Ինչ է ամրագրված Անկախության հռչակագրով

Ինչ է ամրագրված Անկախության հռչակագրով

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով կայացավ նրա ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Նախօրոք Պուտինը նշել է՝ զրույցի թիվ մեկ խնդիրը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության ասելով՝ պետք է քննարկվեր, մասնավորապես, ԼՂ հայերի՝ իրենց բնակության վայրեր հնարավոր վերադարձի հարցը։ Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը զրույցի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում չկար Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ենթադրելի է, որ այդ հարցը ոչ թե չի քննարկվել, այլ դրա քննարկումն Իլհամին դուր չի եկել:

Թերեւս, ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական հակահարձակման («կոնտրնաստուպի») տապալումը եւ ռազմաճակատի արեւելյան հատվածում (Ավդեեւկա քաղաքի մոտ) ռուսական կողմի հաջողությունն արդեն թույլ են տալիս Պուտինին՝ Իլհամի հետ խոսելու ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Սակայն արցախցիների համատարած (համարյա) փախուստից հետո այդ խնդիրը պետք է որ վերանար: Եվ ինչպես դրանից հետո էր ասվում՝ ռուսական խաղաղապահ զորաջոկատը պետք է դուրս գար Արցախի տարածքից: Բայց գուցե պատերազմում ռուսական կողմի որոշ հաջողությունները Ռուսաստանին ավելի վստահ են դարձնում մեր տարածաշրջանում: Եվ նա արդեն չի ցանկանում հեռանալ Արցախից: Փորձում է չկրկնել 100 տարի առաջվա կատարվածը. երբ սկզբում խայտառակ կերպով հեռացավ, իսկ այնուհետեւ վերադարձավ տարածաշրջան:

Եվ այդ պատճառով է Պուտինի կողմից նախաձեռնվել հանդիպումն Իլհամի հետ: Ու հենց այդ պատճառով է ընտրվել նաեւ արցախցիների վերադարձի հարցը: Ինչը, բնականաբար, դուր չի եկել Իլհամին: Զարմանալիորեն, ռուսական արտաքին քաղաքական շահը որերորդ անգամ համընկնում է ֆրանսիական քաղաքական շահի հետ: Ինչի արտահայտությունն է Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը: Ֆրանսիան, ըստ դրա, կնախաձեռնի արցախահայերի` հայրենիք վերադարձի շուրջ բանաձեւի քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շրջանակում: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «Ադրբեջանը ծրագրել եւ կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անարձագանք մնալ»։

Ադրբեջանը եւ անձնապես Իլհամի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններ կրկին են հնչել: Բայց դրանք, ինչպես իրավացիորեն նկատել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «ընդամենը էմոցիոնալ բարոյական հարթության մեջ գտնվող մակուլատուրա են՝ թղթային աղբ, որոնց արժեքը ոչինչ է»: Սակայն տիկին Կոլոննայի դատապարտող հայտարարությունը մի փոքր շեղում ունի այդ «կանոնից». այն միտված է ՄԱԿ-ում քննարկում կազմակերպելուն, ինչը, նախ, խնդիրներ է ստեղծելու Իլհամի համար: Եվ երկրորդ․ այդ քայլով ուժեղացնում է Պուտինի դիրքորոշումն արցախցիների վերադարձի առումով: Բայց չեմ կարող չնշել, որ դա ընդամենը ծառայելու է Պուտին-Ալիեւ քաղաքական առեւտրին եւ մեզ ոչինչ չի տալու: Նույնիսկ հաշվի առնելով, որ տիկին Կոլոննայի առաջարկությունը որքան էլ համընկնում, նույնքան էլ մրցակցություն է ստեղծելու այն հարցում, թե որ տանիքի (արեւմտյան կամ ռուսական) ներքո են հավաքվելու արցախցիները: Բայց ես կարծում եմ, որ ոչ մի ադեկվատ անձնավորություն չի վերադառնա մինչեւ այն պահը, քանի դեռ ՀՀ վարչապետի պաշտոնից  չի հեռացվել Նիկոլը: Քանի որ միայն այդ դեպքում Արցախի թիկունքին նորից կլինի Հայաստանը: Այն, ինչ ամրագրված է Անկախության հռչակագրով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ: Եվ Արցախի թիկունքին լինելը պայմանավորված չի լինելու աշխարհաքաղաքական շահերով: