Հայաստանում ապրող «կաթոլիկների», «Մանթաշյանց ասպետի» և «Ոսկե ծիրանի» մասին

Հայաստանում ապրող «կաթոլիկների», «Մանթաշյանց ասպետի» և «Ոսկե ծիրանի» մասին

Հուլիսի 7-14-ը Երեւանում անցկացվեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, բայց փառատոնի ծրագիրը, ֆիլմերը, հյուրերն ու վարպետաց դասերը հենց ամենասկզբում մնացին ստվերում, որովհետեւ հասարակության մի որոշակի խավ չընդունեց փառատոնի կողմից Սամվել Ալեքսանյանին «Մանթաշյանց ասպետ» մեդալով պարգեւատրելու փաստը։ Ոչ միայն չընդունեց, այլեւ ամոթանքներ, փառատոնը բոյկոտելու կոչեր հնչեցին, թե ինչպես կարելի է «Լֆիկին» պարգեւատրել ասպետի կոչումով՝ այն բանի դիմաց, ինչ է թե օգնել է փառատոնին։ 

Հռոմի պապից առավել կաթոլիկներն այս օրերին գրեցին, որ Սամվել Ալեքսանյանի փողը վատ հոտ ունի, որովհետեւ նա Արարատյան դաշտի ծիրանի այգիները չորացնում է եւ այդ փողով հովանավորում «Ոսկե ծիրան» փառատոնը: Իսկ, կներեք, ո՞ր մի գործարարի փողից է լավ հոտ գալիս, Ռուբեն Վարդանյանի՞, ով մի կողմից «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունն է անում, մյուս կողմից փորձում Ամուլսարի ոսկու հանքը շահագործել, թե՞ Գագիկ Ծառուկյանի եւ Արա Աբրահամյանի, ովքեր սպորտին ու գրականությանը բարի աչքով են նայում։ Ի վերջո, այդ նույն Սամվել Ալեքսանյանի գումարներով չէ՞ նաեւ առաջին տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը գործունեություն ծավալում՝ հանդիսավոր ձեւով հովանավորելով արվեստի այս կամ այն ոլորտը։ Միայն մի տարբերությամբ, որ այս դեպքում փիառվում է ոչ թե «Մանթաշյանց ասպետը», այլ առաջին տիկինը։ Այսինքն՝ «Իմ քայլը» հիմնադրամին կարելի է, իսկ «Ոսկե ծիրան» փառատոնին՝ ո՞չ, այն դեպքում, որ Ս․ Ալեքսանյանը հովանավորել է ոչ թե հարկադրաբար կամ «վերեւների» ցուցումով, այլ՝ ինքնակամ (ինչպես հայտարարեցին փառատոնի կազմակերպիչները)։ Ասել է թե՝ անգամ Ալեքսանյանի նման գործարարն է հասկացել, որ մշակույթի կողքին կանգնելը, մշակույթին օգնելը պատիվ ու հարգանք է բերում, ուրեմն ինչո՞ւ չխրախուսել նրան «Մանթաշյանց» ասպետի մեդալով, ձեւավորել մշակույթ ու նախադեպ նաեւ մյուս ալեքսանյանների համար, հնարավորություն տալ արվեստին ու մշակույթին հովանավորելով՝ փոքրիշատե մաքրագործվել։  

Վերջին հաշվով, ո՞վ պետք է օգնի մշակույթին, եթե պետությունը տարեցտարի պակասեցնում է մշակույթին, այս դեպքում՝ «Ոսկե ծիրան» փառատոնին տրվող գումարները եւ դրանով ակամայից կասկածի տակ դնում փառատոնի լինելու փաստը, որը տարիներ շարունակ կատարել է մի ողջ նախարարության գործառույթ, ստեղծել միջավայր, ճանապարհ հարթել երիտասարդների համար, գովազդել Հայաստանն աշխարհի առաջատար ԶԼՄ-ներով, խթանել մշակութային զբոսաշրջությունը, հայ հանդիսատեսին ներկայացրել Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի եւ այլ առաջնակարգ փառատոների լավագույն ֆիլմերը՝ ծիրանը դարձնելով աշխարհում ճանաչելի բրենդ։    

Նշենք նաեւ, որ մշակույթի նախարարությունն այս տարի փառատոնին հատկացրել էր 30 մլն դրամ՝ նախկինում տրվող 50 մլն-ի փոխարեն, այն դեպքում, որ պետությունը փառատոնին հատկացված գումարի կրկնակի, եռակի չափով ավել գումարներ է հատկացրել մի շարք կինոնախագծերի եւ կինոգործիչների, որոնք յուրացրել են պետության գումարն ու դրա դիմաց ոչինչ չեն ստեղծել։ Մեկ այլ օրինակ, երբ փառատոնին տրվող գումարի քառապատիկի չափով հատկացվում է մի տոնի, որն այդպես էլ քաղաքացու համար տոն չի դառնում եւ մի օրում մսխվում-գնում է։  Նոր իշխանությունների թավիշը կարծես ոչնչով չի տարբերվում հին իշխանությունների գաղջից։ Քննադատում եւ ամոթանքներ են տալիս նրանք, ովքեր առաջինը պետք է լռեին եւ հարկատուների փողերի մասին հիշեին։   

Քննադատության հաջորդ ալիքը ԼԳԲՏ համայնքի մասին պատմող մի քանի ֆիլմերի ներառումն էր փառատոնի ծրագրի մեջ, որը կինոթատրոն գնացած քաղաքագետի կողմից որակվեց «բռնություն ու այլասերության քարոզ»։ Ես չգիտեմ եւ չեմ հասցրել տեսնել, թե փառատոնի այդ որ ֆիլմերն են բռնություն եւ այլասերություն քարոզել, ուստի չեմ կարող կարծիք հայտնել դրանց գեղագիտական եւ կինեմատոգրաֆիկ արժանիքների մասին, բայց հաստատ կարող եմ ասել, որ հայաստանյան հեռուստաեթերում տարիներ շարունակ հայոց լեզվի աղավաղման, բռնության, գողական բարքերի քարոզը հետեւողականորեն ամեն օր շարունակվում է, եւ որին մասնակից ես դառնում նույնիսկ քո կամքից անկախ։ Ի դեպ, բռնության մշակույթը եթերից քարոզող սցենարիստ Դիանա Գրիգորյանին ոչ թե «Ոսկե ծիրանը» պարգեւատրեց Մովսես Խորենացու մեդալով, այլ պետությունը՝ ի դեմս ՀՀ նախագահի, ում փառքին անգամ «Մանթաշյանց ասպետը» կնախանձեր։  

Երեկ պարզվեց նաեւ, որ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրան» մրցանակի արժանացած եւ տրանսգենդերի մասին պատմող Ռատի Ցիտելաձեի «Հասարակության գերին» ֆիլմը ստիպել է հայտնի մուլտիպլիկատորին, ով տարիներ շարունակ պետությունից ստացել է ոլորտի ֆինանսավորման առյուծի բաժինը, Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում գրել, քանի որ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են «գեյ համայնքի» մասին նկարահանված ֆիլմեր։ Զարմանալի է, թե ինչպես մինչեւ հիմա չեն հնչել Փարաջանովի կամ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ցանկացած այլ արվեստագետի ժառանգությունն այրելու կոչեր, հատկապես եթե սկսում ենք արվեստի այս կամ այն գործը գնահատել ու գրաքննել ավանդապաշտության դիրքերից։ Ստացվում է՝ մարդիկ ոչ միայն չեն ուզում տոլերանտություն ցուցաբերել հասարակության բոլոր շերտերի հանդեպ, այլ նաեւ ջայլամի քաղաքականություն են վարում ու աչք են փակում մի իրողության վրա, որը կա եւ գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում։ Հետաքրքիր է նաեւ, թե փառատոնի շրջանակներում քանի հոգի ներկա գտնվեց լեհ ռեժիսոր Յադվիգա Նովակովսկայի՝ Արցախին նվիրված «Պատերազմի եւ խաղաղության երկիր» ֆիլմի երեւանյան պրեմիերային, որը լեհական հեռուստատեսության առաջին կինեմատոգրաֆիկ անդրադարձն է Արցախին։ Այս ֆիլմը նույնպես փառատոնի ծրագրում է եղել։  

Ինչ խոսք, սա չի նշանակում, թե փառատոնն անցել է հարթ, եւ չեն եղել թերացումներ, բացթողումներ՝ կազմակերպչական, թե տեխնիկական բնույթի։ 15 տարի շարունակ «Մոսկվա» կինոթատրոնի միկրոֆոնները չեն աշխատում, չկա նորմալ ձայն, մի հանգամանք, որի պատճառով փառատոնի փակումը գրեթե տապալվեց, որովհետեւ հանդիսատեսը չէր լսում, թե ում են հանձնվում մրցանակները, եւ ինչ է կատարվում բեմում։ Ֆիլմերի տիտրերի, ձայնային տեխնիկայի խնդիրները պետք է որ այս տարիների ընթացքում լուծված լինեին, պետք էր եւ կարելի էր նաեւ փառատոնի մասին պատմող տեսանյութն ավելի բարձր մակարդակով պատրաստել, որը ցուցադրվեց բացման արարողության ժամանակ։ Այդուհանդերձ, սրանք դետալներ են, որոնք կարելի է շտկել, եթե կա ցանկություն եւ հոգատարություն կինոյի ու ընդհանրապես՝ մշակույթի հանդեպ։