Բանտարկված նախկին նախագահը՝ վարչապետի թեկնածու՞

Բանտարկված նախկին նախագահը՝ վարչապետի թեկնածու՞

Ներկայում օտարերկրացիները Վրաստանում քվեարկելու իրավունք չունեն, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, որի խոսքերը մեջբերում է «Georgia.Online»-ը։ 

Այսպես է նա արձագանքել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության՝ իր հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին 2024 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրելու ծրագրերին։
«Այն հարցը, թե արդյոք մեկ այլ երկրի քաղաքացի պետք է դառնա Վրաստանի վարչապետ և զբաղվի քաղաքականությամբ, իսկապես հումորային է։ Այս ձևով չի կարող տեղի ունենալ օտար պետության քաղաքացու մասնակցությունը վրացական քաղաքականությանը։ Նրան անհրաժեշտ է Վրաստանի քաղաքացիություն»,- պարզաբանել է Բրեգաձեն:

Նրա խոսքով, Սաակաշվիլին ներկայումս չունի հանրապետության քաղաքացիություն, հետևաբար չի կարող մասնակցել պետության քաղաքականությանը։ 

Միաժամանակ, վրաց նախարարը տարակուսելի և ցավալի է համարել այն փաստը, որ երկրի նախկին գերագույն գլխավոր հրամանատարը (Սաակաշվիլին-խմբ․) հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և ընդունել օտարերկրյա պետության քաղաքացիությունը։