակ, ինչպիսին որ Ռուսաստանի ասպիրանտներն են, որովհետեւ, հակառակ դեպքում, մի շարք բարդ ու դժվար հարցեր կան՝ հանրակացարան եւ այլն։ Այդ հարցով նույնիսկ Ռուսաստանի ակադեմիայի նախագահը խնդրել է մեր վարչապետին, որ նա էլ խոսեր Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի ընթացք տային»,-ասում է ԳԱԱ նախագահն ու հավելում, որ հայտարարության մեջ արված ձեւակերպումներն իրականում քայլեր են, որոնց իրականացման նախադրյալներն արդեն կան, արվել են։  

Հայտարարության մեջ արձանագրվել է նաեւ ««Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի, Երեւանում ռուսական գրքի տան եւ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի կողմից իրականացվող օգտակար աշխատանքը՝ մշակույթի եւ կրթության ոլորտներում շփումների սերտացման համար: Արտահայտվեցին երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված զանգվածային միջոցառումների անցկացման, մասնավորապես՝ համատեղ ցուցահանդեսների, փառատոների եւ Հայաստանի ու Ռուսաստանի առաջատար արտիստների շրջագայությունների կազմակերպման օգտին»:

Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասում է, որ այս տարի լրանում է թատրոնի 85 տարին, ինչը նշանակում է, որ թատրոնը 85 տարի շարունակ հանդիսացել է կամուրջ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ։ «Մենք ապրիլի 3-8-ը գտնվում էինք Սանկտ Պետերբուրգում՝ «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնին, եւ այնտեղ շատ լուրջ հաջողություններ ունեցանք,- ասում է տնօրենն ու նկատում, որ այդ փոխադարձ կապերը միշտ եղել են, եւ որեւէ նորություն չկա։-Ամսի 28-29-ին էլ փոխադարձ այցով գալու է Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» փառատոն թատրոնը՝ 2 ներկայացումով, որը վաղուց ծրագրված էր։ Սրանք մշակութային ծրագրեր են, որոնք կային, կան, եւ հուսով եմ՝ կլինեն միշտ, անկախ ամեն ինչից»։

Համատեղ հայտարարության մեջ նշված է նաեւ «Կրթության բնագավառում համագործակցության հարցերով երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խմբի» մասին։ Միաժամանակ նշվում է նաեւ Երեւանում հայ-ռուսական 30-ամյա բարեկամության հուշարձանի հիմքի տեղադրման մասին։ Ի՞նչ հուշարձանի մասին է խոսքը, ե՞րբ է այն տեղադրվելու, մրցույթ պե՞տք է հայտարարվի, թե՞ արդեն կա կոնկրետ նախագիծ։ Բացի այդ, երկկողմ միջգերատեսչական աշխատանքային խմբերն արդեն ձեւավորվե՞լ են, ովքե՞ր են ընդգրկված լինելու այդ խմբերում, եւ ո՞րն է լինելու այդ խմբերի անելիքը։ Ահա, այս հարցերն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարությանը, որի պատասխանները ստանալուն պես կներկայացնենք նաեւ ընթերցողին։