Իրենց գրավածները թող հետ տան, մենք էլ մեր գրավածը հետ կտանք` 31 գյուղ ունենք էնտեղ

Իրենց գրավածները թող հետ տան, մենք էլ մեր գրավածը հետ կտանք` 31 գյուղ ունենք էնտեղ
Կիրանց գյուղ

Նիկոլ Փաշինյանը Տավուշից տարածքներ «մատաղ» անելուց առաջ այցելել է Տավուշի սահմանամերձ գյուղեր: Նա այսօր եղել է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Ոսկեվան և հարակից բնակավայրերում: Դեռեւս տեսագրություն չկա, Փաշինյանին որեւէ ազատ լրատվամիջոց չի ուղեկցել, իսկ վարչապետի խոսնակը հայտարարել է, որ նյութերը ծավալուն են` կհրապարակվեն ավելի ուշ: Բնականաբար` մոնտաժվելուց հետո: 

Մեզ պատմեցին, որ տեղացիները բավականին վատ են արձագանքել Փաշինյանի «խաղաղասիրական» հայտարարություններին, իսկ վարչապետն ուղիղ տեքստով սպառնացել է տավուշցիներին` եթե կամովին չհանձնեն գյուղերը, կհանձնեն պատերազմի արդյունքում:

Հանդիպման մասնակիցներից Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Շահինյան, ի՞նչ էիք քննարկում վարչապետի հետ հանդիպմանը: Մենք տեղեկացանք, որ հիմնականում գյուղերը հանձնելու մասին է խոսքը եղել:

- Խոսել ենք սահմանազատման մասին ու հլա, որ քննարկվում է, նհե չի որ....

- Բայց կոնկրետ ի՞նչ եք քննարկել սահմանազատման մասին:

- Քննարկումը եղել ա էն մասին, որ սահմանագծով պետք ա սահմանազատում լինի: Հիմա մենք ուզում ենք, որ սահմանազատում ըլի, բայց իրանց մոմենտը` ադրբեջանցիների չգիտենք:

- Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ Տավուշի այդ չորս գյուղերն ադրբեջանական են, Դուք այս մտքի հետ հա՞շտ եք:

- Ուրեմն մենք էսպես ենք քննարկել, եթե սահմանում լիարժեք սահմանազատում չեղավ, գյուղ հանձնող չկա: 

- Սահմանազատում ասելով ի՞նչ եք հասկանում:

- Ուզում եմ մեր հողերը մեզ տան, մենք էլ իրենցը:

- Այսինքն` ավելի կոնկրետ եթե խոսենք:

- Մենք 31 գյուղ ունենք էնտեղ, թող դրանք հետ տան: Ոսկեպար հայկական գյուղ չեն տալիս, այ ցավդ տանեմ: Ոսկեպար երկու հատ կա` հայկական և ադրբեջանական: Ադրբեջանականի մասին է խոսքը, որ տան:

- Իսկ Բաղանիս-Այրումը:

- Դրանք էլ են նախկին սովետական ադրբեջանական գյուղեր:

- Հիմա դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս գյուղերը հանձնելուն:

- Սահմանազատում անենք, հետո իրենք են գալու:

- Այսի՞նքն:

- Եթե մենք մեր Բերքաբերի 800 հեկտար հողերը վերցնենք, թող էսօր էլ կյան, էգուց էլ կյան, երբ ուզըմ են թող կյան:

- Գան Հայաստան ի՞նչ անեն:

- Կյան կյլուխներնուն տնեն ոտներիս տակ, ինչ անեն:

- Բայց եթե գյուղերը չհանձնեն, ինչո՞ւ պետք է Հայաստան գան:

- Եթե մենք մեր հողերը վերցնում ենք, չտա՞նք իրենցը:

- Վստա՞հ եք, որ հայկական կողմը հող է վերցնում: Մինչ օրս մենք անընդհատ տվել ենք, դրա դիմաց ոչինչ չենք ստացել: Ի դեպ, եթե այդ գյուղերը հանձնվեն թշնամուն Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհն անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ:

- Ախպեր, գիտենք, շատ լավ էլ գիտենք, էստեղ ենք ապրում, լավ էլ գիտենք: Եթե երկու մետր շրջանցման հարց կլինի, դա պրոբլեմ չի:

- Երկու մետր շրջանցում չի, այդ դեպքում նոր ճանապարհ պետք է կառուցվի: Վարչապետին ձեր կարծիքը հայտնեցի՞ք:

- Ինչ Ձեզ հետ խոսում եմ, նույնն էլ իր հետ ենք խոսել:

- Մարդիկ ի՞նչ տրամադրություններ ունեն այս մասով:

- Եթե նրանք իրենց գրավածները հետ տան, մենք էլ մերը հետ կտանք:

- Բայց Ադրբեջանը չի ցանկանում ոչինչ հետ տալ: Փաշինյանը չասա՞ց այդ մասին:

- Մենք այդ հարցը քննարկել ենք Փաշինյանի հետ, չի տա հետ, մենք էլ չենք տա, կռիվ ա ուզում, կռիվ կանենք, առանց որևէ մի պրոբլեմի:

- Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը պատերազմով է վախեցրել:

- Դե Փաշինյանը չի ուզում, որ կռիվ սկսվի, ուզում է խաղաղ վիճակով ամեն ինչ լինի, բայց Ադրբեջանն արդյո՞ք կռվի ա պատրաստվում, թե՞ խաղաղության: Ինքը դա էլ է մտածում:

- Իսկ եթե սահմանազատում լինի, ճանապարհներն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ ի՞նչ պետք է անեք:

- Ո՞նց ա է իրենց վերահսկողության տակ անցնելու: Հենց էս պահին էլ իրենք նենց դիրքերի վրա են, որ կարան կրակեն էլ, վերահսկեն էլ, նենց չի որ.... մեր հողերը տալու դեպքում  մենք ավելի մեծ դիրքում ենք լինելու, քան իրենք: Ոնց որ գան ու «կոլցոյի» մեջ մտնեն: Կոթիի ու Բերքաբերի հողերը կմիանան իրար էդ դեպքում: Մենք երազել ենք, որ անցնենք էդ Փատասարի հետևը, պրոբլեմ չկա, գլուխները դնելու են ոտքներիս տակ:

- Փաշինյանի բոլոր ասածների հետ համամի՞տ էիք:

- Ժողովուրդը ոնց ասի, նա էլ անելու է: Ժողովրդի ասածով ա:

- Այսինքն` ժողովուրդը համաձա՞յն է հողեր տալուն:

- Հող չենք հանձնում: Ասում եմ` մենք նրանցը տանք, իրանք էլ մերը: Ես չեմ հասկանում, էս երկրին խաղաղություն պե՞տք չի: